Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ ձեր ցավը տանեմ, կարո՞ղ ա մենք պարապ ենք». Էդմոն Մարուքյանը՝ Չարենցավանում

Նոյեմբեր 29,2018 15:45

«Խոսակցություններ կան. ասում են՝ այս խորհրդարանը, որը դեռ նոր պիտի ընտրենք, երկար կյանք չի ունենա: Այ ձեր ցավը տանեմ, կարող ա՞ մենք պարապ ենք, անընդհատ ընտրությունների մասնակցենք»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) քարոզարշավի շրջանակներում Չարենցավանի կինոյի տան մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ այս ցնցումները ՀՀ-ին պետք չեն ու հավաստիացրեց՝ մարդիկ հոգնել են ցնցումներից, ուզում են կայուն, զարգացող, աշխատող պետական կառավարման համակարգ: Էդմոն Մարուքյանը հավելեց. «Պետական այնպիսի համակարգ պիտի լինի, որ մարդուն օգնի: Այսօր պետությունը մարդուց հեռացած է: Մարդիկ գալիս, ասում են՝ մի պեչատ դնելու համար մի քաղաքից մյուս քաղաք պիտի գնանք, ո՞նց կարող է պետությունն այդքան անտարբեր լինել մարդկանց նկատմամբ»:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ ընտրելով Լուսավոր Հայաստանին, խորհրդարանում ունենալու եք երկրորդ քաղաքական միավորը:

Հրազդանում Էդմոն Մարուքյանը հստակեցրեց՝ իրենք ինչ նկատի ունեն արևմտյան արժեքներ ասելով, քանի որ շատ հաճախ իրեն համարում են արևմտյան արժեքներ կրող քաղաքական գործիչ. «Երբ ասում ենք արևմտյան արժեքներ, խոսքը ժողովրդավարության, մարդու իրավունքների, անհատի իրավունքների վրա խարսխված այն համակարգն ու հիմնարար իրավունքներն են, որոնց համար մեր համաքաղաքացիները գնում են այլ երկրներ լավ կյանքի հետևից»:

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենք լինելու են երկրորդ քաղաքական ուժը. «Հեղափոխության արդյունքներով և կանոնի համաձայն՝ այն ուժը, որն իրականացնում է հեղափոխությունը, ստանձնում է ամբողջ իշխանությունը և պատասխանատվությունը: Իշխանության հարցը լուծված է: Հարց կա, թե դեկտեմբերի իննին ո՞ր ուժերն են, որ լինելու են մյուս ուժերը: Իշխանությունը չի կարող առանց առողջ ուժերի, քաղաքական համակարգի մյուս բաղկացուցիչների երկիրը շարժել առաջ»:

Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց՝ ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ արժանի ենք երկրորդ քաղաքական ուժը լինելու. «Լուսավոր Հայաստան»-ը չի պատրաստվում լինել արհեստական կոալիցիաների անդամ, որտեղ որևէ դերակատարություն չի ունենալու: Մարդիկ ասում են՝ բայց դուք պաշտպանել եք հեղափոխության արժեքները, բա ի՞նչ եք անելու, ես պատասխանում եմ՝ այո, աջակցում ենք ՀՀ պետական շինարարության գործին: Մենք պետք է լինենք այն ուժը, որը կլինի հակակշիռ իր գաղափարներով, մոտեցումներով, կհակադրվի և գաղափարական բախումների արդյունքում կծնվեն նոր, լուսավոր նախաձեռնություններ»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք կողմ են տնտեսության ազատականացմանը. հարկային նոր օրենսդրություն պետք է մտցվի, մարդկանց պիտի թողնեն՝ շունչ քաշեն, որ չընկնեն տանը երկու հատ կարկանդակ թխող, սուպերմարկետում վաճառողի հետևից, որը հազիվ իր գլուխն է պահում:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ եթե ուզում եք ձեր խնդիրները փուլ առ փուլ լուծվեն, պետք է ունենաք ձեր պարկեշտ ներկայացուցիչները: Հետո էլ հավելեց. «Մենք արդեն ցույց ենք տվել, որ մենք այդպիսին ենք: Մեզ ստուգելու, թեստավորելու խնդիր դուք չունեք, պետք է աջակցեք, որ մեր թիվը շատանա, մեր որակն ավելի մեծ թվով գնա խորհրդարան»:

Մարուքյանը հիշեցրեց՝ ՀՀ-ում ամեն ինչ արվել է, որ մարդը կռացած, կզած մնա, լավ չապրի, որ 10 հազարով գնա, ընտրի:

Հաջորդ կանգառը Գավառն էր: Գավառի բնակիչները մի շարք հարցեր բարձրացրին Էդմոն Մարուքյանի առաջ, այդ թվում այնպիսիք, որոնք իրենց ձևակերպմամբ՝ «Սերժի ժամանակ չեն արել»: Մի մարդ էլ իր առողջական խնդիրները բարձրացրեց: Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ դիմե՞լ է առողջապահության նախարարին, ասաց, թե նրան պետք է կախեն: Էդմոն Մարուքյանը հստակեցրեց՝  նոր նախարարի մասին է խոսքը, նրան դիմե՞լ է, տղամարդն ասաց, թե նորին էլ է դիմել,  Նիկոլ Փաշինյանին էլ, բայց հարցը չի լուծվել: Մարուքյանը խոստացավ  հարցը բարձրացնել: Մյուսները բարձրացրին ավանդների վերադարձի խնդիրը: Մարուքյանը հիշեցրեց՝ որպես անկախ պատգամավոր ինքն առաջինն է խորհրդարանում այդ հարցը բարձրացրել, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որ ավանդները վերադարձվեն ժառանգներին, ինչը մերժվել է: Հիմա եթե անցնի խորհրդարան, պատրաստվում է նորից այդ հարցը բարձրացնել: Մարուքյանը նաև վստահեցրեց՝ զոհվածների ընտանիքները հատուկ ուշադրության են արժանանալու:

ԼՀԿ-ն քարոզարշավի շրջանակներում այսօր կլինի նաև Մարտունիում և Վարդենիսում: Իսկ կուսակցության մյուս քարոզչական խումբը՝ Մանե Թանդիլյանի և Գևորգ Գորգիսյանի գլխավորությամբ, հանդիպումներ է անցկացնում Երևանի վարչական շրջաններում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930