Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Ցեղասպանության ճանաչման հարցը ազդում հայ-իսրայելյան հարաբերությունների վրա

Նոյեմբեր 29,2018 14:48

Ներկայացնում ենք Իսրայելական «Մաարիվ» թերթում տպագրված հոդվածի հայերեն թարգմանությունը:

Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձավ այս խնդրահարույց հարցին՝ ասելով. «Հենց դո՛ւք պետք է հասկանաք մեզ, որովհետև դուք էլ եք ցեղասպանության ենթարկվել»: Եվ կա արդյո՞ք հնարավորություն, որ Երուսաղեմում հայկական դեսպանություն բացվի:

Հայերը շատ հպարտ են իրենց փոքր երկրով, հինավուրց քաղաքակրթությամբ և պատմությամբ, որոնք բազմաթիվ սերունդներ են վերապրել: Ամեն մի պատեհ առիթով նրանք ասում են, թե որքան են իրար նման Հայաստանն ու Իսրայելը: Նրանք կօգտագործեն ամեն առիթ, որպեսզի պատմեն, թե ինչպիսի ահավոր ջարդի են նրանք ենթարկվել, և որ բազում նոր երկրներ պետք է դատապարտեն այդ ցեղասպանությունը՝ միանալով այն երկրներին, որոնք արդեն դա արել են: Նանա Մկրտչյանը՝ դեպի Իսրայել իրականացվող թռիչքների համար պատասխանատու զբոսաշրջային ընկերության տնօրենը, պատմում է, թե ինչքան նրանք հիասթափված էին, երբ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը նախօրեին չեղարկվեց: «Դուք պետք է լինեք առաջինը, ով կհասկանա մեզ», ասում է նա:

Հայաստանը շատերի կողմից ընկալվում է որպես թույլ ենթակառուցվածքով աղքատ երկիր: Իսկապես, այցելուն կհայտնաբերի, որ արագընթաց ավտոճանապարհներ դժվար է գտնել, գազային խողովակները հատում են մարզային ճանապարհները, որոնցով երբեմն նաև խաղաղ կերպով կովեր են անցնում: Կարելի է տեսնել տարեց կանանց, ովքեր տեղական լավաշ են թխում: Ուտելիքը պարզունակ է և շատ տարրական: Գները շատ ցածր են, իսկ անգլերեն խոսողների դժվար է գտնել: Այդուհանդերձ շքեղ հյուրանոցները Երևանում հուշում են, որ զբոսաշրջությունը վերելք է ապրում՝ իր հետ բերելով օտար դրամ և հույս՝ չնայած հակամարտությանը երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թվում է թե հարաբերություններն Իսրայելի հետ, որոնք ակտիվացան Իսրայելի հետ օդային կապ հաստատվելուց հետո, նույնպես դրական կազդեն երկրի զբոսաշրջության վրա:

«Մենք ունենք հրեաներին նման լինելու ուժեղ զգացում, և ինչպես դուք՝ մենք էլ ենք տարբերվում մեր հարևաններից», ասում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Մաարիվ»-ին տված հարցազրույցում: «Մենք ունենք շատ երկար պատմություն, հարուստ փորձ: Մեր ինքնությունը վերապրել է՝ ի հեճուկս բազում արգելքների, մենք դուրս ենք եկել բազմաթիվ պատերազմներից, ներխուժումներից, մենք գիտենք ինչպես հարմարվել այլ մշակույթներին»:

Ի՞նչ եք կարծում Քնեսեթում Հայոց ցեղասպանության քվեարկության չեղարկման մասին:

Քվեարկությունը չի վերաբերում միայն սպանություններին, դա բարոյական երևույթ է: 1,5 միլիոն հայ է կոտորվել: Իմ նախնիները կոտորածների վերապրողներ էին, ովքեր ապաստան էին գտել Թբիլիսիում: Մենք գիտենք, որ քվեարկությունը խաղաթուղթ է ձեր ձեռքում Թուրքիայի դեմ, և դա շատ ցավալի է:

 

Հակամարտության քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հարավային Կովկասում, Եվրասիայում՝ Սև և Կասպից ծովերի մեջտեղը: Չնայած իր աշխարհագրական դիրքին՝ Հայաստանը պատմականորեն և քաղաքականորեն կապված է եվրոպական պետությունների հետ: Առաջին աշխարհամարտի օրերին հայերը պրոբլեմի վերածվեցին թուրքերի համար, քանի որ անկախության էին ձգտում և բացեիբաց աջակցում էին ռուսներին, ովքեր Կովկասից ներխուժել էին Թուրքիա: Հայերը, ովքեր ձգտում էին ազատագրել իրենց երկիրը, զբաղեցնում էին մի տարածք, որն օտար ներխուժման վտանգի տակ էր: Հետևանքում, 1915 թ. օսմանյան կառավարությունը որոշեց տարհանել Անատոլիայի հայ բնակչությունը, սակայն պատերազմի ընթացքում, 1915-18 թթ., հայերը թուրքերի կողմից ենթարկվեցին հետևողական ցեղասպանության, որի ընթացքում սպանվեց 600,000-ից մինչև 1,5 մլն մարդ: Դրանից հետո այդ կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հայերի պահանջը դարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև լարվածության կիզակետը:

1991 թ.՝ Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանն անկախություն ստացավ, սակայն պատմական Հայաստանի տարածքի մեծ մասը մնաց Թուրքիայի հսկողության տակ: 1992 թվականից Հայաստանի և Իսրայելի միջև գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ: Երկու երկրների հարաբերությունների համար ֆոն են ծառայում նմանությունները հայ և հրեա ժողովուրդների միջև, այդ թվում սփռվածությունն աշխարհով մեկ, համեմատաբար փոքր թիվը, ինքնուրույն ազգային պետություն ունենալու բազմադարյա ձգտումը, այն, որ երկու երկրները հիմնականում շրջապատված են մահմեդական երկրներով: Երկուսն էլ լոբբիստական գործունեություն են ծավալում Միացյալ Նահանգներում և երկուսն էլ ստիպված են դիմագրավել անցյալի թողած տրավմաներին: Այդուհանդերձ, չնայած նմանությունների, հարաբերությունները մեր և հայերի միջև դեռ մանկական բարուրների մեջ են: Դա պայմանավորված է նաև հայերի հակամարտությամբ թուրքերի և ադրբեջանցիների հետ, որոնց հետ Իսրայելը կարևոր շահեր ունի:

«Մեր հարաբերություններում գոյություն ունի պատկառելի ներուժ, որը մենք չենք գործածում», ասում է Զ. Մնացականյանը: «Մենք տալու և ստանալու շատ բան ունենք գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության՝ հատկապես իննովացիոն կրթության ոլորտներում: Մենք դրանք ներդնում ենք ամենավաղ տարիքից: Մենք շարժական հավելվածներ ենք ստեղծում, որոնք միլիոնավոր օգտատերեր են ներբեռնել: Ես հուսով եմ այցելել Իսրայել քաջալերելու բանակցություններն ու համաձայնագրերը, ստեղծելու մի հարթակ, որում փորձագետները կկարողանան համագործակցել»:

Ի՞նչ կասեք երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին:

Հայաստանը մտահոգված է իր անվտանգության խնդիրներով, և մենք նաև մեծ պրոբլեմ ունենք՝ Լեռնային Ղարաբաղը (անկլավ Ադրբեջանում, որը միակողմանիորեն անկախություն է հռչակել աշխարհիկ մահմեդական պետությունից, հիմնականում բնակեցված է հայերով, ովքեր տարիներ շարունակ հակամարտության մեջ են իրենց մահմեդական ազերի դրացիներիի հետ – Ի.Ժ.): Մարդիկ այնտեղ վտանգված են: Ինչպես հայտնի է, Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, ուստի մենք ուզում ենք աշխատել ձեզ հետ ռազմական համագործակցության շուրջ»:

Ինչպիսի՞ն են հարաբերությունները հարևան Իրանի հետ:

«Իրանի հետ մենք երկար համատեղ պատմություն ունենք: Հայերի մշակութային ներդրումն Իրանում կարևոր է նրանց համար: Ներկա պայմաններում, երբ Թուրքիան և Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ, Իրանը կարևոր կապուղի է մեզ համար: Մենք բազմաթիվ երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, և կարևոր է, որ լավ հարաբերությունները մեկի հետ չզարգանան մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին»:

Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարձագանքի Իրանը, եթե ջերմացնեք հարաբերություններն Իսրայելի հետ:

«Ինչպես ասացի՝ հարաբերությունները մեկի հետ չպետք է զարգանան մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին»:

Ի՞նչ կասեք Լիբերմանի պաշտոնաթողության մասին: Նա շատ ակտի՞վ էր Կովկասում:

Նրա պաշտոնաթողությունը չի փոխի իմ կարծիքը նրա մասին. նա այն մարդն է, ով զենք է վաճառում իմ հակառակորդին՝ Ադրբեջանին:

Ազերի աղբյուրները նշում են հակասական գեներալ Նժդեհին արձան կանգնեցնելու մասին, մի մարդու, որի մասին և՛ ռուս, և՛ իսրայելցի պատմաբաններն ասում են, որ նա համագործակցել է նացիստների հետ: Ո՞րն է ձեր արձագանքը դրան:

Դուք պետք է շատ զգույշ լինեք այդ մեղադրանքների նկատմամբ: Դա անհեթեթություն է, որը տարածում են մեր թշնամիները:

Այժմ մեր երկրներում միմյանց դեսպանություններ չկան: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

«Ես լավատես եմ, կարծում եմ, դա տեղի կունենա: Մենք ձգտում ենք ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերություններն Իսրայելի հետ»:

Համաձայն կլինե՞ք Երուսաղեմում հայկական դեսպանությանը:

«Մենք հասկանում ենք բոլոր նրբությունները: Մենք կանենք այն, ինչը կնպաստի գործընթացին»:

Արտակ Զաքարյանը մինչև վերջերս ծառայում էր որպես պաշտպանության փոխնախարար և «Հայաստան-Իսրայել» խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ: «Հարաբերություններն Իսրայելի հետ հատուկ նշանակություն ունեն մեզ համար», ասում է նա: «Մենք ձեզ դիտում ենք որպես արդյունավետ տնտեսություն: Դուք մեզ նման եք՝ թշնամիներով շրջապատված փոքր պետություն: Այժմ գոյություն ունեն կապեր զբոսաշրջության ոլորտում: Մենք ուրախ կլինեինք դրանք տարածել պաշտպանության ոլորտի վրա: Հակառակ տարածված կարծիքի՝ դա ռուսներից մեր վախի պատճառով չէ: Մենք շատ անելիք ունենք, և ես կարծում եմ, որ մենք բավարար կերպով չենք ջանացել բարելավել մեր հարաբերություններն Իսրայելի հետ: Գոյացած վակուումի մեջ Ադրբեջանն ու Վրաստանը մինչ այդ կապեր հաստատեցին ձեզ հետ:

Ո՞րն է Ձեր դիրքորոշումն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Ես շատ հիասթափված էի Քնեսեթի քվեարկության չեղարկման պատճառով: Դա մարդասիրական հարց է, ոչ միայն քաղաքական: Դա պատմական ոճրագործություն է, հենց դո՛ւք պետք է հասկանաք մեզ, քանի որ դուք էլ եք ցեղասպանության ենթարկվել: 40 պետություն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Թուրքերը փորձում են դա քաղաքական հարցի վերածել, սակայն մարդասիրական մակարդակի վրա կարևոր է մատնանշել դա, որպեսզի ապագայում նման կոտորածներ չլինեն: Մենք գին ենք վճարում, նախ և առաջ անվտանգության ոլորտում՝ պնդելով, որ նրանք ճանաչեն մեր պատմությունը:

«Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների հարցը առաջ է քաշում ռեալպոլիտիկի և բարոյական հարցերի հարաբերությունների հարցը», ասում է դր. Խեն Բրանը, ով Եբրայական համալսարանի Թրումենի ինստիտուտի հետազոտող է: «Իսրայելը պետք է իրեն հարց տա՝ արդյո՞ք նա լոկ շահերի ավազան է, թե՞ մեր քաղաքականության հետևում մենք ինչ-որ արժեքներ ունենք: Մի կողմից Իսրայելը խաղում է մի դաշտում, որում Ադրբեջանն Իսրայելի կարևոր դաշնակիցն է, և Իսրայելը չպետք է հրաժարվի կամ վնասի այդ ալյանսը: Կան նաև բազմաբնույթ հարաբերություններ Թուրքիայի հետ, որոնք պետք է պահպանվեն: Մյուս կողմից հարց կա, թե կարո՞ղ է Իսրայելն ասել՝ մենք խաղաղություն ենք ուզում Հայաստանի և Ադրբեջանի միջև և նույնիսկ պատրաստ ենք օգնել դրան: Իսրայելը պետք է ավելի ամուր կանգնի ընդդեմ Ադրբեջանի՝ ասելով՝ մենք ձեր բարեկամներն ենք, սակայն մենք ուզում ենք ավելի բարեկամական լինել նաև հայերի հետ և դա չպետք է ընկալեք որպես ձեր դեմ ուղղված քայլ: Դա սկզբնապես թերևս ուժեղ արձագանք կառաջացնի, բայց այդպիսի կեցվածք հնարավոր է: Իմ կարծիքով Իսրայելին մինչև հիմա դա չի հաջողվել անել:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի Իսրայելի դիրքորոշումը հայկական ողջակիզման նկատմամբ:

Իսրայելը ողջակիզումը վերածել է իր ինքնության խարանի, սակայն չի ճանաչում հայկական ցեղասպանությունը որևէ տեսանկյունից՝ պատմական, կրթական կամ բարոյական: Դա ինձ համար անընդունելի է: Բազմաթիվ պետություններ կան, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի և Ադրբեջան հետ: Կլինեն բողոքներ թուրքերի և ազերիների կողմից, սակայն ամեն ինչ ի վերջո իր տեղը կվերադառնա: Իսրայելը դա առայժմ չի արել: Իսրայելի ներկայացուցիչները Երևանում հրեական ողջակիզման եզակիության մասին այնպիսի հայտարարություններ են արել, որոնք անընդունելի և անբարոյական են և որոնք հետազոտողների մեծ մասն այսօր չի ճանաչում: Իհարկե հրեական ողջակիզումը եզակի է, քանի որ նման արդյունաբերական զանգվածային մարդասպանության նմուշ չէր եղել, սակայն ամեն մի ցեղասպանություն եզակի է իր տեսակի մեջ: Ավելին, կասկած չկա, որ Հայոց ցեղասպանությունը և արձագանքները նրա նկատմամբ կարևոր դեր խաղացին նրանում, որ Գերմանիան հետագայում կարողանա իրականացնել հրեաների ոչնչացումը: Իսրայելը դեռ ունի հնարավորություն անել դա: Բարեբախտաբար, հայերը գիտակցում են, որ այս հարցում անջրպետ կա Իսրայելի հասարակական կարծիքի և կառավարության դիրքորոշման միջև, բայց դա չի ազատում մեզ այս հարցում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտությունից:

Եբրայերենից թարգմանեց Արման Հակոբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930