Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի նոր սկիզբը չտեսա՞ք, հենց մե՛նք բերեցինք նոր սկիզբը». Արմեն Ռուստամյան

Նոյեմբեր 29,2018 15:15

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որը գլխավորում է ՀՅԴ համամասնական ցուցակը, որպես ՀՅԴ-ի կատարած սխալ, նշել էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, մինչդեռ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի կարծիքով, իրենց սխալն այն էր, որ երբ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իրենք այլ թեկնածու չպնդեցին ու սատարեցին Սերժ Սարգսյանին:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Սերժ Սարգսյանին սատարելը դուք չե՞ք համարում սխալ, որի պատճառով այսօր դուք պարզերես չեք կարողանում ընտրողների առաջ կանգնել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ, այդպես չի, մենք առաջարկել ենք եւ երկար ժամանակ էլ պնդել ենք, որ ճիշտ չի, որ առաջադրվի Սերժ Սարգսյանը, բայց դա նորից մեր կոալիցիայի հետ է կապված: Մենք ժամանակին կոալիցիա ենք ստորագրել ՀՀԿ-ի հետ, երբ այդ հարցն ընդհանրապես օրակարգում չկար, բայց կար մի պարզ տրամաբանություն, որ մեծամասնությունը պետք է առաջարկի վարչապետի թեկնածու: 58 պատգամավոր ուներ ՀՀԿ-ն, եւ դրան դեմ գնալ ու այն խնդիրները, որոնք մենք կարեւորել էինք կոալիցիայով, դրանք մի կողմ դնել՝  ճիշտ չենք համարել: Համարել ենք, որ բնական է իրենց պահանջը, որ իրենք պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու, տրամաբանական է, որովհետեւ բխում էր ընտրությունների արդյունքներից: Ընտրությունների արդյունքները, որը չի վիճարկել որեւէ մեկը ու այդ արդյունքներով մեծամասնություն ուներ ՀՀԿ-ն, մենք ասեինք, որ չէ՛, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ՀՀԿ-ն չունի՞: Մենք ուղղակի անհասկանալի վիճակում կհայտնվեինք, դրա համար մենք համաձայնվել ենք, որ առաջադրման իրավունքը վերապահված է ՀՀԿ-ին: Դա մնացել էր մինչեւ վերջ էլ մեր պարտավորությունը, դրա համար մենք կաշկանդված էինք: Մենք չէինք կարող ինքնուրույն, ավելի վճռական կերպով ազդել այդ որոշման վրա: Կոալիցիայում դու չունես վճռական խոսք ասելու հնարավորություն, եւ դրանից բխել են որոշակի սխալներ, որոնք հետո մեզ վրա ցավագին են արտահայտվել, ու դրա համար գին է վճարել ՀՅԴ-ն: Այդուամենայնիվ, լուրջ հարցեր կան, որոնք մենք կարողացել ենք այդ ձեւաչափում լուծել: Դրսից խնդիրները լուծելու այլ տրամաբանություն չկար, կար ներսից լուծելու հնարավորություն, ու դա ենք մենք փորձել օգտագործել»:

Մեր հարցին՝ նախորդ ընտրություններին դուք մասնակցում էիք «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով, ոչ սկիզբ բերեցիք, ոչ էլ արդար Հայաստան, ինչո՞ւ պիտի ձեզ հիմա վստահեն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Հայաստանի նոր սկիզբը չտեսա՞ք»: Մեր դիտարկմանը՝ այդ նոր սկիզբը դուք չբերեցիք, Ռուստամյանը հակադարձեց. «Վայ հենց մե՛նք բերեցինք, պատմությունը կգա, դա ցույց կտա: Բա որ կապված չէր դա այս սահմանադրական փոփոխությունների հետ, բա ինչի՞ մինչեւ հիմա տենց խաղաղ, թավշյա հեղափոխություններ տեղի չէին ունենում: Կարծում եք, թե մինչեւ հիմա ժողովուրդը չէ՞ր ընդվզում: Ընդվզում էր, բա ի՞նչ էր անում, բայց տեղի չէր ունենում էդ թավշյա հեղափոխությունը, որովհետեւ եթե նախագահական համակարգում ես, հաղթողը ստանում էր ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, ու եթե նախագահը հրաժարական էր տալիս, կորցնում էր ամեն ինչ: Իսկ այստեղ վարչապետի հրաժարականը չէր նշանակում միանգամից ասպարեզից հեռացում եւ ամեն ինչի կորուստ: Դրա համար այդքան հեշտ եղավ նաեւ հրաժարականը: Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, շատ ճիշտ է գնահատում, որ երկու կողմերն էլ նպաստել են դրան: Այնպես չի, որ միակողմանի է: Եթե մեկը մինչեւ վերջ մնա իր դիրքի վրա ու լծակներն օգտագործի, արյունահեղությունն անխուսափելի է: Թավշյա անցման իրավական հիմքերը ստեղծվել են մեր ջանքերով»:

Հարցին՝ իսկ կարո՞ղ է «արդար Հայաստան» էլ եք բերել՝ Ռուստամյանը պատասխանեց. «Արդար Հայաստան հլը չի եկել, արդար Հայաստանի համար պայքարը պետք է շարունակվի արդեն նոր իրավիճակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930