Լրահոս
Օրվա լրահոսը

Զինհաշմանդամներին հմտություններ կփոխանցվեն, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները ելույթներ կունենան

Նոյեմբեր 29,2018 15:30

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Զինծառայողների աջակցության հիմնադրամ այցելություններից հետո, ի թիվս այլ խնդիրների, որոնք ունեն ծառայության ընթացքում վնասված, հիվանդություն ստացած նախկին զինծառայողները, քննարկվեց նաեւ այդ երիտասարդների համար վերականգնողական, կրթական ծրագրերի իրականացումը, ավելի հարմար պայմանների ապահովման հարցը, որպեսզի նրանք կարողանան լիարժեք մասնակցել հասարակական կյանքին, ունենալ գիտելիքներ, որոնք թույլ կտան սեփական աշխատանքով արժանապատվորեն գումար վաստակել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

«Դրա առաջին օրինակը ՀՀ նախագահի աշխատակազմում այդ տղաներից մեկին աշխատանքի ընդունելն էր: Այդ գաղափարը զարգացնելով՝ որոշվեց, որ «Երեւան, իմ սեր» հիմնադրամը՝ գործընկեր կազմակերպությունների հետ իրականացնելու է նմանատիպ ծրագրերի շարք, որոնց հիմնական թիրախը լինելու է ծառայության ընթացքում վնասվածք, վիրավորում ստացած, առողջական խնդիր ունեցող նախկին զինծառայողներին այնպիսի գիտելիքների եւ հմտությունների ուսուցանումը, որոնք կօգնեն նրանց վերադառնալ եւ ավելի ակտիվ մասնակցել սոցիալական հարաբերություններին: Այդպիսի առաջին ծրագիրը դեկտեմբերի սկզբին իրականացվելու է «Երեւան, իմ սեր» հիմնադրամի, ՀՀ նախագահի աշխատակազմի, վիրավոր զինծառայողների աջակցության հիմնադրամի, «Վեգա» ընկերության հետ համատեղ, որի արդյունքում ընտրված տղաները՝ մոտ 10 հոգի, ֆոտո եւ վիդեո դասընթացներ են անցնելու, ինչպես նաեւ սովորելու են աշխատել այն ծրագրերով, որոնք անհրաժեշտ են ֆոտո եւ վիդեո մոնտաժման համար:

Իրենց հետ աշխատելու են բարձրակարգ մասնագետներ՝ ՀՀ նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը, Վարդան Պետրոսյանը եւ Տիգրան Կարապետյանը: Նրանք սիրով համաձայնեցին, երբ տեղեկացան, որ խոսքը վերաբերում է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած տղաներին գիտելիքներ փոխանցելուն: «Երեւան, իմ սեր» հիմնադրամը իր գործընկեր կազմակերպությունների հետ հոգում է ծրագրի հետ կապված բացարձակապես բոլոր ծախսերը, եւ բարձրակարգ մասնագետներն առնվազն երեք ամիս շաբաթական մի քանի անգամ դասընթացներ են իրականացնելու՝ ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ հմտությունների եւ գիտելիքների փոխանցման համար»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Արշակ Կարապետյանը հավելեց, որ դա այդպիսի ծրագրերի շարքի առաջին նախագիծն է, եւ ծրագիրը շարունակական է լինելու, ուսումնասիրությունների արդյունքում՝ զինհաշմանդամների կարիքի գնահատման, գիտելիքների եւ ունակությունների, նախասիրությունների, նաեւ պոտենցիալ գործատուների եւ շուկայի պահանջարկի դիտարկման թիրախային ուսուցում է:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ դասընթացների մեկ այլ շարքի, երբ տարբեր ոլորտների անվանի մասնագետներն իրենց գիտելիքները եւ փորձն են փոխանցում երիտասարդ սերնդին: «Ըստ էության, սա սերունդների երկխոսության ապահովման միջոց է, որոնց մասնակցելու են եւ մասնակցում են ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից եկող խոցելի խմբերի երեխաներ: Օրինակ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ իրականացվող ծրագրում ներգրավված են 10-15 տարեկան երեխաներ: Սա այն տարիքային խումբն է, որն ըստ մեր ուսումնասիրությունների, առավելագույնս կքաղի վարպետի հետ անցկացրած ժամանակից: Վարպետաց դասերը անցկացվելու են Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող «Երեւան, իմ սեր» հիմնադրամի կողմից կառուցված մանկական վերականգնողական կենտրոնում, բոլոր ծախսերը կրկին հոգում է «Երեւան, իմ սերը», եւ մենք շատ շնորհակալ ենք պարոն Էլիբեկյանին, որ սիրով համաձայնեց եռամսյա վարպետության դասեր անցկացնել»:

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրենը հավելեց, որ այլ ոլորտների բարձրակարգ մասնագետներ էլ են իրենց փորձը փոխանցելու եւ համատեղ աշխատելու են երեխաների հետ:

«Համագործակցություն կա նաեւ «Լապտերներ» հիմնադրամի հետ: «Դեկտեմբերի մեկին «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հարկի ներքո տեղի կունենա համերգ, որն իրականացվում է «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան հանրապետական փառատոնի շրջանակներում, որի գործընկերներից է նաեւ մեր հիմնադրամը: «Լապտերներ» համույթը տարբեր ստեղծագործություններ է կատարելու՝ հաշմանդամություն ունեցող տաղանդավոր երեխաների հետ»,- տեղեկացրեց Արշակ Կարապետյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ», 

29.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930