Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա». «168ժամ»

Նոյեմբեր 29,2018 13:35

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը ծավալվում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ի միջև սուր առճակատման պայմաններում։ Ինչպես և մի շարք փորձագետներ էին   կանխատեսում, արդեն երկու օր շարունակվող քարոզարշավը հեղափոխական տրամաբանությամբ է՝ առանց գաղափարների և ծրագրերի  նկատմամբ լուրջ ուշադրության։

«168 Ժամի» հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ հետաքրքիր է հետևել Հայաստանում ծավալվող բուռն նախընտրական պայքարին։ Նրա դիտարկումների համաձայն՝ ներկայիս պատկերը բացատրվում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ցանկանում է տեղի ունեցած հեղափոխության տրամադրություններն օգտագործել ապագա խորհրդարանում առավելագույն ներկայություն ապահովելու և նախկինում իշխող կուսակցությանը խորհրդարանում ներկայությունից զրկելու նպատակով, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ հեղափոխությունը դեռ շարունակվում է։ Ըստ նրա, զարգացումների ներկայիս ուղին ավելի քան կանխատեսելի էր, քանի որ մայիսից հետո արդեն իշխանությունը նախապատրաստում էր ընտրությունների կազմակերպման հարցը՝ երկրում պահելով հեղափոխական տրամադրությունները հենց այս օրերի համար։

«Ուստի զարմանալի չէ, որ այդ ոճով է շարունակվում ընտրապայքարը։ Սակայն ներքաղաքական բնույթի խնդիրները, հասարակության խնդիրները բարձրաձայնելուն զուգահեռ՝ պետք է արդեն ներկայացնել այդ խնդիրները լուծելու ուղիները, քանի որ հասարակությունը, որի ձայների մի մեծ հատվածը, ըստ իս, անցնելու է ներկայիս վարչապետի կուսակցությանը, պետք է ծանոթանա այն ծրագրերին, որոնցով խնդիրները լուծվելու են Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում։ Բացի հասարակությանը հուզող սոցիալ-տնտեսական, ներքաղաքական բնույթի խնդիրներից, կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ, որոնց մասին ևս պետք է տեսլական ներկայացնել, նշել, թե ինչպիսին է լինելու ՀՀ արտաքին քաղաքականությունն առաջիկա տարիների ընթացքում՝ Արցախյան հակամարտության, Ռուսաստանի, ԵՄ-ի, Իրանի և ԱՄՆ-ի, տարածաշրջանի ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախընտրական պայքարին հետևում են և այդ թեմաներով հետաքրքրվում են ոչ միայն երկրի ներսում, այլ նաև գործընկեր երկրներում և կազմակերպություններում։ Դեռ ժամանակ կա, և, կարծում եմ՝ պետք է լինեն գաղափարական քննարկումներ, քանի որ հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա։ Դա սխալ կլինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար»,- ասաց Զաշտովտը։

Նրա համոզմամբ՝ ներքաղաքական զարգացումների նման փուլերում ամենակարևորը քաղաքական առողջ մթնոլորտի ձևավորումն է, իշխանություն-ընդդիմություն առողջ հարաբերակցությունը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930