Քաղաքական թոհուբոհի մեջ անուշադրության մատնվեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ դպրոցներում անցկացված արտաքին գնահատման արդյունքում աշակերտների 30-40 տոկոսն «անբավարար» է ստացել։
Ընդ որում, արտաքին գնահատման ժամանակ ցուցաբերվել է մեղմ մոտեցում։ Այսինքն՝ եթե խիստ մոտեցում ցուցաբերվեր, ապա հնարավոր է՝ «անբավարար» ստացողների թիվը գերազանցեր 50 տոկոսը։ Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ վտանգված է ոչ միայն մեր տնտեսության ներկան, այլև ապագան։
Դժվար է պատկերացնել, թե ինչպես է զարգանալու երկրի տնտեսությունը, երբ աշակերտների գրեթե կեսը բավարար գրագիտություն չունի։ Ընդ որում, այսօրվա աշակերտներին ապագայում շատ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում, քան նախկին սերունդներին։
Խնդիրն այն է, որ արդեն սկսվել է որոշ աշխատանքների ավտոմատացման գործընթացը։ Նվազում է մեխանիկական աշխատանքների թիվը, և ավելանում է բարձրակարգ հմտություններ պահանջող աշխատանքների թիվը։ Երբ ստեղծվեց ավտոմեքենան, որոշ կառապաններ քարերով ջարդում էին մեքենաները՝ մտածելով, որ մնալու են առանց աշխատանքի։ Բայց որոշ ժամանակ անց հասկացան, որ կարող են աշխատել որպես մեքենայի վարորդ՝ ունենալով համարժեք հմտություններ։ Երբ ավարտվեց արդյունաբերական դարաշրջանը, գործարանների աշխատատեղերի թիվը նվազեց։ Մարդիկ կարողացան աշխատանքի տեղափոխվել ծառայությունների և սպասարկման ոլորտ՝ ունենալով նույն հմտությունները։ Այսօր հատկապես սպասարկման և ծառայությունների ոլորտում սկսվել է աշխատանքների ավտոմատացումը։ Բայց խնդիրն այն է, որ նոր աշխատանքներն արդեն պահանջում են բարձրակարգ հմտություններ։ Այլևս անընդունելի են այն պնդումները, որ պարտադիր չէ, որ երեխան լավ սովորի, քանի որ կարող է վարորդ դառնալ, բանվոր դառնալ, վաճառող դառնալ։ Նմանատիպ աշխատանքներն ապագայում կատարելու են ռոբոտները։ Ինչպես ասում է մեր օրերի հայտնի բեսթսելլերների հեղինակ, պատմաբան Յուվալ Հարարին, մարդկանց մի զգալի հատվածին այսօր սպառնում է ոչ այնքան աղքատությունը, որքան անպետքությունը։ Այն երեխաները, ովքեր այսօր չեն կարողանում դրական թվանշան ստանալ, լուրջ բեռ են դառնալու Հայաստանի ապագա տնտեսության համար։ Հետևաբար, հենց այսօր պետք է մտածենք այս երեխաների մասին։ Ի՞նչ կարող ենք անել։
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում