Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկն ինձ չի ասել, որ ա՛յ քեզ մերժել ենք, Սարգսյան Վիգենին մերժել ենք». Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 29,2018 13:15

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ թեկնածու Արտակ Զաքարյանին Aravot.am-ը հարցրեց՝ ինչո՞ւ պետք է ձեզ ձայն տան, երբ նոր են մերժել: Նա պատասխանեց. «Հիմա հանրապետականները պարզ դեմքով, բաց ձեռքերով եկել են մասնակցելու ընտրություններին: Ոչ մեկն ինձ չի ասել, որ ա՛յ քեզ մերժել ենք, Սարգսյան Վիգենին մերժել ենք, որովհետեւ դուք սխալներ եք արել, կամ, ասենք, մեր մյուս գործընկերներին մերժել են: Համակարգն են մերժել, համակարգում եղած անարդարություններն են մերժել, համակարգում եղած թերություններն են մերժել: Մենք դա հասկանում ենք, մենք դա ընդունում ենք, բայց մե՛զ չեն մերժել: Ոչ թե մենք ընտրություններում պարտվել ենք, մեզ հեռացրել են իշխանությունից»:

Հարցին՝ դուք այդ համակարգի կրողը չե՞ք, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Մենք դրա կրողն ենք ամբողջականության մեջ, ես էլ եմ դրա կրողը, որովհետեւ այդ համակարգի մի մասն եմ եղել, բայց ես հիմա տեսնում եմ իմ ունեցած փորձը, տարիների այդքան ձեռքբերումները, այդքան կատարված աշխատանքը, որ կարա մի տարում գնա ջուրը լցվի, եւ մենք ունենանք շատ տուրբուլենտ իրավիճակ Հայաստանի համար, խրթին իրավիճակներ՝ լի սպառնալիքներով: Մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացիներ, մեր կռիվը ոչ ՔՊ-ի հետ է, ոչ էլ մյուս կուսակցությունների, մեր զրույցը մեր քաղաքացիների հետ է, եթե դուք ունեք մտահոգություններ այսօրվա իրավիճակի հետ կապված, ապա մենք գոնե ազնիվ կերպով գալու ենք այդ մտահոգությունները փարատենք: Թվարկում ենք, թե ինչու՝ արցախյան խնդիր, անվտանգություն, արժեքային համակարգ, տնտեսության մեջ ներդրումների գրավչության բարձրացում: Այս բոլորը պետք է ապահովեն, որ լավ լինի, եթե անհասկանալի ու անվստահելի քաղաքականություն վարվի արտաքին հարաբերություններում եւ  արցախյան հիմնախնդրում, ոչ մի ներդրող չի գալու: Մենք տեսանք՝ ինչքան փող հավաքվեց»:

Դիտարկմանը՝ 10 տարի ժամանակ ունեիք, ներդրումներ բերող էիք՝ բերեիք, Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Ինչքա՜ն ներդրող ենք բերել, թվարկե՞նք՝ ինչքան ներդրողներ են եկել»:

Երբ ասացինք՝ ահագին էլ վարկեր եք վերցրել, որոնց բեռի տակ նոր սերունդներն են ճռռալու, Զաքարյանը պատասխանեց. «Դրանք բոլորը զարգացման վարկեր են, դրանցից ոչ մեկը չենք վերցրել բաժանել ժողովրդին, ասել՝ գնացեք ապրեք: Զարգացման վարկեր են՝ որը աշխատատեղ է ստեղծել, որը  կոմունիկացիա է ստեղծել, որը գյուղատնտեսություն է զարգացրել, որը թեթեւ արդյունաբերություն է զարգացրել, որը հնարավորություն է տվել ժողովրդավարական համակարգ ստեղծել, որ այսօր խոսքի ազատությունը դարձել է մեզ համար ամենա-ամենանշանակալի երեւույթ: Դա հնարավորություն է տվել, որ մենք կարողանանք պետական քաղաքականության մեջ բարեփոխումներ իրականացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930