Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կենսաթոշակառուների և նպաստառուների շրջանում  ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ

Նոյեմբեր 29,2018 12:43

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում:  Ըստ այդմ՝ առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար (18000 դրամ) և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը (24000 դրամ), ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։ Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։ Ներկայումս ծերության նպաստի չափը կազմում է 16000 դրամ, 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար՝ 21500 դրամ,  երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ,  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16000 դրամ։

Կարևորելով ընդունված որոշումը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ: Պետք է լավագույն ջանքերը գործադրենք, որպեսզի այդ պարտավորությունը, որքան հնարավոր է արժանապատիվ կերպով իրականացնենք»:

Գործադիրը հավանություն է տվել  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի  նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է: Ըստ այդմ՝  առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Այն հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից։ Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակում կատարված հաշվարկներում 2019 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։ Նախագծով սահմանվել է նաև, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։

 

Աջակցություն կցուցաբերի տարերային աղետներից տուժած համայնքների  բնակիչներին

Կառավարությունը որոշել է  487 մլն 331 հազար դրամ հատկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով: Գումարը կհատկացվի  կառավարության պահուստային ֆոնդից: Հիմնավորման համաձայն՝ տարվա ընթացքում  հանրապետության մարզերում  տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել է շուրջ 14650 հա հողատարածք,  որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13386100 հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին:

ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ այրվել են Զանգակատուն համայնքի 11 հեկտար չհնձված գարու ցանքատարածությունները: Որոշմամբ նախատեսվում է համայնքի 7 բնակիչներին տրամադրել 3,025.0 հազ. դրամ աջակցություն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով  Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին  կհատկացվի 187,783.9 հազար դրամ: Միջոցները կուղղվեն  համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի  համաֆինանսավորմանը: Մասնավորապես. համայնքներում կիրականացվեն փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման և գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ:

Սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի  հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել համապատասխան կարգում:  Կարգով նախատեսված է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում այդ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի տված տեղեկանքի հիման վրա։ Արդյունքում՝ այդ բնակավայրերի հողօգտագործողների համար կստեղծվեն հավասար պայմաններ, կբարձրանա վարելահողերի օգտագործման մակարդակը, գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը բավարարել է «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության մեջ։ Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզում։ Արդեն իսկ կատարվել է  2 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է ևս 8 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 120 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 50 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 33,5 մլրդ  դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 14 մլրդ  դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Գործադիրի որոշումներով  մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն նաև «Արթիկի ՓՀԿ» և «Էդգար փարթներս» ՍՊԸ-ները:

«Արթիկի ՓՀԿ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։ Ներդրումային ծրագիրը իրականացվելու է  Շիրակի մարզում. կկատարվի  6 015 421 290 ՀՀ դրամի ներդրում, կստեղծվի  112 նոր աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 1,650,000,000 դրամ, որից 1,450,000,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200,000,000 դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։

«Էդգար փարթներս»-ը մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում. ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է թղթե արտադրատեսակների արտադրության և տպագրության ոլորտում: 2016-2018թթ. ընթացքում արդեն իսկ իրականացվել է 384 500 000 դրամի ներդրում, իսկ մինչև 2020թ.-ի ավարտը նախատեսվում է իրականացնել մոտ 450 000 000 դրամի ներդրում: Արդեն իսկ ստեղծվել է 5 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 7-10 նոր աշխատատեղ՝ 80 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 950 000 000 դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

 

Այլ որոշումներ. ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերին

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Որոշմամբ սահմանվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Մասնավորապես, հայտարարվել է 2018 թ. դեկտեմբեր – 2019 թ. հունվար ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին  լրանում  է մինչև 2018 թ.  դեկտեմբերի 31-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Գործադիրը որոշել է  Շիրակի և  Լոռու մարզերում  դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել դեկտեմբերի 15-ը` շաբաթ օրը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930