Նոյեմբերի 25-ի առավոտյան լուրեր տարածվեցին Ազովի ծովում ռուսական եւ ուկրաինական նավերի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում՝ սադրանք որակելով հակառակ կողմի գործողությունները։
Տեղի ունեցածը լայն արձագանք է ստացել ինչպես ուկրաինական եւ ռուսական, այնպես էլ միջազգային մամուլում։ Որպես հիմնական վարկածներ շրջանառվում են երկուսը։ Դրանցից մեկով սադրանքի հեղինակը Ռուսաստանն է, որը նման մարտավարությամբ փորձում է ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում եւ 2019 թ. մարտին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ խաթարել Պորոշենկոյի առանց այդ էլ թույլ դիրքերը։ Ըստ մի շարք կանխատեսումների՝ Պորոշենկոյի վարկանիշն այնքան ցածր է, որ առաջիկա ընտրություններում նա չի կարող հավակնել անգամ երկրորդ տեղը գրավելուն։
Բացի դրանից՝ ՌԴ իշխանությունները Ուկրաինայի հետ հակամարտության սրացմամբ, հնարավոր է, փորձում են շեղել սեփական բնակչության ուշադրությունը սոցիալական խնդիրներից։
Ըստ այդ վարկածի՝ ներկա պահը ամենահարմարն է Ռուսաստանի համար նման սադրանքներ իրականացնելու տեսանկյունից. Թրամփը զբաղված է միջանկյալ ընտրությունների արդյունքներով, թեեւ առանց այդ էլ երբեք յուրահատուկ ուշադրության չի արժանացրել Ուկրաինային, Ֆրանսիայում անկարգություններ են, իսկ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն քննարկում են «Բրեքզիթի» հետ կապված նրբությունները։
Մեկ այլ վարկածով՝ սադրանքի հեղինակը Պորոշենկոն է, որը փորձում է ռազմական դրության միջոցով հնարավորինս երկար մնալ իշխանության։ Այս վարկածի օգտին է խոսում այն, որ ռազմական դրության անհրաժեշտություն չեն տեսնում նաեւ Ուկրաինայում։ Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն Ռադայում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում քննադատել են ընտրությունների նախաշեմին ռազմական դրություն մտցնելու նախաձեռնությունը նշելով, որ վեջին 5 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական դրությունն ավելի նպատակահարմար է եղել, սակայն չի մտցվել
«Նման որոշման դեմ հիմնական փաստարկներից է եղել աղետալի սոցիալական, տնտեսական եւ ժողովրդագրական հետեւանքների անխուսափելիությունը։ Ակնհայտ է, որ այսօր ի հայտ է եկել նաեւ այլ՝ քաղաքական բնույթի փաստարկ՝ ընտրությունները։ Հասարակության զգալի մասը կարծում է, որ այդ կերպ կարող է սահմանափակվել ժողովրդավարությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում