Նա, ըստ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի, իր թիմակիցներով բացել է մի բանավեճ, որը Հայաստանի անկախության Հռչակագրով եւ Սահմանադրությամբ փակված է
«Ինքս մասնակիցն եմ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի նստաշրջանին. ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու որոշումն ընդունողներից մեկն եմ: Բայց դա այլ ժամանակ էր»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին:
«Մենք վերստին միավորվեցինք՝ կամքով եւ ոգով, իսկ շուտով՝ նաեւ գործով: Նպատակը՝ իրականություն դարձնել Արցախի «դե յուրե» միացումը ՀՀ-ին՝ Արցախի ներառումը ՀՀ-ի կազմի մեջ՝ որպես մարզ»,- օրերս Արցախում հայտարարեց «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք. վերջինս երկու տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի խոսնակն էր: Այս մասին քանիցս խոսել է նաեւ «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Իրենք կարծում եմ, որ Արցախի կարգավիճակը վաղուց որոշված է հայ ժողովրդի կողմից՝ ազատագրական պայքարի ելքով. «Դա պետք է իրավական ամրագրում ստանա»:
Վահրամ Աթանեսյանը նախկինում Արցախում իշխող ուժն էր ներկայացնում, այժմ անկուսակցական է եւ իր անձնական տեսակետն է ներկայացնում: «Ժիրայր Սեֆիլյանը եւ առհասարակ «Սա Հայաստան է եւ վերջ» ասողները, որ կրկնում են գրեթե երեսուն տարի առաջ Լեոնիդ Ազգալդյանի ասածը, գուցե թե իրենց ցանկություններում անկեղծ են, բայց ասված է՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է»,- ասաց մեր զրուցակիցը` բացատրելով, թե ինչ նկատի ունի, երբ ասում է` հիմա այլ ժամանակներ են. «ԽՍՀՄ Սահմանադրությունը փոխադարձ համաձայնությամբ թույլ էր տալիս միութենական հանրապետությունների սահմանների փոփոխություն: ԽՍՀՄ-ի փլուզմամբ հարցի նման դրվածքը կորցրեց իրավական հիմքը: Այսօր կա ԼՂ խնդրի միջազգային որոշակի ընկալում, որ դա ինքնորոշման իրավունքի հարց է: Սա է կողմնորոշիչը: Դրանից դուրս աշխարհում մեզ ոչ ոք չի հասկանա, եւ, թերեւս, նաեւ չեն ների: Միջուկային գերտերություն Ռուսաստանը չի մարսում Ղրիմի «միացումը»: Ահա այս իրողությունը պետք է նկատի առնվի»:
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը շատ չի խորանում խնդրի էության եւ պատմության մեջ: «Արցախի վերամիավորման գաղափարը, կարծում եմ, առկա է հայության մեծամասնության մոտ: Արցախյան շարժումը սկսվել է հենց միացման համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ տարբեր ուժեր տարբեր կերպ են տեսնում այդ գործընթացը: Իր համար միանգամայն ողջունելի է քաղաքական դիսկուրսում այս գաղափարի լոբբինգը: «Ես կարծում եմ՝ այսօր առավել իրական է միացման նվազագույն ծրագիրը, այն է՝ Արցախի բնակիչներին հայաստանյան ընտրական իրավունքով օժտելը կամ վերականգնելը արցախցիների՝ հայաստանյան ընտրությունների մասնակցության իրավունքը»,- ասաց նա:
Մինչդեռ Վահրամ Աթանեսյանն առաջ է քաշում երկրորդ խնդիրը` տարածքների հարցը: «Մենք «միացումը» նպատակ ենք հռչակել, երբ ունեինք ԼՂԻՄ՝ 4,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Այսօր Արցախը վերահսկում է գրեթե երեք անգամ ավելի մեծ տարածք: Միջազգային հանրությունը կընդունի՞, այսպես կոչված, «բուֆերային» տարածքների միավորումը Հայաստանին: Սրանք լրջագույն քննարկման ենթակա հարցեր են: Եվ, վերջապես՝ իսկ ո՞վ է բեկանել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը: Չկա նման իրավական ակտ: Ընդհակառակը՝ Անկախության հռչակագիրը հղում է անում նաեւ այդ որոշմանը, Սահմանադրությունը՝ Հռչակագրին: Այնպես որ, Սեֆիլյանը եւ իր համակիրները թող այդ պետականահենք փաստաթղթերն ուշադրության առնեն: Այդ դեպքում գուցե կհամոզվեն, որ «հողմաղացների դե՞մ են կռվում»: Այսինքն՝ մի դիսկուրս են բացել, որը Հայաստանի Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ փակված է, մնում է կարողանալ իրավական ձեւակերպումներից գլուխ հանել»:
Նոյեմբերի 17-ին Ստեփանակերտում կայացավ նաեւ «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարը: Այդ կազմակերպությունը հետագայում Արցախը ՀՀ-ին վերամիավորելու նպատակով իրականացնելու է համապատասխան քայլեր:
Վահրամ Աթանեսյանը խնդիր չի տեսնում «քույր կուսակցության» հիմնադրման մասով: Ասաց. «Օրինակը Դաշնակցությունն է տվել: Հիմա «Սասնա ծռերն» է իրեն համահայկական կուսակցություն անվանում եւ հետեւում ՀՅԴ-ին: Կարծեմ ՌԱԿ-ն էլ արցախյան կառույց ունի: Սկզբունքորեն դրանում քննադատելի ոչինչ չկա: Ի վերջո, նույն ժողովուրդն է, նույն քաղաքական համոզմունքներն ունի: Խնդիրը «քույր կուսակցությունների» ինքնուրույնությունն է: Եթե նրանք կազմակերպական առումով անկախ են կենտրոնից, գործում են Արցախի Սահմանադրության եւ օրենքների դաշտում՝ այլ բան է: Եվ բոլորովին այլ, երբ փորձ է արվում արտաքին իրողությունները նույնությամբ պրոյեկտել Արցախում: Ինչպես որ «Սասնա ծռերն» է անում՝ անպատճառ իշխանափոխության իր պահանջով»:
Հայկ Խանումյանն էլ է նորմալ վերաբերվում «հայաստանյան կուսակցությունների» մասնաճյուղերի բացմանն Արցախում. «Արցախյան օրենսդրության համաձայն՝ դրանք առանձին կուսակցություններ են, դա կարող է օգնել հասարակությունների միաձուլմանը, վերամիավորմանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»,
29.11.2018