Արտակ Զաքարյանը՝ իրենց պահած գրպանային ընդդիմության, սխալների ու «ծույլիկ աշակերտ» հիշեցնող այս իշխանությունների մասին
ՀՀԿ-ն քարոզչական թերթիկների վրա ընդգծել է, որ գիտեն ու ընդունում են իրենց սխալները: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մեր հարցին՝ ո՞րն է եղել ՀՀԿ-ի ամենամեծ սխալը, կոնկրետ ո՞ր սխալներն եք ընդունել, պատասխանեց. «Ցանկացած իշխանություն իշխանությունից գնալուց հետո միշտ կարիք ունի վերլուծելու իր գործողությունները: Այդ վերլուծությունները օգուտ են ոչ թե ինչ-որ անձի կամ մարդկանց խմբի, այդ վերլուծություններն առաջին հերթին օգուտ են պետությանը, քաղաքական համակարգին, որպեսզի դա չկրկնվի եւ այդ փորձը կիրառելի լինի մյուսների համար: Մենք ասում ենք, չէ՞, 1918-20 թթ. դաշնակներն այսինչ սխալներն են արել, հետեւաբար հիմա նմանատիպ իրավիճակներում մենք չենք քարկոծում դաշնակներին, չենք ասում՝ վերջ ՀՅԴ-ին, ասում ենք՝ պատմության համար է այս ամեն ինչը, կոմունիստները ժամանակին եթե ճիշտ կողմնորոշվեին, Արցախը կարող էր նաեւ լինել ի սկզբանե Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության կազմում, եւ մենք այսքան զոհեր չէինք ունենա: Ասում ենք, չէ՞, դա, բայց դա չի նշանակում, որ գնդակահարում կամ մերժում ենք կոմունիստներին: Սխալն ընդունելը կամ սխալ գործելը իշխանության համար շատ նորմալ երեւույթ է, կարեւորը, որ այդ սխալները կենսական չլինեն: Ամեն դեպքում, պատմությունը ՀՀԿ-ին չի դատափետելու, ասի, որ, ա՛յ, դուք եթե այսինչ բանը չանեիք, մենք այսինչ հողերը չէինք կորցնի, կամ էլ այսինչ բանը չէինք կորցնի, կամ մեզ դուրս չէին հանի այսինչ կազմակերպությունից, կամ մենք չէինք վտանգի մեր անվտանգությունը, որն ամենակենսականն է: Մենք էական, շոշափելի բան չենք արել, մնացածը մանիպուլյատիվ դաշտի խնդիրներ են, մանիպուլյացիաներ են»:
Մեր դիտարկմանը՝ ձեր իշխանության ժամանակ 800 հա տարածք ենք կորցնել, ո՞նց պատմությունը ՀՀԿ-ին չի դատափետի հող կորցնելու համար, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «800 հա տարածք չենք կորցրել, փրկել ենք 500 մարդու կյանք»: Մեր դիտարկմանը՝ ասում են, որ եթե ժամանակին շատ թալանած չլինեիք, դրա փոխարեն զենք գնեիք, ապրիլյան պատերազմը չէր լինի, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի թալանվել, պատերազմի ժամանակ մենք հարյուրավոր անգամ տարածքներ ենք կորցրել եւ վերադարձրել, մտնեինք պատերազմի մե՞ջ, ի՞նչ եք կարծում: Հիմա, որ Նախիջեւանի սահմանին հակառակորդը, որը մեր ժամանակ չէր կարողանում մեր կենսական ճանապարհները տեսնել, իսկ հիմա գործող իշխանությունների ժամանակ այնքան առաջ է եկել, որ կարողանում է տեսնել մեր կենսական ճանապարհները եւ անհրաժեշտության դեպքում նաեւ չի բացառում, որ վնասի դրանք, դրա մասին չե՞ք խոսում»:
Հարցին՝ այս իշխանությունների կողմից ի՞նչ սխալներ եք տեսնում, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Քայլերն արդեն մտահոգության համար էական են: Եթե այս կազմով է գնալու, շարունակվելու հաջորդ կառավարությունը, մենք ունենալու ենք կատաստրոֆաներ: Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը, հավաքելով մեծամասնություն, իրավունք ստանալով ձեւավորել իշխանություն, լուրջ մտածելու է իր կադրային խնդիրների, նրանց պրոֆեսիոնալիզմի եւ նրանցից ակնկալիքների մասին»: Կառավարության այս կազմում ի՞նչն է մտահոգիչ՝ հարցին Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Այս կազմը համարենք, որ կադրային բանկի բացակայության արդյունքում, հախուռն իրավիճակների արդյունքում ձեւավորված թիմ է, բայց այս թիմը չի կարողանալու հաջորդ 5 տարիներին Հայաստանի համար ապահովել… արդեն իսկ ցույց են տվել, գիտեք, 6 ամիսը բավարար է, որ բոլորը հասկանան այդ նախարարի ստրատեգիան, միտքը, անելիքը, ձգտումը, մղումը, ինչ է ուզում փոխի, ինչ նորարարություններ ունի: Ի վերջո, ասում եք՝ իշխանափոխություն է եղել, հետեւաբար ինչ-որ մի բան վատ է եղել, եկել են այդ վատն ուղղելու: Յուրաքանչյուր ոլորտ վերցրեք՝ կրթություն, մշակույթ վերցրեք, տրանսպորտ, տնտեսություն»:
Մեր դիտարկմանը, որ այդ հարցում էլի ձեզ են մեղադրում, արդարացում ունեն, ասում են՝ մեզ դատարկ բյուջե եք տվել, քանդած տնտեսություն, բա ի՞նչ էիք ուզում 6 ամսում լիներ, Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Դա ծույլիկ աշակերտի պատճառաբանություն է, որն ասում է՝ դասերս չեմ սովորել, որովհետեւ կողքի հարեւանի տանը խնջույք էր, խանգարում էին: Ի՞նչ կապ ունի, հիմա դուք եք իշխանության, մի բան արեք, ասեք՝ այ, էս մի լավ բանը մենք արել ենք էս 6 ամսվա ընթացքում, էս արմատական փոփոխությունների համար բերել ենք այսինչ փաթեթը, կամ այսքան նորարարություն ենք բերել մտցրել: Մենք 1 տարվա ընթացքում 18 հատ նորարարություն ենք արել պաշտպանության նախարարությունում, ընդ որում՝ ֆունդամենտալ նորարարություններ, որն իրենք շարունակում են անել, կեցցեն իրենք, որ շարունակում են անել, որովհետեւ գիտեն՝ դրանք 1000 անգամ կշռադատված բաներ են, ինչ-որ մեկի մտքի ցանկությունը չի»:
Արտակ Զաքարյանն ասաց, որ խոսքը չի վերաբերում, թե այս կարճ ժամանակում՝ 6 ամսում Հայաստանը պետք է դարձնեին դրախտավայր կամ արեւի քաղաք. «Գոնե մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է հասկանայինք՝ ինչ է արվում: Ես օբյեկտիվորեն լավը ասում եմ՝ լավ է, վատն ասում եմ՝ վատ է: Ես չեմ հասկանում՝ մեր կառավարության անդամ նախարարներից շատերը ինչի են գործի գնում, ինչի՞ համար, գնում են, որ ի՞նչը փոխեն, ի՞նչ են անում»:
Մեր դիտարկմանը, որ առայժմ հակահեղափոխականների դեմ են պայքարում, Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Ո՞վ է հակահեղափոխականը, ե՞ս, եթե իմ դեմ են պայքարում, ես հակահեղափոխական չեմ մի պարզ պատճառով, որովհետեւ հեղափոխություն չեմ տեսնում ոչ մի տեղ: Պարզ, սովորական իշխանափոխություն է»: Իսկ թե ինչու էին ՀՀԿ-ականները ռեւանշ ուզում, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ի՞նչ ռեւանշ, մենք հիմա պայքարում ենք ընդդիմություն լինելու համար եւ ազնիվ ձեւով ասում ենք՝ մենք չենք հավակնում իշխանության, որովհետեւ հասկանում ենք, որ այսօր մենք այդ հնարավորությունը չունենք: Բայց մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում կա հսկայական մի պոտենցիալ, որը ճիշտ իրացնելու դեպքում մենք կարողանալու ենք ունենալ լավ կառավարում: Լավ կառավարումը նա է, որ մենք կարողանանք քաղաքական համակարգից դուրս բերել ճիշտ որոշումներ, իսկ քաղաքական համակարգը մենակ իշխանությունը չի, նաեւ ընդդիմությունն է: Եթե մենք ժամանակին ունենայինք լավ ընդդիմություն, մենք էլ շատ հարցերում սխալներ չէինք անի»:
Երբ ասացինք՝ պարոն Զաքարյան, դուք չեք թողել, որ ընդդիմությունը կայանա՝ «գրպանային» ձեր ընդդիմությանը բերելով խորհրդարան, Արտակ Զաքարյանը հակադարձեց. «Օրինակ՝ մեկի անունը տվեք, ՀԱԿ-ն էր գրպանայի՞ն, «Ե՞լքն» էր մեր գրպանային ընդդիմությունը, հա՞, ո՞վ էր, դաշնակնե՞րն էր, թե՞ ԲՀԿ-ն էր մեր գրպանային ընդդիմությունը: ՕԵԿ-ը երբ պետք էր լինում՝ քննադատում էր, երբ քաղաքական որոշում կայացնողները իրենք էին, եթե ես ՕԵԿ-ին փորձեմ այսպես ներկայացնել կամ այլ կերպ՝ արդար չի լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»,
27.11.2018