Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրամանատարը ծեծել էր հետախույզին, իմանալով, որ նա բջջային հեռախոս ունի

Նոյեմբեր 29,2018 13:30

Լեյտենանտը շարքայինին մեկ այլ շարքայինի անունից «Օդնոկլասնիկի» կայքէջով հրավիրել է զորամասի բուժկետ

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի դատարանում 6 տարվա ազատազրկման դատապարտված բազմազավակ մոր՝ Հասմիկ Սարգսյանի դատական նիստերը դռնբաց էին, դե «դարի հանցագործը» չորս երեխաներին, որից մեկը զինվոր՝ հոսպիտալում այդ ժամանակ գտնվող, կերակրելու համար «տասը» հազար դրամ էր գողացել (հետո պարզվեց՝ 5000 դրամ, քննիչն էր «ճոխացրել»-Ռ.Մ.), որ սնունդ գնի: Տուժողին հատուցել էր, սակայն երեւանյան դատարանները դռնբաց նիստերով հասան…նրան ազատազրկելուն:

Նույն Սիսիանում արագացված դատական քննության կարգով են ընթանում տասնյակ քրեական գործեր, որոնք առնչվում են զինվորին, նրա կյանքին, առողջությանը, որեւէ տեղական իշխանիկի:
ՊՆ N զորամասի ինժեներատեխնիկական վաշտի 2-րդ ինժեներաճանապարհային դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ Միքայել Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ զինծառայող Տիգրան Սահակյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Այս տարվա փետրվարի 16-ից քրեական գործը դեռ դատարաններում է:

Դասակի հրամանատար Միքայել Առուստամյանը, մեղադրական եզրակացության համաձայն, անցյալ տարի դեկտեմբերի 10-ի ժամը 3:00-ի սահմաններում, զորամասի հերթապահի օգնականն էր: Տեղեկանալով, որ ջոկի սակրավոր հետախույզ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Սահակյանը բջջային հեռախոս է պահում, նա Տիգրանին հրավիրել էր վաշտի պահեստանոց և կարգադրել, որ ներկայացնի հեռախոսը, սակայն շարքային Տ. Սահակյանը նշել է, որ բջջային հեռախոս չունի: Հրամանատարը բռնություն է գործադրել Տ. Սահակյանի նկատմամբ` ծեծել և հայհոյել է նրան՝ «պատճառելով ձախից ստորին ծնոտի լնդի լորձաթաղանթի պատռվածքի ձևով` առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»:

Շարքային, առաջին դրվագով ըստ էության տուժող, Տիգրան Սահակյանն էլ «համածառայողներից տեղեկանալով, որ նույն զորամասի ինժեներատեխնիկական վաշտի 2-րդ ինժեներաճանապարհային դասակի հրամանատար, լեյտենանտ Մ. Առուստամյանը համածառայողների մոտ հայհոյանքներ է հնչեցրել` նրան սուտ ասողների հասցեին և նշված հայհոյանքը ընդունելով որպես իրեն հասցեագրված, նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում, Մ. Առուստամյանի հետ պարզաբանումներ է կատարել, որից հետո, ժամը 21:40-ի սահմաններում, վերցնելով զորամասի ծխարանի մոտ տեղադրված փայտե մահակը, Մ. Առուստամյանի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով գնացել է նույն զորամասի ինժեներատեխնիկական վաշտի պահեստանոց, որտեղ Մ. Առուստամյանի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել իր նկատմամբ պետ հանդիսացող լեյտենանտ Մ. Առուստամյանի նկատմամբ` որպես զենք օգտագործվող այլ առակա հանդիսացող փայտե մահակով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, դիտավորությամբ Մ. Առուստամյանի առողջությանը պատճառելով` ձախից գլխի քունքային շրջանի փափուկ հյուսվածքների տրավմատիկ այտուցվածության ու սալջարդի, ձախից գլխի քունքային շրջանի արյունազեղումների, ձախից գլխի քունքային շրջանի քերծվածքների, բաց, բութ` գանգի խոռոչը թափանցող գանգուղեղային վնասվածքի, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, ձախից գլխուղեղի քունքային շրջանի էպգանգի հիմքի` ձախից քնքոսկրի խրթեշի, ձախից սեպոսկրի թևի գծային կոտրվածքի ձևով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող»:

Մինչ դատաքննությունն սկսելը հրամանատարն ու շարքայինը լիովին մեղավոր են ճանաչել իրենց, միջնորդություններ էին ներկայացրել՝ արագացված կարգով դատական քննություն անցկացնելու համար:

Դատարանը հանգել էր հետեւյալին՝ հրամանատարը նախկինում դատապարտված չի եղել, զորամասի հրամանատարության կողմից դրական է բնութագրվել, կատարածի համար զղջում է, խնամքի տակ է 3 տարեկան երեխա, սպասում են 2-րդ երեխային:

Զինվորն էլ նախկինում արատավորված չէր, ուսման վայրից բնութագրվել է դրական, անապահով ընտանիքի զավակ է, ի դեպ, առողջական խնդիրներ ուներ՝ կարճատես է:

Ի դեպ, ըստ գործի նյութերի, հեռախոսի մեջ առկա տեղեկությունների ուսումնասիրության ժամանակ լեյտենանտ Մ. Առուստամյանը նկատել է, որ նույն ժամանակահատվածում զորամասի հերթապահ անձնակազմում որպես հերթապահի օգնական ընդգրկված, քրեական գործով մյուս մեղադրյալ, հետախույզ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Սահակյանն այդ պահին օգտվում է «Օդնոկլասնիկից»: Լեյտենանտ Մ. Առուստամյանը շարքային Խ.Ղարիբյանի անունից կայքէջով գրել է շարքային Տ. Սահակյանին և նրան հրավիրել զորամասի բուժկետ: Վերջինս պատասխանել է, որ չի կարող գնալ բուժկետ: Սակայն լեյտենանտ Մ. Առուստամյանը շարունակել է շարքային Խ.Ղարիբյանի անունից Տ. Սահակյանին կանչել բուժկետ ու մի քանի անգամ գրելուց հետո շարքային Տ. Սահակյանը ներկայացել է զորամասի բուժկետ և հասկացել, որ նամակները Խ.Ղարիբյանի անունից ուղարկում էր հրամանատարը:

Ինչ վերաբերում էր հրամանատարին վնասվածք պատճառելուն, ըստ «արագացված» դատաքննության «փակ» դրվագի՝ նկարագրությունը հետեւյալն է. «Շարքային Տ. Սահակյանը գնացել է զորամասի ծխարան, ժամը 21:40-ի սահմաններում վերցնելով զորամասի ծխարանի մոտ տեղադրված փայտե մահակը, լեյտենանտ Մ. Առուստամյանի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով գնացել է նույն զորամասի ինժեներատեխնիկական վաշտի պահեստանոց, որտեղ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված՝ լեյտենանտ Մ. Առուստամյանի կողմից հնչեցված հայհոյանքները իր հասցեին ընդունելու պատճառով, Մ. Առուստամյանի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել իր նկատմամբ պետ հանդիսացող, լեյտենանտ Մ. Առուստամյանի նկատմամբ՝ որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող փայտե մահակով մեկ անգամ հարվածել նրա գլխին, պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս»:

Ստորադաս դատարանը վճռել է Միքայել Առուստամյանին զինվորական ծառայության մեջ սահմանափակում՝ 1 տարի 6 ամիս ժամկետով՝ դրամական բավարարման գումարից 5 տոկոս պահումով: Տիգրան Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 3 ամիս ժամկետով՝ պատժի ժամկետի մեջ հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ 1 օրը: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Եվ դարակազմիկը՝ կայազորային քննչական բաժնում պահվող փայտե մահակը՝ ոչնչացնել:

Ավելի մեղմ, ինչպես չի եղել չորս երեխաների, զինվորի մոր նկատմամբ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Դատարանը հղում էր կատարել ՀՀ Վճռաբեկ դատարանի Խաչիկ Ղազարյանի գործով որոշմանը, որը վերաբերել է «տուժողի վարքագծի հակաօրինականությանը». «Այն իր մեջ ներառում է նաև այլ գործողություններ, որոնք արգելվում են իրավունքի այլ ճյուղերով, օրինակ, վարչական, աշխատանքային, քաղաքացիաիրավական օրենսդրությամբ: Հակաօրինական վարքագիծը կարող է արտահայտվել ծեծի, խոշտանգման, ծանր վիրավորանքի, մարդկային արժանապատվության նվաստացման ձևով: Տուժողի վարքագծի հակաբարոյականությունը գնահատելու համար անհրաժեշտ է ելնել հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական կանոնների դիրքերից, այնպիսի կատեգորիաների մասին պատկերացումներից, ինչպիսիք են արդարությունը, պատիվը, բարին ու չարը և այլն: Հակաբարոյական վարքագծի դրսևորումներից է խաբեությունը, դավաճանությունը, խարդավանքը, պահպանության վստահված փողերը վատնելը, բամբասանքներ տարածելը, ամուսնական դավաճանությունը և այլն: Սակայն այդպիսի հակաբարոյական վարքագիծը պետք է աչքի ընկնի բավականաչափ ցինիզմով և հանդգնությամբ, որպեսզի հանցավորի մոտ առաջացնի հոգեկան խիստ հուզմունքի վիճակ և դրդի հանցագործություն կատարելու վճռականության»:

«Առավոտ», 

28.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930