Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետո չասեք՝ չզգուշացրեցիք

Նոյեմբեր 29,2018 12:00

ԱԺ ընտրություններին մասնակցում է մի ուժ, որը չի ընդունում, ո՛չ մեր երկրի Սահմանադրությունը, ո՛չ մեր պետության սահմանները

Թե ինչ վտանգ է ներկայացնելու Հայաստանի քաղաքական կյանքի համար «Սասնա ծռերի» լեգիտիմացումը՝ արդեն մի քանի անգամ առիթ է եղել անդրադառնալու այդ թեմային: Սակայն, ինչպես երեւում է, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:

Անցյալ շաբաթ «Ազատությանը» տված հարցազրույցում «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը hարցին, թե արդյոք ՊՊԾ գնդի վրա «Սասան ծռերի» հարձակման եւ 3 ոստիկանների սպանության փաստը ընտրություններում բացասական ազդեցություն չի՞ թողնի կուսակցության վրա, ասել է, թե բացահայտում է ուզում անել, մասնավորապես, որ իրենք փորձել են հանդիպել սպանված 2 ոստիկանների հարազատներին, սակայն դա իրենց չի հաջողվում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պատճառով. «Օսիպյանի, ավելի ճիշտ՝ Օսիպովի պատճառով այդ գործընթացը կիսատ է մնացել: Նա ամեն ձեւի խանգարել է մեզ մոտենալ այդ ընտանիքներին՝ տարբեր ձեւերով օգտագործելով իր պաշտոնը: Ավելի շատ փորձել են ընտանիքներին այնպիսի հոգեվիճակում պահպանել, որ նրանք հրաժարվեն մեզ հետ հանդիպել»:

ՀՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքեց Սեֆիլյանի վերոհիշյալ հայտարարությանը` Սեֆիլյանին մեղադրելով ստախոսության մեջ. «Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որեւէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի: Սեֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որեւէ փաստարկ ու հիմնավորում չունի եւ սնվում է զուտ իր երեւակայությունից: Ժիրայր Սեֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից»:

Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելուց բացի, «Սասնա ծռերը», պարզվում է, ծրագրեր ունի Արցախում՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Ոչ մի կերպ բերձորյան իրադարձությունները, փաստորեն, չեն մոռացվում, անձնական վրեժի ներքո թաքնվում են «քաղաքական» բարձրագոչ պահանջներ: «Սասնա ծռերը» խոսում է Արցախում ինչ-որ «պայթյուն կանխելու» անհրաժեշտության մասին:

«Այսօրվանից մենք հայտ ենք ներկայացրել գործող իշխանություններին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Որպեսզի գտնվի այն ճանապարհային քարտեզը, որը առանց ցնցումի կապահովի իշխանափոխությունը»,- ասում է Սեֆիլյանը: Դիտարկմանը, թե մեկ տարի հետո Արցախում ընտրությունների միջոցով լինելու է իշխանափոխություն, Սեֆիլյանը հակադարձել է. «Եթե սպասենք մի տարի, կարող է պատահի ցնցումով լինի: Այդպիսի իրավիճակ է: Անհամբեր են արդեն մարդիկ: Այս մեկուկես ամսվա մեր գործունեությամբ մենք մի կերպ ենք զսպում այդ ամենը: Եվ ես համոզված եմ, որ գործող իշխանությունները այդ խոհեմությունը կունենան, եւ հանգիստ այդ լուծումը կգտնվի»: Հարցին էլ, թե ե՞րբ են նախատեսում սկսել այդ բանակցությունները կամ իշխանափոխության գործընթաց նախաձեռնել Արցախում, Սեֆիլյանը պատասխանել է. «Հնարավորինս շուտ: Բնականաբար՝ ընտրություններից հետո»:

Հայաստանի քաղաքական կյանքում զենքը որպես քաղաքական պայքարի մշակույթ ընդունելի համարող ուժը, այսպիսով, բաց խոսում է իր ծրագրերի մասին: ՀՀ իշխանությունները գրանցեցին այս կուսակցությանը, ավելին՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում է մի ուժ, որը չի ընդունում Հայաստան պետությունը, Արցախում էլ առնվազն հեղաշրջում իրականացնելու կոչերով է հանդես գալիս:

Եվ ընդհանրապես, արդեն ակամայից մտածում ես, որ «կրակն ենք ընկել», որ որոշ մարդիկ կռվել են Արցախի համար, քանի որ հիմա ստիպված ես շարունակաբար առերեսվել մարդկանց մի խմբի հետ, որոնք իրենց բացահայտ օրենքից դուրս են դրել, բավական հանգիստ անարխիայի քարոզով են զբաղված՝ պետությունն իրենց «հոր դուքան» պատկերացնելով:

Անցյալ շաբաթ Հ1-ի եթերում «Այսօր իրականում» հաղորդման հյուրը «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն էր, որը պատմում էր, թե «Արցախում շատ ավելի կոշտ ձեւով են կեղեքել մեր բնակչությանը, քան ՀՀ-ում», եւ նշում էր, որ Արցախի իշխանությունը՝ «մնացուկն է երեւանյան մաֆիոզ ռեժիմի»: Ուստի օր առաջ, ըստ Սեֆիլյանի, իշխանափոխություն պետք է տեղի ունենա. «Սակայն պետք է տեղի ունենա հնարավորինս անցնցում ձեւով: Ես այնտեղ կոչով եմ հանդես եկել գործող իշխանություններին, չնայած այն հանգամանքին, որ բերձորյան հայտնի ոճրագործության պարագլուխների պատիժը մենք համոզված ենք, որ անխուսափելի է լինելու, եւ հետամուտ ենք լինելու այդ ամենին, սակայն այդ ամենը չի խանգարելու, որ զուգահեռաբար այսօր մենք կոչով հանդես գանք այնտեղ գործող իշխանություններին՝ հանձինս Բակո Սահակյանների, որ օր առաջ նստեն բանակցությունների սեղանին մի օրակարգի շուրջ՝ ինչպես իշխանություն փոխանցել ժողովրդին»: Պարզվում է՝ «Սասնա ծռերը» չի սպասելու մինչեւ 2020թ. ընտրություններին Արցախում:

Առհասարակ, ի՞նչ ծրագրով ու նպատակներով է գնում այս ուժը ընտրությունների: Այստեղ ուղղակի խոսքերն ավելորդ են: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նպատակներից է, օրինակ, հետեւյալը. «Ըստ մեզ՝ հայությունն ունի իր օրինակով արարչության լույսը տարածելու եւ արդարություն հաստատելու համամարդկային առաքելություն, հանուն որի նա պետք է իր գերակշիռ մասով վերահաստատվի Հայրենիքում, վերատիրանա Հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործության տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի ու մարդկային երջանկության գործող ինքնակառավարման համակարգ»:

Ամբողջ 35 րոպեանոց հաղորդման ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպե՞ս է «Սասնա ծռերը» իրականացնելու վերոնշյալը: Մի պահ պարզ դարձավ, որ «հանգրվաններով» հնարավոր է վերադարձնել Մասիսը, Նախիջեւանը, եւ որ «սրանք արհեստական սահմաններ են, պետք է վերադառնալ 100 տարի առաջվա սահմաններին»:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ընդունած ծրագիրը ավելի «խոսուն» է. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը մերժում է ներկայիս հայկական պետականությունը որպես ռուս-թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք եւ իրավասուբյեկտություն չունեցած Խորհրդային Հայաստանի ժառանգորդ համարելու, այսպես կոչված՝ 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, ինչպես նաեւ դրա իրագործումից բխող՝ իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատելու հանցավոր ու կործանարար մոտեցումներից»:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարցնում է՝ այսինքն՝ դուք մերժո՞ւմ եք այսօրվա մեր պետությունը: «Այո»,- պատասխանում է Սեֆիլյանը: Դուք ո՞նց եք մասնակցում այս պետության խորհրդարանական ընտրություններին, եթե այս պետությունը չեք ընդունում, այսինքն՝ սահմանները չեք ընդունում, ուրեմն նաեւ՝ Սահմանադրությունը չեք ընդունում: «Այո»,- ասում է Սեֆիլյանը՝ բացատրելով. «Ազգային պետություն չունենք դեռ»:

Կուսակցության ընդունած ծրագիրն այլ ուշագրավ պահանջներ էլ ունի. «Առաջադրել Նախիջեւանի եւ Կուր գետի աջ ափի տարածքների վրա միջազգային իրավունքին համապատասխան Նոր Հանրապետության իրավազորության հաստատումը՝ որպես այս գործընթացի հերթական քայլ, եւ ձեռնամուխ լինել դրա իրականացմանը: Սկզբի համար Նախիջեւանի եւ Կուր գետի աջ ափի տարածքների վրա Նոր Հանրապետության տարածքի ընդարձակումը եւ Կուր ու Արաքս գետերի բնական սահմաններով պարփակված ամբողջ տարածքի վրա նրա կայացումը որպես արդեն Կուր-Արաքսյան Հանրապետություն ինքնանպատակ չէ»:

Հետաքրքրական են նաեւ ծրագրի՝ Ռուսաստանի առնչությամբ դրվագները: «Առնվազն կատարել ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու համար անհրաժեշտ հետեւյալ գործողությունները՝ դուրս բերել ՌԴ սահմանապահ զորքերը եւ ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածները հանձնել ՀՀ սահմանապահ զորքերին, չեղյալ հայտարարել ՌԴ հետ ՀՕՊ միասնական համակարգի եւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման վերաբերյալ պայմանագրերը, դուրս գալ ՌԴ առանցքի շուրջ ստեղծված վերպետական ու դաշինքային բազմակողմ ձեւաչափերից (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ), իրագործել ապակոմունիզացման եւ ապախորհրդայնացման (անհրաժեշտ մասով՝ ապառուսականացման) ծրագիր, դուրս բերել ՌԴ ռազմակայանը ՀՀ տարածքից»:

Հաղորդավարը կրկին փորձում է ճշտել՝ այսինքն՝ Ռուսաստանին դուրս ենք մղում տարածաշրջանից, Արցախը Հայաստանի մաս ենք հայտարարում, Նախիջեւանը հետ ենք վերցնում, այսինքն՝ Թուրքիային եւ Ադրբեջանին պատերազմ ենք հայտարարում: Դարձյալ 35 րոպեի ընթացքում որեւէ տրամաբանական պատասխան չի հնչում, թե Հայաստանի կողմից նման քայլերի դեպքում՝ ինչպե՞ս է Հայաստանը երեք ճակատով կռիվ տալու ու հաղթելու Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին:

Այսքանն էլ մի կողմ, Սեֆիլյանն անգամ համարում է. «Շատ կարճ ժամանակահատվածում դուք ականատեսն եք լինելու, թե ինչպես է ռուսական կողմը «Սասնա ծռերի» ղեկավարության հետ նստելու բանակցության», թեեւ ըստ Սեֆիլյանի՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ «Սասնա ծռերը» հայտնվի խորհրդարանում:

Ի դեպ, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հրապարակած արտահերթ խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ համարը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է, որը տարիներ շարունակ տարբեր եվրոպական հիմնադրամների ֆինանսավորմամբ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, բարիդրացիական հարաբերությունների, հարեւանության հարցերով միջազգային կոնֆերանսներ է անցկացրել՝ հանդես գալով այդ թեմաներով վեհ գաղափարներով: Նոյեմբերի 13-ին «Ազատությանը» տված հարցազրույցում նա պարզաբանել է, թե ինչու է «Սասնա ծռերի» ցուցակում։ «Ինձ համար կարեւոր է այն հայտնի հայտարարությունը «Սասնա ծռերի», հուլիս ամսվա, երբ որ իրենք ասեցին, որ հրաժարվում են բռնությունից՝ որպես մեթոդ քաղաքական հարցերը լուծելու, էջը փակված է»,- ասել է Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետին հիշեցնենք, որ հուլիսից հետո «Սասնա ծռերի» անդամները հրապարակավ հանդես են եկել դիրքորոշմամբ՝ ներկայացնելով զենքը որպես քաղաքական պայքարի անբաժանելի ատրիբուտ: Մասնավորապես, նույն կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համարը՝ «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը, հոկտեմբերին «Ազատությանը» տված հարցազրույցում շատ մանրամասն բացատրում էր, թե որքան ընդունելի է զենք ունենալն ու կիրառելը, եւ որքան հանդուրժող պետք է լինել զենքի նկատմամբ, ավելին՝ նա ասում էր. «Եթե դու ուզում ես չարիքից ազատվել, եւ այդ չարիքին պաշտպանողներ կան, ընթացքում կարող են անմեղ զոհեր լինել»:

ՀՀ իշխանություններին մնում է մեկ բան ասել. հետո չասեք՝ չզգուշացրեցիք:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» ,  28.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Լաւ, այսուհետեւ կարելի չէ ըսել թէ չզգուշացրեցիք :
    Սակայն երանի սկսէիք զգուշացնել տարիներ առաջ… նոյնիսկ եթէ էն վախտը ասոնք շատ աւելի մեծ թիւով երկրպագուներ ունէին, իսկ վարչակարգն ալ ժողովրդային ատելութեան առարկայ էր:

    ինչևէ… mieux tard que jamais…

    Փաշինյանի բազմաթիւ սխալներէն մէկն ալ եղաւ այս անձինքը ջանալ օգտագործելը, մինչ անոնք շուտով կը դառնան արդէն իր ծանր գլխացաւը: Այս պահին սակայն, հետաքրքիր է թէ ինչպէս անոնք տեւաբար տեղի են տալիս իր առջեւ, խոնարհում ու քծնում եմ, կուլ են տալիս ամէն բան ու դարձեալ ձեռք են երկարում, նոյնիսկ հանրութեան առջեւ երկրի նոր ղեկավարէն կողմէ մկանոտ յանդիմանութիւն մը ստանալէ ետք, «վարպետ քաղաքականութիւն» են խաղում, նոյնիսկ երբ որ օրուայ իշխանութիւնը Արցախի նիւթով անընդունելի բաներ է ասում:
     
    Չէինք գիտեր թէ Սասունցի Դաւիթը այսքա՜ն քաղաքագէտ, դիւանագէտ էր…

  2. Մարինա says:

    Լիբանանում, երևի, շնորհակալ են Հայաստանից, որ այս մարդն այլևս Բեյրութ վերադառնալու նպատակ չունի։ Հայաստանին հիմա համապատասխանում է արաբական այս ասածվածքը՝ Կանետ մրտահա, ջաբետ լահա հահա, այսինքն՝ անցավ գլուխը դրեց ցավի տակ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930