Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «ԿԳԲ»-ն հարցաքննել Հրանուշ Խառատյանին

Նոյեմբեր 28,2018 22:22

Այսօր «Հոդված 3» ակումբում «ՏիւսUP» կանանց զրույցների շրջանակում հյուրը ազգագրագետ, հասարակական, քաղաքական գործիչ Հրանուշ Խառատյանն էր:

Տիկին Խառատյանն այս զրույցների ընթացքում պատմեց իր մանկությունը, երբ ընտանիքն ապրում էր ադրբեջանական Շամխոր քաղաքում, եւ այն փողոցը, որտեղ նա մեծացել է, հիմնականում ադրբեջանաբնակ փողոց էր. «Մի քանի հայկական ընտանիքներ կային, բայց բոլորի հետ շփվում էինք, ինչպես ադրբեջանական ընտանիքների հետ: Մեր սերտ հարեւանը ադրբեջանական ընտանիք էր եւ շատ նորմալ հարաբերություններ էին: Բայց պիտի ասեմ, հայերի մեջ այն խնդիրը կար, այն ժամանակ ես լավ չէի գիտակցում, թե ինչու մեր ծնողները փողոցից մեզ շուտ էին տուն կանչում:

Առանձին խոսքեր հնչում էին, որ ավելի մեծանալով ես հասկանում: Ենթադրում եմ նրանց մեջ էլ հակահայկական բաներ կային: Ամենացայտուն հիշողությունս՝ գիտեք, Ադրբեջանի թրքախոս բնակչությունը մահմեդականությունը Շիա է եւ այն ժամանակ տարական մի նշում կար՝ փողոցով մեծ երթեր էին, կանայք իրենց կուրծքն էին պատառոտում, տղամարդիկ իրենց էին խփում՝ մինչեւ արյուն գալը: Եվ մեր ծնողներն արգելում էին այդ օրերին փողոց դուրս գալ, իսկ այն ինչ արգելված է, ավելի հետաքրքիր է, ու ամեն ծակուծուկ փնտրում էինք նայելու: Չէի ասի վախեցնող էր, անչափ հետաքրքիր էր: Բայց, այնտեղ ավելի զսպվող կենցաղ ունեինք, Հայաստանում՝ ավելի ազատ, ու ծնողները Հայաստանում ավելի հեշտ էին թույլ տալիս բակային սոցիալականացումը»:

Ապա` տիկին Խառատյանը մի դեպք էլ պատվեց արդեն Հայաստանում իր դպրոցական տարիներից, երբ նա սովորում էր ֆիզմաթ դպրոցում. «Կարծեմ 67 թիվն էր, սա առաջին տարին էր, որ տեղափոխվել էինք, եւ այդ դպրոցում ունեինք շատ լավ մաթեմատիկայի ուսուցիչ, շատ հանգիստ ու ըմբռնելի էր ներկայացնում: Բայցեւ շատ խիստ էր, ասենք կգար աշակերտի տուն, քանիցս մեր տուն է եկել: Դուռը կծեծեր, ներս կմտներ, իսկ մենք աղջիկ ենք, աղջկա նման ենք դաստիրակված, ասենք՝ խոհանոցում աման եմ լվանում կամ գիրք եմ կարդում:

Անմիջապես բորբոքվում էր՝ էս ինչ բան է, ով է քեզ ասել աման լվանաս, գնա էսքան խնդիրներն արա: Ու նրան, չգիտես ինչու որոշեցին հեռացնել: Մեր դասարանը, 7-րդ դասարան էինք, որոշեց, այսինքն՝ պահանջել չհեռացնել: Մեզ դուրս արեցին, թե՝ դա ձեր գործը չէ, ու մենք որոշեցինք դասադուլ անենք: Որոշեցինք, որ տանը ոչինչ չենք ասում, դպրոց չենք գնում, հավաքվում ենք մի տեղ»: Դե հետո, ինչպես Խառատյանը պատմեց, դասերն ավարտվել էին, երեխաները տուն չէին գնացել, ծնողները սկսել էին փնտրել. «Հայրս էր եկել, ես լացեցի, ասացի՝ ես չեմ գա տուն, մենք մեր ուսուցչին ենք ուզում: Հայրս ասաց՝ 2 օր դպրոց չես գնա ու տանը կմնաս: Վախեցած մեր ուսուցչին թողեցին, բայց տարվա վերջում հեռացրեցին: Մեր դասարանը որոշեց՝ այդ դպրոց չի գնալու, ամբողջ դասարանը գործերը հանեց ու տեղափոխվեցինք այլ դպրոցներ: Շատերը գնացին այդ ուսուցչի դպրոց: Հետո այդ դպրոցը այն տարին, որ պետք է շրջանավարտներ ունենար, այդ տարին ավարտական դասարան չունեցավ»:

Տիկին Խառատյանը պատմեց նաեւ խորհրդային տարիներին կրոնի արգելքի մասին, եւ ներկայացրեց, թե ինչ խնդիրների է հանդիպել, երբ դեռ դպրոցական էր:

«10-րդ դասարանում էի, այդ տարիներին Աստվածաշունչ, Ավետարան խոսքերն անծանոթ էին մեզ, չգիտեինք՝ ինչ է գրած ու ինչո՞ւ է արգելված: Ինչ-որ մեկը ճարել էր այդպիսի գիրք, Ավետարանն էր: Թաքուն հավաքվում ու կարդում էինք, ու դա բացվեց,ինչ-որ մեկը, երևի, դուրս էր հանել տեղեկությունը: Իսկ մեր դպրոցը փորձառական դպրոց էր, կրթության կազմակերպիչների ուշադրության կենտրոնում: Շրջկոմից, ԿԳԲ-ից ամեն օր մարդ էր գալիս ու հարցաքննում մեզ, հարցնում էին՝ որտեղի՞ց գիրքը: Մինչեւ հիմա չգիտեմ որտեղից: Պատկերացնո՞ւմ եք՝ պագոնավոր մարդիկ գալիս էին, վախենալու էր: Դպրոցի տնօրենին հեռացրեցին, դպրոցը նկատողություն ստացավ, թե կուսակցական աշխատանքը թուլացած էր: Ապա մեր դպրոցի մասին գրեցին Ավանգարդ, Սովետական Հայաստան թերթերը: Մենք մեր մասին սարսափելի բաներ էինք կարդում, որ դաստիրակությունը բարձիթողի է, կոմունիստական կրթությունը ավիրված է: Գրում էին դպրոցի տնօրենի անունը, կուսկազմակերպչի անունները: Իսկ նրանք մեզ համար մեծություններ էին, կարդում էինք ու վախենում»:

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    ԱվԻրված չի՝ ավԵրված է, տիկին Խառատյան։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930