Այսօր Շիրակի մարզի տարբեր տեղանքներում՝ Արթիկում, Ամասիայում ու Աշոցքում իրենց քարոզարշավն անցկացրեցին «Մենք» դաշինքի թեկնածուները։ Նրանք ժամը 17․00-ի սահմաններում եղան նաև Գյումրիում, սակայն այստեղ ոչ թե ելույթներ ունեցան, այլ պատասխանեցին լրագրողների հարցերին, մոմեր վառեցին «Սուրբ Ամենափրկիչ Յոթվերք» եկեղեցում, այնուհետ ուղևորվեցին Անի թաղամաս՝ բակերում շրջելու ու բնակիչների հետ զրուցելու։
Aravot.am-ը դաշինքի 2-րդ տեղը զբաղեցնող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց՝ եթե ընտրվեն, Ազգային ժողովում հանդես են գալու որպես ընդդիմադի՞ր ուժ, թե՞ առաջարկի դեպքում կոալիցիա են կազմելու ու կառավարություն են ձևավորելու ձայների մեծամասնություն ստացած ուժի հետ։
Խաչատուր Քոքոբելյանը նախ համոզմունք հայտնեց, որ իրենք կլինեն նորընտիր Ազգային ժողովում ու ասաց, որ ընդդիմություն լինելը լոկ դեմ լինել չէ ։
«Այո՛, մենք լինելու ենք և այդպես կա Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում գլխավոր ընդդիմախոսն այսօրվա իշխանության, ինչը չի նշանակում, որ մենք չենք օժանդակելու այն խնդիրների լուծմանը, որի կարիքը հայրենի իշխանությունը պետք է ունենա, Աստված տա, չունենա, բայց ունենալու դեպքում։ Հայաստանում ընդհանրապես ընդդիմության տեսլականի, պատկերացումների հետ կապված վերաիմաստավորման կարիք կա, միշտ ըմբռնումով ենք մոտեցել այն մարդկանց, որոնց թվում է ընդդիմությունը պարտադիր դեմ լինելն է։ Ես այդպես չեմ եղել, թեկուզ 20 տարի ընդդիմության դաշտում եմ, ես իմ սկզբունքներն եմ պաշտպանել և մեր խնդիրը դեմ լինելը չէ, մեր խնդիրը խնդիրներ լուծելն է, բայց Ազգային ժողովում վստահեցնում եմ ձեզ ի դեմս «Մենք»-ի կլինի այն խմբակցությունը, որը կբարձրաձայնի ու տեղ կհասցնի այն խնդիրները, հասարակության ներկայացուցիչների այն մոտեցումները, որոնք նրանք չեն կիսում իշխանության հետ», -ասաց մեր զրուցակիցը։
Նա ներկայացրեց նաև մարզերի արագ զարգացման իր լուծումը։ «Շատ պարզ լուծում կասեմ, գործիք, որը արագ կզարգացնի, ոչ թե համաչափ կզարգացնի մարզերը։ Ինչ է նշանակում համաչափ, մարզի էդ հնարավորությունն ավելի զարգանա, պիտի ավելի զարգանա, աշխարհում այդպես է։ Օրինակ՝ բեռլինամերձ քաղաքներում բնակարանների գներն ավելի բարձր են, քան Բեռլինում։ Ես առաջին անգամ, որ տեսա, զարմացա, որովհետև մենք սովոր չենք նման բանի։ Մեր մոտ կա շատ թույլ ըմբռնում, որ բիզնեսը միայն մայրաքաղաքում պետք է լինի։
Իմ մոտ կա ճիշտ հակառակ մոտեցումը, ասում եմ, որ շրջաններն ավելի մեծ հնարավորություն ունեն։ Օրինակ՝ մի պարզ օրենք կարելի է ընդունել, ենթադրենք շահութահարկի 10 տոկոսը հատկացվի այն համայնքին, որ համայնքում այդ շահույթը ստեղծվում է, որպեսզի համայնքն ու համայնքի ղեկավարը ստիպված լինեն նաև օժանդակելու բիզնեսին, որ բիզնեսը կայանա։ Այդ դեպքում Երևանի կենտրոնում գտնվող այդ խոշոր կառույցները իրենք մեխանիկորեն, մեծ արագությամբ կշարժվեն դեպի մարզեր։ Բայց դա չի արվել, որովհետև բյուջեի ընդհանուր տնօրինման և բաշխման խնդիր է եղել։ Տեսեք ինչ պարզ լուծում է, ես չեմ ասում 50-60 տոկոս, օրինակ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում այդպես է, պետք է մարզը կամ համայնքը, ընդհանրապես համայնքի մասին խոսելն է ճիշտ, տեղական ինքնակառավարման, պետք է այդ հնարավորությունն ունենա։
Օրինակ՝ Գյումրու համայնքապետարանը բանակցի «Սամսունգ» ընկերության հետ, հրավիրի իր մոտ և ասի՝ կարող եմ քեզ այս հարկատեսակներից ազատել, բայց այսօր օրենքն այդ հնարավորությունը չի տալիս։ Միայն գույքահարկն է, որը շատ փոքր թիվ է կազմում ընդհանուր փաթեթում։
Այս մեկ օրենքով ուղղակի հնարավորություն կտրվի, որ ձևական խոսքերից անցնենք գործնական քայլերի։ Մեր համար անվտանգության խնդիր է նաև Երևանը բեռնաթափելը, մեր համար անվտանգության խնդիր է մյուս ենթաշրջանները, մեր մյուս գեղեցիկ քաղաքները, որոնցից ամեն մեկը յուրովի հմայք ունեն՝ կապված իրենց տեղանքի, բնության, պատմության հետ, սկսած Գորիսից վերջացրած Գյումրիով։ Ցանկացած տեղ կա մի առանձին կոլորիտ և այդ հնարավորությունը տալու մեկ օրենքով դա կարելի է անել։ Ես ցավում եմ, որ մինչը այս պահը չի արվել»։
Նա ասաց, որ եթե «Մենք» դաշինքը Ազգային ժողովի անցնի նույնիսկ 10 պատգամավորով, այդ խնդիրների մասին ոչ թե կխոսի, այլ լուծում կտա։
Նա խոսեց նաև «Գյումրու մասին օրենք» ունենալու անհրաժեշտության մասին։
«Հայաստանը պետք է դարձնել տաղանդների երկիր, Հայաստանը ոչ թե էժան բիզնես հիմնելու երկիր պետք է դառնա, դա սխալ մոտեցում է, 21-րդ դարում այլևս էդպես չեն անում, Հայաստանը պետք է դարձնել հարմարավետ ապրելու, երջանիկ ապրելու երկիր», -ասաց Խաչատուր Քոքոբելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ