«Արյան հետ կապված հանցագործությունները որեւէ պարագայում չի կարելի ներել: Եթե մարդը մահացել է, նրան սպանել են, այլեւս չենք կարող նրան վերադարձնել: Հասցված է անդառնալի վնաս: Նման հանցագործություններում չի կարող լինել համաձայնություն: Իսկ եթե փող է գողացվել, այն կարելի է վերադարձնել»,-այսօր Սյունիքի մարզում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ՝ եթե անհրաժեշտ է, գողացված փողը կարելի է կրկնակի ծավալով վերադարձնել. «Պետք է մտածել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա թալանվածը վերադարձնել պետբյուջե, եւ այդ գումարներն առաջին հերթին ծառայեցնել բանակին: Գնահատելով ԶՈՒ-ի եւ սպաների բնակարանային կարիքները՝ խնդիր եմ դրել կառավարության առաջ, որ առաջիկա հինգ տարում նվազագույնը 2,5 միլիարդ դոլար պետք է ծախսվի բանակի զարգացման համար: Դա բխում է մեր անվտանգության շահերից»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գումարի մի մասը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի շրջանակում՝ գողացված գումարների վերադարձից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ