ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները դիմել են պետությանը՝ հայտնելով, որ Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը ցանկանում են նվիրել պետությանը: Այս մասին այսօր Սյունիքի մարզում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա կարծիք հայտնեց. «Անցումային արդարադատությունից են օգտվել ու դիմել այդ քայլին, բայց առկա է քրեական գործ»: Ըստ Փաշինյանի՝ եթե հյուրանոցի՝ պետությանը նվիրաբերման գործընթացը շարունակվի բնականոն հունով, ապա այն կդրվի աճուրդի. «Ըստ որոշ գնահատականների՝ հյուրանոցի արժեքը մոտ 20 միլիոն դոլար է: Այդ փողերը մուտքագրվելու են պետբյուջե»:
Իսկ թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը հետեւյալը հայտնեց. «Ռոբերտ Քոչարյանը մի անգամ հարցազրույց տալիս ասում էր՝ «ի՞նչ է արել Արմեն Ավետիսյանը»: Հետո ԱԱԾ-ն հրապարակեց տարիներ առաջ նկարահանված տեսանյութ, որում երեւանյան «Գոլդեն Փելըս»-ի բացումն էր, որին ներկա էին Քոչարյանը եւ Արմեն Ավետիսյանը: Ներկայացվում էր, թե դա արտասահմանից ներդրում է՝ Կիպրոսից: Իսկ իրականում, ՀՀ-ում կոռուպցիոն ճանապարհով ձեռքբերված փողերը տարել էին Կիպրոս, այնտեղ «պտտել», հետո բերել՝ հյուրանոց սարքել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ