«Ես ձեզ չեմ ասելու, որ մենք վերեւից աստղեր ենք իջեցնելու կամ մենք ունենք կախարդական փայտիկ, միայն թե ձեր ձայնը տվեք, եւ ես վաղն այս բոլորն անելու եմ: Ես ապրել եմ այս երկրում, ապրելու եմ եւ իմ հնարավորության սահմաններում ինչ-որ կա՝ արել եմ, անելու եմ՝ անկախ ձայներից ինչքան կտաք՝ չեք տա»,-այսօր Տավուշի մարզի Իջեւան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը տավուշցիներին ներկայացրեց ամենակարեւոր խնդիրը, որն, ըստ նրա, բանկային համակարգն է.«Այսօր ամբողջ ազգովի բանկի տակ են, տոկոսի տակ են, վարկերի տակ են: Այսօր ունենք 650 հազար ընտանիք, եւ ունենք միլիոն ու կես վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքին 2 ու կես, համարյա 3 մարդ վարկի տակ են՝ կինը, ամուսինը, տղան, աղջիկը, մեկը վերցնելով, մյուսը փակելով: Խնդիրը պետք է կարգավորվի: Եվ պետության աջակցությունն է պետք եւ բանկերի սեփականատերերի: Այդ վիճակով բանկերի գրավներն էլ են արժեզրկվում»:
Ծառուկյանը, ինչպես երեկ աբովյանցիներին , իջեւանցիներին էլ բացատրեց, որ չի կարող գործարարի շահույթը լինել 5-7 տոկոս, բանկի վարկերի տոկոսները՝ 8-12.«Ո՞նց կարող է նման բան լինել, տուժելու դեպքում, ուրեմն գրավն էլ է կորելու: Պետք է լինի այնպես, որ դու բանկից տոկոս ես վերցնում, պետք է այն տարվա շահույթից պակաս լինի: Բանկի տոկոսը պետք է լինի 3-4 տոկոս, որ ժողովուրդը կարողանա շնչել»:
ԲՀԿ առաջնորդը երիտասարդների հարցերն էլ բարձրացրեց. «Ուսանողներն այսօր ուզում են սովորել, բայց ծանր վիճակից չեն կարողանում վարձերը վճարել: Պետք է այդ մարդկանց հնարավորություն տալ: Տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը չեն ավելացնում, ավելացնելու դեպքում դառնում են գործազուրկ, հիմնարկները սնանկանում են, ժողովուրդն էլ նպաստ է ստանում կամ արտագաղթի ճանապարհն է բռնում»:
Այս իրավիճակներից դուրս գալու հնարավորությունը, ըստ Գագիկ Ծառուկյանի, «միասնական, մտածված, քայլ առ քայլ գործ կատարելով» է:
«Բարեգործությամբ երկիր չես կառուցի, պետք է մարդուն հնարավորություն տաս աշխատի ժպիտը դեմքին»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նկատելով, որ կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդու փորձը, գիտելիքը. «Ծառուկյանը ուզում ա մի լավ բան անի, չարչարվում եմ, բերում եմ, մտածում եմ, ցույց եմ տալիս, ներկայացնում եմ»:
Գագիկ Ծառուկյանի խոսքով, ինքն իր թիմակիցներին զգուշացրել է, որ որեւիցե մի քաղաքական ուժին, գործչին թերագնահատելու հաշվին հեղինակություն ձեռք չբերեն, եթե նման բան լինի՝ կուսակցությունից կհեռացնի: Բայց, եթե այլ ուժերն էլ փորձեն ԲՀԿ-ի խաթրին կպնեն, այդ քաղաքական գործիչների եւ ուժերի անցածը կհանեն եւ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հանրությանը «կետ առ կետ կասեն՝ ով ա, ինչ ա, ումն ա, ինչի շնորհիվ ա, ինչի համար ա անում եւ իրա նպատակն ինչ ա»:
Իջեւանում էլ Գագիկ Ծառուկյանին տասնյակ քաղաքացիներ մոտեցան այս կամ այն հարցը լուծելու խնդրանքներով, սակայն պարոն Ծառուկյանը խորհուրդ տվեց դիմել դեկտեմբերի 9-ից հետո:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ինչ է, արգելում եք ձեր կուսակցությանը փնովել? Էս ովքեր են այ մարդ: Գնացեք Ռուսաստան կամ Թուրքմենստանի էլի