ՄԵՆՔ դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ թիմակիցների հետ քարոզարշավ իրականացնելու ընթացքում ավանցիները հարցախեղդ արեցին:
Այնքան էին հարցեր հղում, որ անգամ թույլ չէին տալիս՝ պատգամավորի թեկնածուն խոսի: Մի կին անընդհատ ընդմիջում էր, մյուս կողմից մի միջին տարիքի տղամարդ նկատողություն արեց՝ տիկին ջան, մեր արդարադատության նախարարն է. տեսնենք՝ ինչ է ասում:
Մեկ այլ տղամարդ հարցրեց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ին «աչյոտի» չեն կանչում, երբ հինգ վեց հոգի նրանցից կանգնած խոսում ու նոր կառավարությունից պահանջում են: Այնուհետև հավելեց. «Եթե երեսուն տարի իրենք քանդել են, մեկ տարի էլ դուք քանդեք մեկ ա՝ դիմանում ենք»:
Արտակ Զեյնալյանը հակադարձեց՝ ոչ մեկ քանդելու իրավունք չունի և հավելեց. «Այս ընտրություններն այդ պատասխանատվության քննությունն են: Դուք ձեր ընտրությամբ որոշելու եք՝ նրանք հեռանալո՞ւ են, թե ոչ: Ձեր ընտրությամբ դուք պիտի որոշեք, դուք ուզո՞ւմ եք ՀՀԿ-ին, թե՞ ոչ»:
Կողքից ավանցիներն արձագանքեցին՝ ՀՀԿ-ին ո՞վ կարող է ուզել:
Մի տղամարդ էլ հարցրեց՝ եթե մենք չորրորդին ընտրենք, դա ձեզ վրա ստվե՞ր կգցի, Արտակ Զեյնալյանը ծիծաղով պատասխանեց. «Մենք չենք ընտրվի, պիտի ութին ընտրեք, որ մենք ընտրվենք»:
Արտակ Զեյնալյանի շուրջ հավաքվածերը ռեպլիկի կարգով ասացին՝ իրենք նիկոլենցից չեն, նիկոլենց հետ չեն:
Արտակ Զեյնալյանը քաղաքացիներին հավաստիացրեց՝ եթե եկան իշխանության, բոլոր գողացված գումարներն օրինական ճանապարհով բերելու են Հայաստան, քանի որ դրա ձևերը, գիտելիքները և քաղաքական կամքն ունեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ