Մասիսում ընտրողների հետ հանդիպմանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Բաբաջանյանը հավաստիացրեց՝ դեկտեմբերի 9-ի ընտրությունները մեծ, բեկումնային ու պատմական են լինելու:
«Լուսավորիր Հայաստանը» կարգախոսով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) քարոզարշավ է իրականացնում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը:
Նոյեմբերի 28-ին մարզային հանդիպումներ տեղի ունեցան Մասիսում, Արտաշատում, Այնթափում, Էջմիածնում, Խարբերդում, Մեծամորում, Արմավիրում:
Արման Բաբաջանյանը Մասիսում հայտարարեց. «Կարծում եմ՝ իշխանության հարցը լուծված է. մենք չենք վիճարկում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մենք ասում ենք՝ ովքեր պիտի լինեն հեղափոխության մյուս ուժերը հեղափոխական ուժից բացի խորհրդարանում: Նրանք, որոնք գալիս են ռևանշիստական նպատակներո՞վ, ովքեր թալանի, մեր երկրի արտաքին վարկը գցողնե՞րն են, այս արատավոր իրականության պատասխանատունե՞րը, կապիտալի, փողի շուրջ ձևավորված տարատեսակ խմբավորումներ են, որոնք հասցրել են լինել ընդդիմության և իշխանության մեջ»:
Այս համատեքստում Արման Բաբաջանյանը նշեց. «Մեռելները պիտի թաղվեն գերեզմանոցներում, և նրանք պիտի տեղ չունենան վաղվա Հայաստանում»:
Այնուհետև վրդովվեց, թե մարդիկ այսօր հանդգնում են խոսել Արցախի խնդրի, ՀՀ արտաքին վարկի մասին, իբր վերջին ամիսներն այնպիսի անդառնալի հետևանքներ են ունեցել գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով: Արման Բաբաջանյանն ասաց. «Մինչդեռ կարծում եմ՝ մարդիկ, որոնք առնվազն պատասխանատու են երկու տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյայի՝ մեր կորուստների համար, պիտի ընդհանրապես հնարավորություն չունենային այսօր արտահայտվելու, խոսելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ