Լոնդոնում շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտի բոլոր դասական պարտիաները ավարտվել են ոչ-ոքի:
Վերլուծաբանները զարմացած են, որ 12-րդ պարտիայում Մագնուս Կարլսենը ավելի բարենպաստ դիրք ունենալով՝ անսպասելիորեն մրցակցին ոչ-ոքի առաջարկեց: Սակայն, նկատի առնելով, որ որոշակի առավելությունը դեռեւս հաղթանակի երաշխիք չէր տալիս, իսկ ամեն մի աննշան վրիպումը կարող էր վճռել ճակատամարտի վերջնական ելքը, նմանատիպ մրցաշարերի հարուստ փորձ ունեցող նորվեգացին ճիշտ որոշում կայացրեց՝ ավելորդ ռիսկի չգնալով:
Ամենայն հավանականությամբ Կարլսենը հաշվարկել էր նաեւ այն, որ ինքը կարճեցված ժամանակով շախմատներում իրեն բավականաչափ վստահ է զգում՝ ավելի, քան Կարուանան: Դրա ապացույցը նաեւ վարկանիշերի հսկայական տարբերությունն է, ինչը վերջնական հաղթանակի հասնելու լավ հիմք է:
Ինչեւէ, գործող չեմպիոնն ու հավակնորդը թագակրին պարտավոր են որոշել այսօր: Նրանք կխաղան այնքան, մինչեւ կողմերից մեկը ճակատագրական սխալ թույլ տա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ