«Մեր կուսակցության լույսը փոխանցելու ենք փոքր ու մեծ քաղաքներով»,- Արտաշատում իր ելույթն այսպես սկսեց Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Մինչ ելույթը լրագրողները Էդմոն Մարուքյանին հիշեցրին՝ որոշ ուժեր հայտարարում են, որ այս խորհրդարանն ունենալու է մեկուկես տարվա կյանք: Էդմոն Մարուքյանն այս առիթով վրդովվեց. «Այն ուժերը, որոք տեսնում են՝ կարող են խորհրդարանական ընտրություններում լուսանցքում հայտնվել, սկսել են նման հայտարարություններով հանդես գալ: Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ խորհրդարանն ինչքան ժամկետ ունի, որքան կյանք կունենա: Ժողովուրդն է ձևավորում խորհրդարանը, գոյություն ունի Սահմանադրություն»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ մյուս ուժերի քարոզարշավին հետևում են այնքանով, որքանով հասցնում են: Այնուհետև հավելեց. «Եթե ուժերն իրար մեղադրանքներ են ներկայացնում, մեր քարոզարշավի վրա դա ի՞նչ ազդեցություն ունի. իրենք՝ իրենց մեղադրանքները»:
Ընտրությունների՝ մեկուկես տարվա կյանք ունենալու մասին դիտարկումներին Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև իր ելույթում. «Ինչի՞ համար, բայց ո՞վ է ասում: Կարո՞ղ է մեր ժողովուրդը բանուգործ չունի՝ մեկուկես, երկու տարին մեկ պետք է խորհրդարան ընտրի: Մենք ասում ենք՝ այն հեղափոխությունը, որ ՀՀ-ում եղել է, սահմանադրական յուրաքանչյուր դրույթի պահպանումով է եղել: Ով ասում է, որ այս խորհրդարանը երկար կյանք չունի, սահմանադրության դեմ հայտարարություն է անում: Ասում են նրանք, որ մտել են ընտրապայքարի մեջ և հասկանում են, որ մնալու են ընտրական արգելանքի լուսանցքում»:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ չի կարելի ամեն ինչ այդքան իջեցնել, գետնին հավասարեցնել:
Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց՝ իրենց ուժն ուզում է, որ ՀՀ-ն ունենա այնպիսի դատական իշխանություն, որտեղ բոլորն օրենքի առաջ կլինեն հավասար՝ կապ չունի օլիգարխ է, թե գործարար, թե բիզնեսի ներկայացուցիչ: Ամեն բան անելու են, որ ՀՀ-ում հարկային նոր օրենսգիրք ընդունվի: Էդմոն Մարուքյանն ասաց՝ իրենց համոզմամբ՝ պետք է ազատականացնել տնտեսությունը, այնուհետև մտահոգություն հայտնեց, որ հակամենաշնորհային հանձնաժողովը միայն իր նամակների հիման վրա է աշխատում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ