Շատերին, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին զարմացրել է այն, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ակտիվ մասնակցել է երկրորդ նախագահի կալանքի որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը:
Այսօր Aravot.amի հետ զրույցում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այդտեղ տարօրինակ բան չկա: Հարցին՝ մասնագետներն ասում են, որ սա հայաստանյան իրավական համակարգում առաջին դեպքն է, որ գլխավոր դատախազն անձամբ է մասնակցում նիստին, անգամ Հոկտեմբերի 27-ի գործով դա չի եղել, դուք հիշո՞ւմ եք նման դեպք, Զեյնալյանը պատասխանեց. «Այո, հիշում եմ նման դեպք, որ գլխավոր դատախազը մասնակցել է: Բացառիկ ու հատուկենտ դեպքեր են եղել, բայց այստեղ եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից հետո բան է փոխվել»:
Այն, որ Արթուր Դավթյանն անձամբ է մասնակցում նիստին, ըստ պարոն Զեյնալյանի, խոսում է դատարանի նկատմամբ հարգանքի մասին. «Դրա տակ կարելի է տեսնել պատասխանատվություն, հարգանք առ դատարան»:
Մեր հարցին՝ ասում են՝ քանի որ վտանգ կա, որ այս գործով ՄԻԵԴ կդիմեն, Արթուր Դավթյանն ինքն է մասնակցում, որ հնարավորինս բացթողումներ չլինեն, Զեյնալյանը պատասխանեց. «Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելը կուզեի, որ չներկայացվեր վտանգ, դա իրավունք է, ու պետք է այդ իրավունքը հարգել: Իսկ դատարանում ակադեմիական, իրավական, գործնական վեճ է լուծվում, որը բոլոր դեպքերում դրական է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ