«Սասնա ծռերը» դիտարկվում է որպես արմատական ուժ, որի պահանջները նախորդ իշխանության հանդեպ արմատական են: Մեր հասարակության շրջանում արմատական մոտեցումների պահանջարկն այսօր մեծ չէ: Դա ցույց տվեց ՊՊԾ գնդի գրավումը: Իշխանության հանդեպ ատելության պայմաններում անգամ նման գործողությունները 2016թ.-ին չարժանացան հանրային աջակցության այնպիսի ծավալի, որն իրավիճակ կփոխեր»,-«Մեդիա կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Սասնա ծռեր» կուսակցությանը, ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Նա կարծում է, որ «Սասնա ծռերը», որոնք ասոցացվում են արմատական մեթոդաբանության հետ, չունեն այն մեծ համակրանքը, որ կփաստեր քաղաքական դաշտում նրանց մեծ ներկայացվածության մասին. «Նրանք հայտարարում են, որ զինված պայքարի փուլն ավարտված է, իսկ թե ինչպիսի քաղաքական ուժ կլինեն, ցույց կտա ժամանակը»:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» այն դիտարկմանը, որ նոր Աժ-ն ժամանակավոր է ու կարճ կյանք է ունենալու, Հակոբ Բադալյանը նշեց. «Խորհրդարանն անցումային է լինելու, բայց ոչ ժամանակավոր: Գուցե «Սասնա ծռերը» նպատակ ունեն հասարակությանն անվստահություն ներշնչել: Ժամանակավոր խորհրդարանի մասին առաջինը խոսել է Ռոբերտ Քոչարյանը, եւ էլի քաղաքական ուժեր, բայց ներկայում նման բան ասելու նախադրյալներ չկան: Ուստի այդ կարծիքի թիրախը հանրության վստահությունը որոշակիորեն խաթարելն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ