ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը քիչ առաջ ընդմիջվեց: Նիստը նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ իր՝ ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու, որը կհրապարակվի այսօր երեկոյան՝ 17:00-ին:
Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռ երեկ էր ժամանակ խնդրել դատարանից՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար։
Երեկվա նիստին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազը, թեեւ այսօր հայտարարել էր, որ նորից կմասնակցի գործի քննությանը, սակայն այսօր չի մասնակցել:
Այսօր դատարանը չի հասցրել անդրադառնալ դատախազության բողոքին՝ խափանման միջոցի վերաբերյալ:
Նիստի ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատավորին ինքաբացարկ հայտնելու միջնորդության հիմքերը, որոնք երեկ չէր ցանկացել ներկայացնել:
Նրա խոսքով, իրենք «Ժողովուրդ» օրաթերթի կայքից տեղեկացել են, որ վիճակահանությամբ է որոշվել, թե Վերաքննիչ դատարանի որ դատավորն է քննելու Քոչարյանի բողոքը. «Օրենքով վիճակահանություն սահմանված չէ, փորձեցինք ճշտել դատավորից, երեկվա նիստին դատավորը հաստատեց, որ վիճակահանություն է եղել, միջնորդեցինք, որ դատավորը ներկայացնի վիճակահանության արձանագրությունը: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, եկավ ասաց, որ այդպիսի արձանգրություն չկա, որոշ լրացուցիչ պարզաբանումներ էլ արեց, որոնք ավելի սաստկացրին մեր կասկածները: Նա ասաց, որ թեեւ վիճակահանություն եղել է, ինքն է վերցրել թուղթը, որով ստացվում է, որ պետք է քննի, բայց ինքը չգիտի՝ այդ վիճակահանության արդյունքնե՞րն են նկատի ունեցել գործն իրեն մակագրելով, թե՞ ոչ: Անորոշություն մտցրեց, թե ինչ չափանիշների հիման վրա է որոշվել, որ ինքը պետք է քննի»:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ