Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կավագործության հին ավանդույթները «ՆԱՐԵԿԱՑԻ-ՇՈՒՇԻ» կենտրոնում

Նոյեմբեր 28,2018 14:23

Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական  ավտոկայանից ուղևորվելով դեպի հարավ (11 կմ),  միկրոավտոբուսը մեզ հասցնում է Լեռնային Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան նախալեռնային փոքր սարահարթի վրա գտնվող, 20-րդ դարի սկզբին Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում կարևոր դերակատարություն ունեցող բերդաքաղաք Շուշի (Շուշա): Ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա գտնվող Շուշիում կլիման մի փոքր այլ է, լեռնային մաքուր օդի մեջ աշնան սառնությունն է զգացվում:  Իր դժվարամատչելի բնական դիրքի շնորհիվ Շուշին հնուց ի վեր արցախահայության համար ունեցել է պաշտպանական նշանակություն, այն պարսպապատել են ու դարձրել բերդ: IX դարի կեսին Խաչենի (Արցախ) իշխան Սահլ Սմբատյանն այստեղ է հաղթել արաբ ասպատակիչ զորքին և ազատագրել գերեվարված հայ բնակչությանը:

Արցախի բարձր լեռներում բազմած քաղաք-ամրոց Շուշին XX դարի սկզբին զարգացած մշակութային եւ առևտրաարդյունաբերական կյանքով ապրող լիարժեք քաղաք էր: Այստեղ հրատարակվում էին քսան հայերեն, երկու ռուսերեն ամսագիր և թերթ, գործում էին 6 դպրոցներ, ռեալական ուսումնարան, Հարավային Կովկասում առաջին օրիորդաց Մարիամյան դպրոցը ու Թեմական դպրոցը: 350 տեղանոց Խանդամիրյանի դրամատիկական թատրոնում բեմադրվում էին հայկական ու եվրոպական հեղինակների պիեսներ: Գործող արհեստանոցներում արտադրվում էին համաշխարհային ճանաչում ստացած ղարաբաղյան մետաքս և գորգեր, ոսկերչական զարդեր եւ այլ շքեղ առարկաներ:

«Կովկասի կոնսերվատորիա» համարվող Շուշիին կործանարար վնաս հասցվեց 1920 թվականին, երբ ադրբեջանական և թուրքական զորքերը ներխուժեցին քաղաք: Շուշին կորցրեց իր մշակութային արժեքները` վերածվելով գավառական, խուլ բնակավայրի:

Երկարամյա գերությունից Շուշին ազատագրվեց 1992 թվականին: Կյանքի կոչվեց Շուշիի վերականգնման ծրագիրը: Ավերակներից վեր հառնող քաղաքը  կրկին վերագտավ իր նախկին նշանակությունը, 2012 թվականին ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխվեց Շուշի՝ սբ. Մարիամի օրիորդաց դպրոցի ինքնատիպ  ճարտարապետությամբ շենք, և Շուշին հռչակվեց  մշակութային մայրաքաղաք: Այստեղ գործում են մշակութային մի քանի օջախներ՝ արվեստի կենտրոններ, Կերպարվեստի պետական թանգարանը:

Իսկ 2006 թվականին սփյուռքահայ բարերար Նարեկ Հարությունյանի անմիջական աջակցությամբ Շուշիում գտնվող կիսավեր մի շինություն բարեկարգվեց և բացվեց իր բնույթով բացառիկ մշակութային մի կենտրոն՝ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը, հայ մշակույթի լավագույն արժեքները պահպանելու, արվեստագետներին համախմբելու, առաջին քայլերն անող շնորհալի երիտասարդներին նեցուկ կանգնելու առաքելությամբ: Այն հոգեւոր մի կենտրոն է, որը հայ եւ այլազգի հյուրերին է ներկայացնում հայկական մշակույթի՝ մոռացությունից փրկված լավագույն ժառանգությունները:

Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են մշակութային տարաբնույթ միջոցառումներ, հանդիպում են մեր օրերի արվեստագետն ու արցախցի արվեստասերը: Բազմաթիվ ստեղծագործող անհատներ են մասնակցում ՆԱՄ-ի միջոցառումներին, հանդես գալիս որպես արվեստում առաջին քայլերն անող սկսնակ, երիտասարդ ստեղծագործողներին իր փորձն ու գիտելիքները փոխանցող վարպետ կամ նոր արժեքներ որոնող օտարերկրացի, ով հենց այս միջավայրում է բացահայտում հայկական մշակույթի իրական արժեքները:

«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում 2016 թվականից գործում է տիկնիկային թատրոնի խմբակ: Այստեղ փոքրիկ սաները հաղորդակցվում են տիկնիկային բեմարվեստին եւ ծանոթանում տիկնիկավարության գաղտնիքներին: Կենտրոնն իր հարկի տակ համախմբելով շուշեցի շնորհալի երեխաներին՝ իրականացնում է ուսուցողական ծրագրեր՝ կիթառի (հեղինակային երգ), գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, լուսանկարչության, թատերական, պարի, հեքիաթասացի, ասմունքի, երգի: ՆԱՄ Շուշիի մասնաճյուղը հրաշալի հարթակ է նաև Արցախի գյուղական համայնքներում գործող արվեստի դպրոցների սաների համար, ովքեր հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց աշխատանքները կամ հանդես գալու ներկայացմամբ, երաժշտական կատարումներով:

Այստեղ գործում է նաև հայկական գորգագործության, կարպետագործության խմբակ, որտեղ սաները ծանոթանում են հայկական գորգագործության դարավոր գաղտիքներին, գորգ գործելու հմտություններին, գորգագործության առանձնահատկություններին, զարդանախշերի ճիշտ օգտագործման տեխնիկային: Սովորում են՝ ինչպես ճիշտ համադրել գույները ու դազգահների վրա ստանում հայկական գորգի զարմանահրաշ նախշերը, խմբակի դռները բաց են բոլորի առաջ՝ առանց տարիքային սահմանափակման:

Արցախում առաջին անգամ Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում անցկացվեց «Բրուտ Արտ» կավագործության սիմպոզիումը՝ նպատակ ունենալով  վերականգնել կավագործության արհեստն Արցախում: Կավագործությունը մարդկության պատմության հնությունն ունի, այդ են վկայում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված խեցիների հարյուրավոր նմուշները հայոց աշխարհի տարբեր բնակավայրերում: Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին։ Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների զարդանախշումը։ Չնայած հայկական լեռնաշխարհում խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, տարիներ շարունակ  արհեստի այս ճյուղը մոռացության էր մատնված, ՆԱՄ Շուշիի կենտրոնում անցկացվող կավագործության բաց դասընթացները արհեստավարժ խեցեգործի հետ հնարավորություն տվեցին նոր շունչ հաղորդել բրուտագործությանը՝ թրծման գործընթացն իրականացնելով հազարամյակներ առաջ ընդունված տեխնոլոգիայով: Այստեղ պատրաստվող նմուշներն ազգային արվեստի յուրովի արտացոլումն են: Մոտ ապագայում նախատեսվում է Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում բացել  «Բրուտ Արտ» կավագործության կենտրոնը, ինչը կնպաստի հմուտ բրուտագործների շնորհիվ Շուշիում ապրեցնել և զարգացնել հայկական լեռնաշխարհում հազարամյակների պատմություն ունեցող այս արհեստը ևս:

Պատմական Շուշին այսօր իր ձևավորվող մշակութային ավանդույթներով դարձել է Արցախի վերածննդի յուրօրինակ խորհրդանիշըՎարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930