Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց. «Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ եւ շուրջօրյա դիտարկում ենք իրականացնում: Այս ոլորտում մենք ունենք վիրավորանքի եւ այլատյացության աճ: Այս փաստը ես մտահոգիչ եմ համարում: Չեմ կարող նախընտրական քարոզչությանը որեւէ գնահատական տալ, իմ իրավասությունների մեջ չէ, բայց ընդհանրապես այդ ամենն ազդում է խոսքի ազատության հարցերի վրա: Սոցիալական ցանցերում ատելության խոսքի դրսեւորումներ ունենք, որոնք լինում են հատկապես կեղծ օգտատերերի կողմից, եւ այդ կեղծ օգտատերերի ինստիտուտը, որ գնալով զարգանում է, մտահոգիչ է: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, այլատյացության խոսքը կամ վիրավորանքը տարածվում են առերեւույթ կեղծ հաշիվների կողմից»:
Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին՝ նա ասաց. «Մենք այս պահին ամփոփում ենք նախընտրական քարոզարշավի 3 օրերը եւ արդեն իսկ արձանագրել ենք խախտումներ»: Խախտումներին Թաթոյանը կանդրադառնա ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ