Այսօր խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված համաժողովին «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը հայտարարեց. «Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգման դեպքերը կրում են շարունակական բնույթ: Հատկապես միշտ մտահոգիչ է եղել ոստիկանությունում տիրող իրավիճակը։ Ոստիկանությունում տեղի ունեցող վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին որպես կանոն հասարակությունը տեղեկանում էր, երբ դեպքն ունենում էր ողբերգական ավարտ, եւ բռնության ենթարկվածները լինում էին քաղաքական ակտիվիստներ, ովքեր դրա մասին բարձրաձայնում էին»:
Իշխանյանն ասաց, որ որպես կանոն նման դեպքերում քրեական գործեր կամ չէին հարուցվում, կամ հարուցվում ու կարճվում էին։ Իրավիճակն, ըստ Իշխանյանի, փոխվել է 2001 թվականից հետո, երբ ՀՀ-ն անդամակցել է Եվրոպական խորհրդին, թեեւ առանձնապես լուրջ փոփոխություններ չկան:
Իսկ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ՔԿՀ-ներում կա ժամկետանց դեղորայք, ասպիրին կոչվածն է մինչեւ անգամ խնդիր, երբ պետք է լինի ամենուր ու ոչ ժամկետանց: Նա խոսեց ՔԿՀ-ներում կանանց իրավունքների խախտումների մասին, ասաց, որ տարիների ընթացքում վիճակը վատացել է. «Ապրիլ ամսվա կտրվածքով ընդամենը 4-5 անչափահաս էին գտնվում դատապարտյալների հիմնարկում, ու այս մի քանի հոգու համար կարելի էր լուծել ամենակարեւոր հարցերից մեկը՝ հոգեբանական վիճակը այդ անձանց՝ բերել իրենց ռեսոցիալացման մակարդակի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ