Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստն էր։ Նախատեսվում էր, ոը համաներման մասին պետք է կարծիք հայտնեին տուժողները, այդ թվում` ՊՊԾ գնդի գրավման օրերին ենթադրաբար պատանդառված, ներկայում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ բացակա պաշտպան կար։
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին։ Դատավոր Մակյանը կողմերին տեղեկացրեց, որ գործով որոշ տուժողներից համաներման առնչությամբ արդեն գրավոր կարծիքներ են ստացել, մի մասն էլ բացակայում է երկրից, ուստի երկշաբաթյա ընդմիջումը բավարար է։
Հիշեցնենք, որ վերջերս կիրառված համաներման ակտը տարածվում է նաեւ «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների վրա, բացառությամբ` Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ Եթե գործով տուժողները կամ զոհված ոստիկանների իրավահաջորդներն առարկեն, համաներումը չի տարածվի։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ