Լրահոս
Օրվա լրահոսը

Ապակայունացո՞ւմ կլինի. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 28,2018 12:38

Նոյեմբերի 28-ին Վրաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մեկ ամիս առաջ տեղի ունեցած առաջին փուլի արդյունքներով առաջին երկու տեղերն էին զբաղեցրել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեշ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Զուրաբիշվիլին ստացել էր ընտրողների ձայների 38,6%-ը, իսկ Վաշաձեն՝ 37,7%։ Սա հազվադեպ երեւույթ է ոչ միայն Վրաստանի, այլեւ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների համար, երբ առաջատար թեկնածուների հավաքած ձայների տարբերությունն այսքան փոքր է լինում։ Վրաստանում սա առաջին դեպքն է, երբ նախագահ ընտրելու համար երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն է առաջանում։

Վերջին ամիսը Վրաստանի քաղաքական կյանքում բավական բուռն էր։ Նախ մեծ աղմուկ առաջացրեց ընտրության օրվա նշանակումը։ Առաջին փուլից հետո խոսվում էր, որ ընտրություններն անցնելու են դեկտեմբերի 2-ին, սակայն ԿԸՀ-ն առաջին փուլի արդյունքների վերջնական ամփոփումից հետո հայտարարեց, որ երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին՝ չորեքշաբթի։ Ընդդիմադիրների կարծիքով՝ դա կարող էր խնդիրներ առաջացնել արտերկրում բնակվող եւ աշխատող քաղաքացիների համար, քանի որ ընտրությունների օրը ոչ աշխատանքային է հայտարարվում միայն Վրաստանում։ ԿԸՀ-ն գնաց որոշակի զիջման՝ թույլատրելով Վրաստանից դուրս գտնվող քաղաքացիներին քվեարկել մինչեւ տեղական ժամանակով կեսգիշեր։

Խնդիրն այն է, որ Վրաստանից դուրս գրանցված շուրջ 15 հազար ընտրողը կազմում է առաջին փուլին մասնակացած քաղաքացիների մոտ մեկ տոկոսը։ Մեկ տոկոսի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելը, հաշվի առնելով թեկնածուների գրեթե հավասար ուժերը, ընդդիմադիրների բողոքի առիթ էր հանդիսացել, քանի որ, համաձայն տարբեր ուսումնասիրությունների՝ թեկնածուները ստանալու են գրեթե հավասար թվով ձայներ եւ ամեն ձայն կարեւոր էր։ Թերեւս, նաեւ այդ պատճառով էին իշխանությունները երկրորդ փուլին ընդառաջ փորձում ամեն կերպ մոբիլիզացնել ընտրազանգվածը եւ պարբերաբար կոչեր էին անում մասնակցել երկրորդ փուլին։

Նախընտրական քարոզարշավը կառուցվում էր հիմնականում փոխադարձ մեղադրանքների վրա։ Ընդ որում, երբեմն այդ մեղադրանքները համընկնում էին։ Մասնավորապես թե՛ իշխող ուժը, թե՛ ընդդիմությունը մեղադրում էին հակառակորդին ոուսամետ լինելու մեջ։

Ընդդիմադիր թեկնածու Վաշաձեն հայտարարել էր, որ իր՝ նախագահ դառնալու դեպքում Միխեիլ Սահակաշվիլին վերադարձնելու է վրացական քաղաքացիությունը։ Իշխող «Վրացական երազանքի» քարոզարշավում շեշտադրվում էր Սահակաշվիլիի գործոնը՝ ակնարկելով, որ նրա վերադարձը լուրջ վտանգներ է պարունակում։ Ուկրաինական կայքերից մեկը հեռախոսազրույց էր հրապարակել, որում զրուցակիցները քննարկում էին Վրաստանում հեղափոխական տրամադրությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս զրույցի նկատմամբ հետաքրքրությունը, բնականաբար, այդքան մեծ չէր լինի, եթե զրուցակիցների ձայները չնմանեցնեին Սահակաշվիլիի եւ Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի պետ Գեորգի Վաշաձեի ձայներին։

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930