Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի թերակղզի ժամանածների եռյակը գլխավորում են լեհ, ֆրանսիացի և գերմանացի զբոսաշրջիկները

Նոյեմբեր 28,2018 12:15

Սևանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, ով արդեն 4 տարի ամռան շրջանում Սևանի թերակղզու տարածքում` «Bari Galust»  վերտառությամբ գրասենյակի միջոցով կազմակերպում է տեղեկատվական աշխատանքները, նշում է. «Տեղեկատվական շարժական գրասենյակի գործունեությունը միանգամայն արդարացված է: Քաղաքում գտնվող տեղեկատվական գրասենյակին զուգահեռ գործող շարժական գրասենյակը առավել մոտ է և հասանելի զբոսաշրջիկներին, ովքեր, ժամանելով այս տարածաշրջան, հաճախ շրջանցում են Սևան քաղաքը: Այսպես  առավել դյուրին է կառավարել զբոսաշրջային հոսքերը, միաժամանակ ունենալ վիճակագրություն, կատարել դիտարկումներ, պլանավորել հետագա քայլերը»:

Ամռան 3 ամիսներին տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել 3053 զբոսաշրջիկ, որոնցից 2347-ը ստացել է զբոսաշրջային ինֆորմացիա, 706-ը` ընդհանուր:

Ի դեպ, զբոսաշրջիկների առավել մեծ թիվ է գրանցվել հուլիս ամսին` 1404:

Եռամսյա վիճակագրությունը փաստում է, որ զբոսաշրջիկների հնգյակը, ըստ ծագման երկրների, ներկայացնում է այսպիսի պատկեր` Լեհաստան` 416, Ֆրանսիա` 373, Գերմանիա` 298, Ռուսաստանի Դաշնություն` 190, Իրան` 188:

Զբոսաշրջիկներ են ժամանել նաև ԱՄՆ-ից, Իտալիայից, Բելգիայից, Ավստրալիայից, Իսպանիայից, Չինաստանից, Նոր Զելանդիայից, Շվեյցարիայից և այլն:

Դավիթ Թորոսյանը նշում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին էլ հոսք նկատվել է. սեպտեմբերին  արձանագրվել է 664 զբոսաշրջիկի մուտք, իսկ հոկտեմբերին` 327:

«Հնգամսյա կտրվածքով վերլուծություն կատարելիս փաստում ենք, որ զբոսաշրջության շարժական տեղեկատվական գրասենյակի ծառայություններից օգտվել է 4044 այցելու, որից 1022-ին կամ 25.27%-ին տրվել է ընդհանուր տեղեկատվություն, իսկ 3022-ին՝ 74.72%, զբոսաշրջային,- ներկայացնում է գրասենյակի պատասխանատուն և հավելում:- Ծառայություն ստացողների սեռային պատկերն էլ այսպիսին է` 2157 տղամարդ, 1887 կին»:

Ըստ տարիքային շեմերի էլ ամենաակտիվը եղել են 61 և բարձր տարիք ունեցողները` 1217 զբոսաշրջիկ կամ օգտվողների 30.09%-ը: Այս տարիքային խմբին հետևել են 46-60 տարեկանները: Նրանց թիվը եղել է 1014՝ 25.07%: Եռյակը եզրափակում են տնտեսապես ակտիվ խումբը` 26-45 տարեկան: Այս տարիքային խմբում 983 զբոսաշրջիկ է՝24.3%:

Դավիթ Թորոսյանի դիտարկումների արդյունքում պարզվել է, որ գրասենյակի ծառայություններից օգտվողների գերակշիռ մասը անգլիախոսներ են` 2263 մարդ (55.65%), որոնց հետևում են ֆրանկոֆոնները. նրանց թիվը 922 է (22.79%), եռյակը եզրափակում են ռուսախոսները, որոնց թիվը 327 է, կամ 8.08%:

Իհարկե, քիչ չեն այն զբոսաշրջիկները  կամ այցելուները, ովքեր թեպետ չեն օգտվել գրասենյակի ծառայությունից, սակայն այցելել են թերակղզու տարածք ինքնուրույն կազմակերպել ժամանցային ծրագիրը:

Հունիս-հոկտեմբեր ամիսներին այդ թիվը եղել է 131229, որոնց գերակշիռ մասը եղել են Եվրոպայից ժամանածները` 16.95%, կամ 22254 զբոսաշրջիկ: Ցուցակը եզրափակում են Իսրայելից (260), Ուկրաինայից (149) և Անգլիայից (121) ժամանածները:

Ամփոփելով զբոսաշրջային հիմնական ժամանակահատվածը` Դավիթ Թորոսյանը հավելում է, որ այս տարի հոսքը եղել է բավականին մեծ: Եթե 2015թ-ին տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել են 21.527 զբոսաշրջիկ, 2016թ-ին` 32.878, 2017թ-ին` 83.044, ապա 2018թ-ին տեղեկատվական գրասենյակը սպասարկել է 131.229 զբոսաշրջիկի:

Արմինե Ղուկասյան

Սեւան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930