Այսօր խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված համաժողովին մասնակցում էին Հայաստան ժամանած շուրջ 50 երկրներից ու միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ: Ներկա էին նաեւ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանները՝ բացառությամբ Կարեն Անդրեասյանի: Օմբուդսմեն Արման Թաթոյանն ասաց, որ նա հանրապետությունից բացակայում է, դրա համար չի եկել: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ կանխարգելման ազգային մեխանիզմի հայաստանյան ձեռքբերումներն ու փորձը օրինակելի է այլ երկրների համար:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «պետք է գնահատել մեր անցած ճանապարհը ոչ միայն իշխանությունների սխալներով ու բացթողումներով, այլեւ այն ակտիվ աշխատանքով, որը տեղի է ունեցել մեր հասարակության ամենաակտիվ խավերի ու մարմինների կողմից, ու այդ շարքում ՄԻՊ-ի հաստատությունն իր ուրույն տեղն ունի: Չի կարելի դատել անցած ճանապարհի մասին՝ հաշվի չառնելով այն իրական ճիգերը, որոնք գործադրվել են»:
Խոսելով ՄԻՊ-ի ձեռքբերումների մասին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ փոխվել է իշխանությունների վերաբերմունքը ՄԻՊ-ի նկատմամբ. «Իշխանությունները չէին հասկանում, տեղը չէին բերում, թե սա ինչ հաստատություն է՝ ամենամեծ ՀԿ-ն՞ է, թե՞ ամենաթույլ պետական մարմինը: Բոլոր Պաշտպանների աշխատանքի շնորհիվ կա վերաբերմունքի փոփոխություն: Երկրորդ դրական փոփոխությունը հասարակության մեջ մարդու իրավունքների ընկալումն է, թե ինչ հարցերով կարելի է դիմել օմբուդսմենին, այլեւս սուրբ չի դիտարկվում Պաշտպանը, եւ բոլոր դեպքերում որպես հույսի հանգրվան չեն դիմում»: Նա ասաց, որ այնուամենայնիվ, մենք դեռ չենք հասել մարդու իրավունքների լիովին վերականգնմանը:
Aravot.am-ը հարցրեց՝ մենք հիշում ենք, երբ դուք Մարդու իրավունքների պաշտպանն էիք, ձեր առճակատումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հիմա, երբ տեսնում եք Քոչարյանը, այսպես ասած, դատարանի առջեւ է կանգնում, երեկ էլ իր կալանքի հարցն էր քննարկվում դատարանում, դուք ի՞նչ զգացողություններ ունեք, արդարությունը վերականգնվո՞ւմ է, մարդու իրավունքները վերականգնվո՞ւմ են դրանով: Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ես միշտ հանդես եմ գալիս՝ որպես մարդու իրավունքների պաշտպան ու անգամ այն դեպքերում, երբ այս իրավիճակում հայտնված է երկրորդ նախագահը, ես էլի նշել եմ այն իրավունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել երկրորդ նախագահի հանդեպ: Ես նայում եմ, թե ինչպես է իրականացվել գործընթացը՝ լինի արդար դատավարության իրավունքների շրջանակում, լինի խոսքի ազատություն կամ այլ: Դա էլ է մեր նվաճումը, երբ մենք կարողանում ենք դիտարկել այս կամ այն երեւույթը՝ տարբեր տեսանկյուններից»:
Թե Քոչարյանի գործով ի՞նչ իրավունքներ են խախտվել՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Դա ընթանում է բնականոն ձեւով՝ մեր օրենսդրությանը եւ իրավունքին չհակասող ձեւով»:
Մարտի 1-ի մասին խոսելով՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ամբողջ տեղի ունեցածի համար պատասխանատվություն է կրում այդ ժամանակվա նախագահը, բայց պատասխանատվությունը չպետք է շփոթել մեղավորության կամ մեղքի հետ:
Խոսելով քարոզարշավի մասին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ քարոզարշավը սկսել է ժամկետից շուտ, ու այն, որ ԿԸՀ-ն, ի տարբերություն նախորդ տարիների, դա չի դիտարկել որպես օրենքի խախտում, նորություն էր. «Ես կանխատեսել էի, որ պետք է լինի կոպիտ, սեւ PR-ով աշխատանք ու դա մենք տեսանք հենց առաջին օրվա ընթացքում: ես հորդորում եմ բոլորին դրական դաշտ անցնել, որտեղ ամեն մարդ կասի իր անելիքն ու իր ուզածը»: Թե ով է կոպիտ բառամթերք ընտրել՝ վարչապետի պաշտոնակատա՞րը՝ Լարիսա Ալավերդյանն անուններ չտվեց, ասելով, որ բոլորն են անում:
ՀռիփսիմԵ ՋԵԲԵՋՅԱՆ