Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական համակարգի տունը քանդողը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2018 11:39

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանի հետ։

 

– Պարոն Մինասյան, դուք աշխատել եք ե՛ւ այս, ե՛ւ նախկին իշխանությունների ժամանակ։ Ի՞նչ փոփոխություններ եք նկատել։

– Որպես նախարար՝ բախտ է վիճակվել աշխատել երեք կառավարությունների հետ։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում չափազանց դժվար էր գաղափարների քննարկումն ու դրանց իրագործումը։ Կարեն Կարապետյանի կառավարությունում առաջին հայացքից թվում էր, որ այս կամ այն ծրագիրը հեշտ կլինի կիրառել, սակայն հակադրություններն ու հակասությունները խորն էին՝ պայմանավորված ոչ միայն գաղափարական տարբեր մոտեցումներով, այլեւ անձնավորված որոշակի վերաբերմունքով։ Իսկ Փաշինյանի կառավարության հետ շատ ավելի հեշտ էր աշխատելը, որովհետեւ վարչապետն անցել է պառլամենտական բավական մեծ ընթացք, քաղաքական գործիչ վարչապետի հետ, անշուշտ, ավելի հեշտ էր աշխատելը, սակայն այս կառավարության մեջ հաճախ հանդիպում էիր այնպիսի դեպքերի, երբ դիմացինը պարզապես չէր ընկալում ծրագրի էությունը, գաղափարը։ Կառավարության մեջ ներգրավված մարդիկ պետք է հասկանան, որ ցանկացած ժամանակ պրոֆեսիոնալիզմն ու արհեստավարժությունը անհրաժեշտ են։ Հին կադր արտահայտությունը չպետք է դառնա իրենց առաջնորդող ուժ, եւ մերժեն բոլոր հին կադրերին, որովհետեւ փորձառությունը ձեռք են բերում ժամանակի ընթացքում, մինչդեռ մենք հանդիպում ենք դեպքերի, որ ակնհայտորեն ոչ ճիշտ որոշումների արդյունքում փորձառու անձինք դուրս են մղվում պետական համակարգից, եւ դա կբերի Հայաստանում է՛լ ավելի սրացման եւ գործազրկության այն վիճակին, որ այսօր, ցավոք, ունենք։ Հին եւ նոր կադրերի համադրությունը կլինի լավագույն տարբերակը։ Այստեղ չկա սեւ եւ սպիտակ, բոլոր սպիտակները սեւանալու են, եթե մենք հասարակությանը երկու գույնի ենք բաժանում։ Տարանջատել, կտրել կապը սերունդների միջեւ նշանակում է թուլացնել պետական կառավարման համակարգը։

– «Դաշնակցությունը» մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում կուսակցության շանսերը եւ առանձին Ձեր շանսերը՝ որպես ռեյտինգային թեկնածու։

– Արմավիրի մարզում, որտեղ ես եմ առաջադրված, մրցակցությունը մեծ է։ Բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն արժանի թեկնածուներ։ Ես չեմ խուսափել հրապարակային որեւէ բանավեճից, որովհետեւ հասարակությունը պետք է իմանա, թե ում է մանդատ տալիս։ «Դաշնակցություն»-ը պիտի մասնակցի ընտրություններին, որովհետեւ այն ժողովրդի դիմադրողականությունն է։ Եթե «Դաշնակցություն»-ը չլինի, ոչ մի վարչապետ չի կարող մարտահրավերներին դիմագրավել։ Ես վստահ եմ, որ մեր հասարակության այն գիտակից հատվածը, որը տեսնում է այդ մարտահրավերները, «Դաշնակցությանը» ձայն կտա:

– Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական շատ ուժեր դժգոհեցին, որ պայքարը ընթանում էր սեւերի եւ սպիտակների միջեւ։ Ի՞նչ եք կարծում, այս քարոզարշավը ինչպե՞ս կանցնի։

– Սեւի եւ սպիտակի բաժանումը օգտակար է երկու ուժերին՝ նախկին եւ ներկա իշխանություններին, որպեսզի կարողանան քաղաքական դաշտը հստակ բաժանել երկու մասի։ Բայց դրանից ո՛չ հասարակությունն է շահելու, ո՛չ պետությունը, ո՛չ էլ մեր ընտրողները կարողանալու են գաղափարական, ծրագրային բանավեճի արդյունքում ընտրել այն ուժին, որը որ ապագայում կարող է լուրջ փոփոխություններ անել երկրում; Դա ցանկալի բան չէ, եւ չպետք է թույլ տալ, որ այդ բաժանումը դառնա առանցքը։ Դա մեր քաղաքական համակարգի տունը քանդողն է։ Երեւանի ավագանու ընտրություններում ոչ թե ավագանու ընտրություններ տեղի ունեցան, այլ վստահության քվե։ Բայց դա կարելի էր չանել էլ Երեւանի մասշտաբով, որովհետեւ բոլորն էլ գիտեին, որ փոփոխությունը անհրաժեշտ է, եւ դրա համար Նիկոլ Փաշինյանը ունի հասարակության վստահությունը։ Վստահ եմ՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակության մի մասը գոհ չէ այն պատկերից, ինչ ունեցանք Երեւանի ավագանիում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ չկա այն քննարկումը, չկա այն առողջ բանավեճը, հիմնարար լուծումների քարտեզը, որը պետք է զարգացնի Երեւանը։ Համոզված եմ՝ այս խորհրդարանական ընտրությունները այսպես չեն լինի։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930