Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մեջ խնդիր չի եղել». ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանը կրկին ընտրարշավում է

Նոյեմբեր 28,2018 11:25

2012 թվականին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Սանոսյանն այժմ նույնպես մասնակցում է ընտրապայքարին, բայց ոչ ՀՀԿ-ի հետ: Նա ընդգրկված է Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակում, ՔԺՎ-ի կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է նաեւ թիվ 1 ընտրատարածքում: Aravot.am-ի հիշեցմանը`Ձեր նախկին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ դուք «ճամբարափոխ եղողներից» չեք եւ դիտարկմանը` հիմա ՀՀԿ-ն իշխանություն չէ եւ թույլ է, Դուք էլ ՀՀԿ-ի հետ չեք, Հայկ Սանոսյանը հակադարձեց. «2012 թվականից հետո ես չեմ համագործակցում ՀՀԿ-ի հետ եւ ճամբար հասկացողությունն ինձ համար մարդկանց խումբը չէ, այլ գաղափարախոսությունը, ազգի եւ պետության շահերը»: Մեր զրուցակիցը հիշեցնում է`ՀՀԿ անդամ ինքը չի եղել: ՀՀԿ խմբակցությունում էլ փորձել է օգտագործել բոլոր հնարավորությունները` վիրահայության խնդիրներին լուծումներ գտնելու համար: Նաեւ`քաղաքական փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել, լավ ընկերներ:

Հարցին`հեղափոխության աջակիցներից է եղել, ինչո՞ւ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում չէ, Հայկ Սանոսյանը պատասխանեց. «Ազգովին Քաղաքացիական պայմանագիր մտնելն էլ ճիշտ չէ: Մենք կփորձենք պառլամենտում լինել այլընտրանք, որպեսզի դիկտատուրայի չգնանք»:

Հայկ Սանոսյանը հիմա Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցության հետ է, քանի որ կուսակցության գաղափարախոսության հիմքում «վեհ քրիստոնեական եւ ավանդական արժեքներն են»: Դրանք համահունչ են իր պատկերացումներին:

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից էլ նեղացած չէ: Ասում է. «Մեր մեջ խնդիր չի եղել: Պարզապես մեր ճանապարհը չի ստացվել»:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Հայաստանի ՀՀԿ-ական իշխանությունների հետ իր ճանապարհը չշարունակելու հիմնական պատճառը Հայկ Սանոսյանը համարում է ջավախահայության եւ Ջավախքի հարցերի լուծման առումով տարբեր մոտեցումները: Բայց նկատում է, պատգամավորական մադատի շնորհիվ կարողացել է «հարցեր լուծել».  մասնավորաբար, իր առաջարկություններով Ջավախքի դպրոցների հիմնանորոգմանը որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրվեցին, ինչը հանգեցրեց նրան, որ հաջորդ տարիներին Վրաստանի կառավարությունը տասնյակ անգամ ավելի միջոցներ ներդրեց Ջավախքում: Նաեւ`վրացական իշխանությունների հետ իր անմիջական աշխատանքի արդյունքում ամբողջ Ջավախքը գազաֆիկացվել է:

Ջավախքում այսօր հրատապ լուծում պահանջող խնդիրներից Հայկ Սանոսյանն առանձնացնում է ինտեգրման խնդիրը: 99 տոկոսով հայ բնակչությունը վրացերեն լեզվին չի տիրապետում եւ Վրաստանի քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն չեն ունենում: Դեռ իր պատգամավոր եղած տարիներին, Հայաստանի եւ Վրաստանի կրթության նախարարների հետ բանակցություններ է վարել`Ջավախքում հայ-վրացական բուհի հիմնադրման շուրջ: Խնդիրն այժմ էլ արդիական է: Առեւտրատնտեսական հարաբերությունների մասով, մեր զրուցակիցը խնդիր չի տեսնում. ջավախցիները իրենց գյուղատնտեսական արտադրանքը կարողանում են իրացնել Վրաստանի մյուս մարզերում:

Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Վրաստան, Ջավախք, Հայկ Սանոսյանը դրական է գնահատում, բայց կարծում է, որ ջավախահայության խնդիրների լուծման գործում «ժողովրդական դիվանագիտությունն» է պետք է բանեցնել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930