Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունն ու Արցախը

Նոյեմբեր 28,2018 10:20
Հայաստանի իշխանավորները կարող են լինել անհաշվենկատ եւ ինքնասիրահարված, կարող են լինել պաթոլոգիկ ագահ, անկուշտ եւ չտես, կարող են լինել հոգեպես անհավասարակշիռ ու անզուսպ լեզու ունենալ: Մեր իշխանավորները չեն կարող լինել դավաճան՝ չեն եղել ու չեն լինելու: «Դավաճան» բառը, որ հաճախ են իրար երեսի շպրտում քաղաքական գործիչները, ինչպես նաեւ քաղաքականացված զանգվածի ներկայացուցիչները, պետք է իսպառ վերացվի մեր բառապաշարից:
Ես չեմ հավատում դավադրության հերթական տեսությանը, ըստ որի՝ թավշյա հեղափոխությունն իրականացվել է արեւմտյան որոշակի շրջանակների աջակցությամբ, եւ դրա խնդիրներից մեկն էր Ղարաբաղյան հարցի ոչ հայանպաստ լուծումը: Նման բան չկա, չի կարող լինել: Ուրիշ հարց, որ փողոց փակող այսօրվա պատանիներին Արցախի հարցն ավելի քիչ է հետաքրքրում, քան մեր սերնդին: Այո, ապրիլյան պատերազմի ժամանակ նրանց հասակակիցներն իրենց կյանքը տվեցին մեր սահմանը պաշտպանելու համար: Բայց դա չի բացառում այն, որ թավշյա հեղափոխության գլխավոր դերակատարների՝ երիտասարդների գլխավոր նպատակը նախորդ փտած, կոռումպացված համակարգը մերժելն էր: Եվ դրան միացավ մեր քաղաքացիների մեծամասնության հսկայական ցասումն այն առիթով, որ Սերժ Սարգսյանը երկու նախագահական ժամկետներից հետո որոշեց վարչապետ դառնալ: Այս ամենի մեջ ղարաբաղյան թեման չկար՝ մարդիկ ուզում են նորմալ, ժողովրդավարական, ժամանակակից, կոռուպցիայից եւ ամենաթողությունից զերծ պետություն ունենալ:
Սակայն մեր երիտասարդներին պետք է, եթե հնարավոր է, բացատրել երկու բան: Նախ՝ ճիշտ է, որ կոռումպացված իշխող վերնախավ ունեցող պետությունը չի կարող զարգանալ: Բայց ճիշտ է նաեւ, որ նման վերնախավ չունենալը դեռեւս զարգացման երաշխիք չէ: Իսկ ամենակարեւորն այն է, որ կորցնելով Արցախը՝ մենք ընդհանրապես ՈՐԵՎԷ պետություն չենք ունենա՝ ո՛չ լավը, ո՛չ վատը, ո՛չ զարգացածը, ո՛չ հետամնացը: Այստեղ տեղը չէ հիմնավորելու այդ թեզը, նշեմ միայն, որ մեր երկու հարեւանների ռազմավարական թիրախը միայն Արցախը չէ, նրանց նպատակը տարածաշրջանից հայկական տարրի իսպառ վերացումն է:
Պետությունը կարող է լինել սարսափելիորեն վատը, եւ այդ պարագայում հույս կա, որ այն կլավանա: Բայց պետություն կարող է ընդհանրապես չլինել, եւ եթե չլինի, ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ անգամ երբ է պետություն ունենալու հնարավորություն տրվելու:
Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Հայաստանի իշխանավորները կարող են լինել անհաշվենկատ եւ ինքնասիրահարված, կարող են լինել պաթոլոգիկ ագահ, անկուշտ եւ չտես, կարող են լինել հոգեպես անհավասարակշիռ ու անզուսպ լեզու ունենալ: ”
    Ո՞վ է ասել կամ գրել: Նման պարամետրերով իշխանություն ունենալու դեպքում դեռ հարց է՝ մեզ պե՞տք է Արցախը: Նման իշխանությունը կփոշիացնի Հայաստանը, ինչն ավելին է շատերիս համար:

  2. Լավատես says:

    Մի անգամ ականատես եղա երկու հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց լեզվակռվին, պարզվեց նրանց ամենաթունդ վատ բառը գիժ բառն է՝ մեկը մյուսին ասում է դու գիժ ես, մյուսն էլ թե գիժը դու ես՝ տխուր եւ միաժամանակ զվարճալի:
    Ես որպես ընտրող կցանկանայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեսնել բոլոր թեկնածուների կողմից միաձայն ընդունված ազգային ռազմավարության ծրագիրը եւ ամեն մի թեկնածուի սեփական մարտավարական ծրագիրը այդ ընդհանուր ազգային ռազմավարության իրագործման համար: Բացի դրանից, կխնդրեի մեր հեղինակավոր հայրենակիցներին իրենց ընտրությունը բացահայտ ներկայացնեն ազգին, եթե քաղաքական ծրագրեր չկարդանք, գոնե այդ մարդկանց կարծիքով կողմնորոշվենք, իսկ նրանք էլ թող մասնագետների դիմեն, ասենք, Տիգրան Մանսուրյանի կամ Արթուր Մեսչյանի նման մարդկանց ոչ կկաշառես, ոչ էլ կվախեցնես,
    դրա համար էլ նրանց նման մարդկանց կարծիքը ազգի համար շատ կարեւոր կլինի:

  3. Հ.Շ. says:

    Մէկդի դնելով բոլոր դաւադրական վարկածները, անցեալ գարունէն ի վեր եւ մինչեւ օրս Հայաստանի մէջ տեղի ունեցող իրարանցումը նամանաւանդ բացայայտեց թէ Հայութեան մէկ մասը, այդ երկրէն ներս եւ դուրս (ներառեալ նոյնիսկ Արցախի մէջ), խորապէս եւ էապէս անգիտակից է թէ ինչ է այդ ամէնուն գոնէ ռիսկը, Արցախի նկատմամբ: Կամ ալ՝ խորքին մէջ, կարգ մը հայերուն պարզապէս հոգը չէ, այդ նիւթը: Արցախի կորուստը իսկ ընդունելի գին է, հասնելու համար ինչ-որ այլ նպատակներու:

    Արտաքին ուժերու կողմէ ուղղակի դաւադրութեան մը վարկածը նախընտրելի է այս շատ ցաւալի իրականութեան:

    https://www.facebook.com/AramManoukianJampar/

  4. Հ.Շ. says:

    «փողոց փակող այսօրվա պատանիներին Արցախի հարցն ավելի քիչ է հետաքրքրում, քան մեր սերնդին »

    Այո:

    Ուրեմն, ի՞նչ իմաստ ունեցաւ մեր սերունդի զոհողութիւնները, Արցախի համար: Այդ ամէնը մէկ յաւելեալ սերունդ իսկ չդիմացաւ, փաստօրէն:

    Իսկ այդ տեսակի պատանիներուն ծնողները, տարեց ազգականները, ուսուցիչները, ինչո՞ւ անոնց չբացատրեցին Արցախի կարեւորութիւնը…
    Այս վիճակով եւ ընթացքով, անհնար է որ Հայութեան պարտութեամբ չվերջանայ Արցախի հարցը:

    Ի դէպ, մեր սերունդին պատկանող անձեր ալ կան տեղի ունեցող իրարանցումին մէջ, որոնք բնաւ գիտակից չեն թէ իրենց խօսքերն ու վարքագիծը որքան վնասակար կրնան ըլլալ Արցախի համար: Լսել եմ որ նոյնիսկ անոնց մէջ Արցախի պատերազմին մասնակցողներ ալ կան…

  5. Ruben says:

    ««Մեր» իշխանավորները չեն կարող լինել դավաճան՝ չեն եղել ու չեն լինելու», քանի որ նրանց մոտ բացակայում է «ներքին հոգեբանական մղումը»…
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2011/04/06/340227/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930