«Անչափ հուզված եմ գրում Ձեզ այս նամակը, լիահույս եմ, որ չեք թողնի ձմռան շեմին 82-ամյա պապիկին եւ նրա 1 տարեկան 4 ամսական թոռանն իր իսկ ձեռքով կառուցած տնից փողոցում հայտնվելու»,-վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջերս գրել էր Համլետ Արզումանյանը:
Նա պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արմեն Արզումանյանի հորեղբայրն է: Իսկ Արմեն Արզումանյանը դեռ մայիսին էր դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դիմումի հետ կապված նրան հրավիրել էին ԱԱԾ, սակայն դիմումատուն դժգոհ է մնացել մինչ օրս, քանի որ ըստ նրա՝ «մարդիկ չէին կարդացել իր բողոքը, չէին պատկերացնում ինչպես վարվել», երբ խոսք էր գնացել երկհարկանի պապական տունը կեղծ փաստաթղթեր օգտագործելու եղանակով հափշտակելու, նշված դեպքերով քրեական վարույթները կարճելու մասին:
«ԱԱԾ տնօրենին հասցեագրված Ձեր դիմումները քննարկվել են, ինչի կապակցությամբ հայտնվում է, որ Ձեր կողմից բարձրացված խնդիրը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, ուստի դուրս է ԱԱԾ լիազորությունների շրջանակից»,- հետեւել էր ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի՝ Տ.Հարությունյանի հուլիսի 12-ի գրությունը:
Արմեն Արզումանյանը տարիներ շարունակ ապրել է Արաբկիր համայնքի 19 փողոցի 10 տանը, տուն, որը կառուցել են անցյալ դարի 60-ականներին նրա պապը, հայրը, հորեղբայրը: «Գինդ» շաբաթաթերթից տեղեկացել է, որ Հրանտ Կարապետյան անուն-ազգանունով մեկը կարող է վարկ տալ, հանդիպել են, պայմանավորվել տան եւ հողամասի գրավադրմամբ ամսական հինգ տոկոսով վերցնել 6000 դոլար:
Վարկը վերցնելը պայմանավորված էր մոր, հարազատների հուղարկավորման, դստեր՝ բուհում սովորելու համար գումարի անհրաժեշտության հետ:
Ըստ քրեական գործի նյութերի, ուր Արմենը ճանաչվել էր որպես տուժող, 2015 թվականի սեպտեմբերի 23-ին Հ. Կարապետյանը 60 տոկոսով տրամադրում է 2.689.620 դրամին համարժեք 6000 դոլար, ինչի կապակցությամբ կողմերի միջեւ կնքվում է անշարժ գույքի հիփոթեքային՝ գրավի պայմանագիր:
«Այնքան արագ էր այս ամենը, երբ ես ասացի, թե որոշ փաստաթղթեր գոնե վերցնեմ ձեւակերպման համար, Հրանտն ասաց՝ պետք չէ, հանդիպման օրը գնացինք նոտար Ն. Սարգսյանի մոտ, պայմանագիր կնքվեց: Պայմանագրում ոչինչ չի նշվել գումարը տոկոսով վերցնելու վերաբերյալ, միայն նշվեց, որ 4 000 000 դրամ գումարը փոխառությամբ է տրվել ինձ»,-ասում է «Առավոտի» զրուցակիցը՝ Ա. Արզումանյանը:
Վերջինս կարողանում է որոշ ժամանակ վճարել տոկոսները, իսկ երբ դժվարանում է, Հ. Կարապետյանը սպառնում է դիմել դատարան՝ նրան ու նրա ընտանիքը վտարելու պահանջով եւ կամ՝ առաջարկում է կնքել նոր պայմանագիր, իբր Արմենին լրացուցիչ 6.000.000 դրամ տալու մասին. «Խոստանում էր, որ այդ պայմանագիրը չի օգտագործի»:
Ավելորդ դատական աղմուկից խուսափելու պատճառով Արմենը կնքում է նոր պայմանագիր:
Եվ քանի որ տոկոսագումարը «խեղդում» է, Արմենը փորձում է տունը վաճառել, վերցրած գումարից Հրանտի «պարտքը» մարել, սակայն այդ ժամանակ Հրանտը դիմում է դատարան՝ պահանջելով տասը միլիոն դրամ:
Դատարանում հայրական տունը չկորցնելու համար կնքում է հաշտության պայմանագիր, պարտավորվում է մինչեւ 2008 թվականի փետրվարը տունը վաճառել եւ տալ Հրանտի պահանջած գումարը: Սակայն Հրանտի մոտ «հայտնվում» է ստացական, եւ նա 100 000 դոլարանոց տունը իրականում վերցրած 6000 դոլարի դիմաց կորցնում է:
Վաշխառության հատկանիշներով Հ. Կարապետյանի դեմ հարուցվել էր քրեական գործ, Արմենը ճանաչվել էր տուժող, եւ 2009թ. հունիսի 22-ին դատավճռով, համաներմամբ, ըստ էության, դադարեցվում է Հ. Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Ի դեպ, ըստ մեղադրական եզրակացության. «Առաջադրված մեղադրանքում Հ. Կարապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, պնդել է նախկին ցուցմունքը, թե վաշխառությամբ չի զբաղվել, Ա.Արզումանյանին առանց տոկոսի է տվել պայմանագրերում նշված տասը միլիոն դրամ գումարը: Մեղադրյալ Հ. Կարապետյանի պատճառաբանությունները անհիմն են ու մտացածին, հետապնդում են քրեական հետապնդումից խուսափելու կամ մեղմ պատիժ ստանալու նպատակ»:
ԱԱԾ-ն դիմումատուի գրվածն ըստ էության թողել է անհետեւանք: Մասնավորապես. «Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Արմեն Շահազիզյանի կանչով գնացել եմ դատախազություն: Հանդիպելով վերջինիս՝ նա ասաց, թե համոզել է Հրանտ Կարապետյանին, որպեսզի վերջինս չբողոքի դատարան, քսան միլիոն դրամ չպահանջի ինձնից, սակայն դրա համար ես պետք է Հրանտին տամ 8000 դոլար, ապա ավելացրեց՝ «մի 5000 էլ տուր դրան, համ դու պրծնես, համ մենք»: Մեծ դժվարությամբ ես ճարեցի նշյալ գումարը, համաձայնագիր կնքեցի ոստիկանության Արաբկիրի քննչականի քննիչ Հարությունյանի սենյակում, մեր երկուսի փաստաբանների ներկայությամբ (լուսանկարում պատկերված): Համաձայնագրում ես գրել էի, թե պարտավորվում եմ տալ Հրանտին 13 000 դոլարին համարժեք դրամ, իսկ նա կվերադարձնի իմ բնակարանը: 8000 դոլարը տվեցի բոլորի ներկայությամբ նույն պահին, իսկ 5000-ը պետք է տայի, երբ նա հաջորդ առավոտյան հրաժարվեր տնիցս: Ես կատարեցի իմ պարտավորությունը, իսկ նա՝ ոչ: Ամիսներ հետո տեղեկացա, որ տունս այդ ժամանակ վաճառվել է Արա Մուրադյանին, որի զոհերը հետագայում դարձան պապական տանս երկրորդ հարկում բնակվող հորեղբորս ընտանիքը»: Ի դեպ, դրա արդյունքում Ա. Արզումանյանը հետ է վերցնում վերաքննիչ բողոքը, կինը, դուստրը, հորեղբայրը վարչական դատարանում հրաժարվում են իրենց հայցադիմումներից, վարչական վարույթը կարճվում է:
Ն. Փաշինյանին ուղղված նամակում Արա Մուրադյանի անձի հետ կապված, նշվում է, որ նա «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնյաներից մեկի՝ Բելոյանի քրոջ որդին է:
Ուշադրության արժանի է այն, որ ինչպես Արմենի դեպքում, այնպես էլ հորեղբոր՝ Համլետ Արզումանյանի դեպքոււմ, նոտարները չեն ունեցել գրավոր համաձայնություն, կամ նրանց կողմից երրորդ անձանց կողմից տրված լիազորագիր, գործարք, այն է՝ անշարժ գույքի պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Գործի նյութերում առկա Համլետ Արզումանյանի՝ նախկին ԱԱԾ պետին ուղղված դիմումում սեւով սպիտակի վրա տարեց մարդը ահազանգել է. «Ինչ իրավական հիմքերով է կատարվել իմ տան գրավի պայմանագիրը: Եթե սեղմամատյաններում կա իմ անվան դիմաց ստորագրություն, ապա ում է պատկանում այդ ստորագրությունը, քանի որ ես որեւէ տեղ, որեւէ հարցի հետ կապված գրավոր ստորագրություն չեմ թողել»:
3 տարի առաջ ավարտված, Հայաստան էտապավորված, «ՄՈՒԶ» տաքսի ծառայության սեփականատեր Ա. Տեր-Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով Համլետ Արզումանյանն ու նրա ընտանիքը ճանաչվել էին տուժող: Վեց տարով էր դատապարտվել նշյալ անձը, եւ դատարանը իրեղեն ապացույցներից չէր վերադարձրել նրան միայն ծերունու դստեր եւ Արա Մուրադյանի միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագրի բնօրինակը: Նա մեղադրվել էր, որ չարաշահել է իր ծանոթ Քրիստինե Արզումանյանի վստահությունը, նրա բնակարանը ներկայացնելով իր մտերիմ Արա Մուրադյանին, որպես իր եւ Քրիստինեի սեփականություն, Մուրադյանից տոկոս վերցնելու պատրվակով, «Կենտրոն» նոտարական գրասենյակում գրավադրման պայմանագրի փոխարեն նշված բնակարանն առքուվաճառքի պայմանագրով վաճառել է Արա Մուրադյանին, հափշտակել Արզումանյանների 31 500 000 դրամ արժողության գույքը:
Ըստ էության, հորեղբոր տունը հինգ տոկոս վարկի դիմաց, որը կազմել էր 1500 դոլար, անցնում է նույն Արա Մուրադյանին, նա էլ վաճառում է իրավական աշխարհում հայտնի Չարխիֆալակյաններին:
«Առավոտին» հայտնի դարձավ, որ բողոքաբեր Ա. Արզումանյանը դիմել էր նաեւ Հատուկ քննչական ծառայությանը, հանցագործության մասին հաղորդումով, որտեղից ստացվել էր հետեւյալ պաշտոնական գրությունը. «Հայտնվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը նախաքննություն կատարող այլ մարմինների եւ նրանց կայացրած որոշումների օրինականության նկատմամբ հսկողություն օրինականացնելու լիազորություններ չունի, իսկ ՀՔԾ ենթակա գործերը եւ դրանք վարույթ ընդունելու կարգը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը ծառայության վարույթ ընդունելու համար մեկ այլ քննչական ստորաբաժանումից քրեական գործ պահանջելու իրավունք չունի»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. «Գինդ» շաբաթաթերթի գրության համաձայն, վարկ տրամադրելու վերաբերյալ հայտարարությունները տրվել են Հ. Կարապետյանի կողմից: Իսկ Կենտրոնական բանկի կողմից այդ ժամանակ սահմանված բանկային տարեկան տոկոսադրույքը եղել է 17 տոկոս, ոչ թե 60: Ահա թե ինչու պետք է վերանայվեն այս կարգի ծանր հետեւանքներ ունեցող գործերը:
«Առավոտ» ,
27.11.2018