Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատել Գյումրին՝ որպես քաղաքացի ու նախագահ

Նոյեմբեր 28,2018 12:30

Նախագահն առանձնահատուկ վերաբերմունք ունի Գյումրիի հանդեպ

«Գյումրին պետք է վերականգնվի, պետք է վերակենդանանա եւ գյումրեցու կյանքով ապրի, որովհետև այն յուրահատուկ ժառանգությունը, որ ունենք, չենք կարող կորցնել»,- օրերս Գյումրի այցելության ժամանակ նշել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրա ձեւակերպմամբ, Գյումրին առանձնահատուկ է իր պատմությամբ եւ ժառանգությամբ: Դրա համար էլ Արմեն Սարգսյանը միշտ սիրով է այցելում ինքնատիպ կոլորիտ ունեցող այդ քաղաքը: Վերջին այցելության ժամանակ նահագահն անգամ հրաժարվել էր պաշտոնական արարողակարգից:

Գյումրու նախկին հիվանդանոցներից մեկի շենքը հանձնվել է քաղաքի Երկրագիտական թանգարանին, սակայն որպես շենք այն հարմարեցված չէ մշակութային օջախ ծառայելու համար, իսկ ներսից ավերակի տպավորություն է թողնում: Նախագահը շրջել էր շենքում ու խոստացել լուծում գտնել, աջակցել Երկրագիտական թանգարանի կայացմանը եւ շենքային պայմանների բարելավմանը:
«Օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով»,-ասել էր նախագահը: Նաեւ հենց տեղում նա, որպես «Երեւան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ, հայտարարել էր, որ թանգարանի նախագծման ողջ աշխատանքների ծախսերը կստանձնի հիմնադրամը:

 

Գյումրու մասին՝ իտալացիների հետ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Օրերս Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահը ձեռք է բերել առաջին պայմանավորվածությունը Գյումրիի՝ որպես մշակութային քաղաքի վերաբերյալ:

Հանդիպելով Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի ղեկավարության հետ (Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան, որը հիմնվել է 1946 թվականին, ընդգրկում է շուրջ 20 հազար մասնավոր ընկերություն, որոնք մասնագիտացած են բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական շինությունների, ենթակառուցվածքների զարգացման, ռեստավրացիոն աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում), ում հետ վաղեմի անձնական բարեկամական հարաբերություններ ունի, Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան:

Իհարկե, Երկրագիտական թանգարանին հատկացված շենքը հին շինություն չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ թանգարանում յուրահատուկ ձեւով է ներկայացված լինելու հին ու նոր քաղաքի պատմությունը:

Կրկին նաև իր անձնական կապերն օգտագործելով՝ Արմեն Սարգսյանը Գյումրիի վրա ուշադրություն էր հրավիրել արդեն Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ հանդիպմանը: Նշելով, որ հարուստ մշակութային ժառանգություն ունեցող Գյումրիի պատմաճարտարապետական արժեքավոր շինություններից շատերն այսօր գտնվում են բավականին անմխիթար վիճակում՝ նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները:

 

Ձիթողցու թոռը՝ հայտնի թանգարանի ու հայրենասիրության մասին

Գյումրիի հանդեպ ընդգծված ջերմությունը բացատրվում է նրանով, որ ինչպես Արմեն Սարգսյանն է խոստովանում, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանը՝ հայտնի Ձիթողցոնց տունը, ինչ- որ իմաստով իր անկյունն է, որովհետև իր մեծ հայրը մի կողմից ձիթողցի է, բուն Ձիթողից, Էրզրումից:

Ոչ պաշտոնական այցերով հաճախ «հայրաքաղաք» Գյումրի այցելող նախագահը խոստովանել է, որ երբ 1996 թվականին որպես վարչապետ այցելել է Գյումրի, մտածել է, թե տնակներում ապրող գյումրեցիները դառնացած կդիմավորեն իրեն։ Բայց ընդունել են ջերմությամբ, տնակներ ուղեկցել ու հյուրասիրել: «Սա գյումրեցու մեծահոգության մասին է խոսում, որը ես երբեք մոռանալ չեմ կարող»,- անկեղծացել է Արմեն Սարգսյանը։ Նա մտադրություն ունի մասնակցել Գյումրու որևէ շենքի վերականգնմանը` ոչ թե որպես ՀՀ նախագահ, այլ պարզապես Արմեն Սարգսյան: Պատահական չէ, որ գործարար շրջանակների հետ հանդիպմանը նա կոչ է արել շաբաթ-կիրակի օրերին հանգիստն անցկացնել մասնավորապես Գյումրիում: «Հայրենասիրությունը միայն սահմանին հայրենիքը պաշտպանելը չէ: Հայրենասիրությունը նաև այն է, որ շաբաթ-կիրակի երեխաների հետ այցելենք Գյումրի»,-ասել է նախագահը:

 

«Երեւան, իմ սերը» դուրս է գալիս Երեւանի սահմաններից

«Երեւան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ նախագահն այցելելով Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենք, Ձիթողցոնց տուն-թանգարան եւ Գյումրու պատմամշակութային արժեք ներկայացնող մի քանի վայրեր, հայտարարել է, որ «Երեւան, իմ սեր» հիմնադրամը ստանձնում է Շիրակի երկրագիտական թանգարանի ճարտարապետական նախագծի իրականացման հետ կապված բոլոր ծախսերը:

«Այդ հայտարարությունից եւ «Երեւան, իմ սեր» հիմնադրամին տրված հանձնարարությունից հետո ակտիվորեն համագործակցել ենք Շիրակի երկրագիտական թանգարանի, կառավարության, մշակույթի նախարարության հետ, հանդիպել ենք անձամբ մշակույթի նախարարի հետ, որպեսզի հասկանանք՝ հնարավորինս կարճ ժամկետներում ծրագրի իրականացման քայլերը, անհրաժեշտ ֆինանսական միջոցները եւ մնացած հարցերը»,- հավելում է Արշակ Կարապետյանը: Նա փաստեց, որ թանգարաը գտնվում է շենքային վատ պայմաններում, ու եզակի ցուցանմուշները հնարավոր չէ ցուցադրել:

«Նախագծերը եւ էսքիզները շուտով կներկայացվեն հանրությանը»,-հավաստիացրեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է Ձիթողցոնց տուն-թանգարանին, Արշակ Կարապետյանի խոսքերով. «Երեւան, իմ սեր» հիմնադրամը ներկայումս դիտարկում է տարածքի՝ ավելի բարեկարգ օգտագործման, լուսավորության խնդիրների վերացման հարցը, եւ այդ նախագիծը նույնպես ավելի մանրամասն պատրաստ լինելուն պես, կներկայացվի հանրությանը»:

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրենը հավելեց, որ «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հռչակած նպատակները՝ պատմամշակութային ժառանգության պահպանման եւ դրանց գեղեցիկ նմուշները սոցիալապես օգտակար օգտագործման վերաբերյալ, համահունչ են Գյումրիի հետ:

«Գյումրին հայտնի է եւ իր պատմամշակութային արժեք ունեցող գեղեցիկ շենքերով եւ որպես արհեստների եւ արվեստների քաղաք: Այն բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ է տվել հատկապես վերջին հարյուրամյակում, հետեւաբար այդ նպատակների համահունչ լինելը մեզ այսօր թույլ է տալիս «Երեւան, իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերից մեկը անվանել «Գյումրի, իմ սեր»: Այսինքն՝ «Երեւան, իմ սերը» դուրս է գալիս Երեւանի սահմաններից եւ ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանի այլ քաղաքներում»,-ընդգծեց Արշակ Կարապետյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» , 

27.11.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930