Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայի ուսանող երգիչը «կոփվում» է մրցույթներում եւ հրավերներ ստանում

Նոյեմբեր 28,2018 12:00

Բավականին երկար ժամանակահատված Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով Երեւանում էր մեր հանդիսատեսին ծանոթ՝ գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանը, որը ոչ միայն հանդես եկավ մեկ-երկու ներկայացումներում, այլեւ դասեր էր անցկացնում երգիչների հետ: Մեկնելուց առաջ նա «Առավոտին» առանց մանրամասնելու հայտնեց, որ մաեստրոյի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 2019թ. գարնանը Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմադրական աշխատանքները սկսելու մասին: Հավելեց նաեւ, թե նախնական տվյալներով՝ դերացանկում ոչ միայն թատրոնի ճանաչված մեներգիչներն են, այլեւ տաղանդավոր երիտասարդներ, հատկապես նշեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող՝ բարիտոն Գագիկ Վարդանյանի անունը (Նարինե Թովմասյանի դասարան): Մեր զրուցակիցը մանրամասնեց նաեւ, որ այդ երիտասարդի մասին ինքը լսել է այս տարի, Բուդապեշտում անցկացված աշխարհահռչակ սոպրանո Էվա Մարտոնի անվան միջազգային մրցույթին ներկա մի ագենտից: Մկրտիչ Բաբաջանյանը հայտնեց նաեւ, թե երիտասարդ երգիչը մրցույթից հետո հրավեր է ստացել Բարսելոնայի Դի Լիսեու թատրոնից եւ առաջարկ՝ հունվարին մասնակցելու իսպանացի ճանաչված տենոր Ֆրանկո Վինիասիի անվան հեղինակավոր միջազգային մրցույթին:

Երգիչը Մարուլոյի կերպարում:Օպերասեր հանդիսատեսը Գագիկ Վարդանյանին կմտաբերի վերջերս Ազգային օպերային թատրոնում դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եւ ռեժիսոր ՝ Սուքիաս Թորոսյանի իրականացրած Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» ներկայացումից, որտեղ երիտասարդը հանդես եկավ Կոմիսարիոյի դերերգով: Այս օպերային երգչի անունը սկսվել է շրջանառվել դեռեւս 2014թ., Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթից, որտեղ նա ամենափոքր մասնակիցն էր. սովորում էր Բարսեղ Կանաչյանի անվան դպրոցում, ընդ որում՝ Գոհար Գասպարյանի սան Նարինե Թովմասյանի դասարանում: Այդ տարի նա արժանացել էր 3-րդ մրցանակի:

Մեզ հետ զրույցում Գագիկ Վարդանյանն ասաց, որ գասպարյանական մրցույթից հետո 2016թ. Էդուարդ Թոփչյանի ասիստենտ Վարդուհի Մինասյանն իրեն ներկայացրել է Թոփչյանին, ինչի արդյունքում ստացել է ոչ մեծ՝ Մարուլոյի դերերգը՝ Վերդիի «Ռիգոլետոյում»: Նույն թվականին էլ առաջին տեղն է գրավել Տաթեւիկ Սազանդարյանի անվան մրցույթում: Հետաքրքրվեցինք՝ 2017-ին Երեւանում անցկացված Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում 3-րդ մրցանակի արժանանալուց հետո ի՞նչ փոխվեց ուսանող-երաժշտի կյանքում: «Մրցույթի ժյուրին ղեկավարում էր Օրբելյանը: Մրցույթի ավարտից հետո առաջին մրցանակակիր, սոպրանո Ջուլիետա Ալեքսանյանը, երկրորդ տեղը զբաղեցրած ղազախ բարիտոն Ազամատ Ժիլտիրգուզովը եւ ես մասնակցեցինք Լիտվայում կայացած հայկական մշակույթի օրերի շրջանակում համերգին՝ հենց Օրբելյանի ղեկավարությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:


Նարինե Թովմասյանը, Գագիկ Վարդանյանը, Ռենե Ֆլեմինգն ու Կոնստանտին Օրբելյանը:

Դիտարկմանը՝ մրցույթները իր կյանքում, փաստորեն, շա՜տ մեծ դերակատարում ունեն, բարիտոնը պատասխանեց. «Նախ՝ կոփվում եմ, իսկ հետո էլ, օրինակ, Բուդապեշտում անցկացված մրցույթից հետո հրավեր ստացա մասնակցելու Ամստերդամի թատրոնի երիտասարդական ծրագրին, եւ հռչակավոր Քովեն Գարդենի արտիստիկ տնօրենը, որը ժյուրիի կազմում էր, ցանկություն հայտնեց մոտ ապագայում ինձ տեսնել իր թատրոնի երիտասարդական ծրագրում: Նշեմ, որ Երեւանում Օրբելյանի շնորհիվ աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը վարպետության դասեր անցկացրեց Ջուլիետա Ալեքսանյանի եւ ինձ հետ, Թոփչյանի շնորհիվ էլ դասեր վերցրեցի «Ռիգոլետոյին» հրավիրված իտալացի օպերային տենոր Ջանպիերո Ռուջերիից»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» , 

27.11.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այդ բոլորը շատ լավ է, բայց թույլ տվեք, որ հայ ազգային օպերան էլ զարգանա։ Այսօրվա հայ մարդուն հոգեհարազատ ներկայացումներ էլ ստեղծվեն և բեմադրվեն ․․․ Հարգանքով ՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930