ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանն այսօր ներկա էր նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազը բոլորի հետ հավասար մասնակցել է նիստին, դատախազությունից ամենաակտիվն ինքն էր:
«Մի դատախազին որպես մրցակից ունենալն ավելի հեշտ է, քան վեց դատախազի, որոնցից մեկը գլխավոր դատախազն է»:
Հարցին, թե ինչու է Քոչարյանը խուսափում լրագրողների հետ հանդիպումից, Հայկ Ալումյանը պատասխանեց., որ սովորաբար հայհոյախառն մեկնաբանություններ ու անեծքներ են լինում, «Ես դա վերցրել եմ ինձ վրա մեր թիմից»:
Հայկ Ալումյանը նաեւ ասաց, որ այսօր դատավորի ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնեին, բայց դատարանի կողմից սահմանված ժամկետում չհասցրին, այդ պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ վաղը:
Փաստաբանը չներկայացրեց միջնորդության հիմքերը, ասաց՝ վաղը կներկայացնի:
«Մի հիմք է, բայց այդ հիմքը պետք է մի քանի փաստով նշենք, ժամանակից շուտ չենք ուզում ասել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ