«Փաշինյանն ինքը պետք է կարողանա ուտել իր իսկ եփած ճաշը: Որովհետեւ այն ճաշը, որը ինքը փորձում է այս օրերին եփել, մնալու է նրա կոկորդին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի`նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այսօր, Շիրակի մարզում բանակի մասին արած հայտարարություններին, ասաց ՀՀԿ խմբակցության նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Մարգարիտ Եսայանը:
Մեր զրուցակիցն ասում է` բանակը նուրբ կառույց է եւ բանակի մասին խոսելիս պետք է համեմատությունների մեջ խոսել`ինչպիսի՞ն էր այն 20 տարի առաջ, ինչպիսի՞ է այժմ: Նկատում է, ՀՀԿ-ում էլ չեն կարծում, որ մեր բանակում ամեն ինչ իդեալական է եւ հարց է ուղղում. «Զինվորի ճաշի մեջ ի՞նչն է ավելացրել Նիկոլ Փաշինյանը`իր վարչապետության վեց ամիսների ընթացքում, բացի դատարկ խոսելուց եւ ամպագորգոռ ելույթներից»:
Մեր զրուցակիցն անթույլատրելի է համարում «բանակը վարկաբեկելը» եւ «հրամանատարներին եւ զինվորներին իրար դեմ հանելը»: Ասում է`դա կարող է անել միայն Նիկոլ Փաշինյան անձը, բայց դա իրավունք չունի անել փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի վարչապետը, գերագույն-գլխավոր հրամանատարը: «Քանի՞ հրամանատարի է բռնել, քանի՞ հրամանատարի է դատապարտել բանակում չարաշահումների համար»,- հարցնում է մեր զրուցակիցը`հավելելով, որ բանակում կոռուպցիոն երեւույթների բացահայտումները ՀՀԿ-ի իշխանության ժամանակ են եղել: Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, վնասում է պետական կարեւոր կառույցները:
Երեկ, «Իմ քայլի» անդամ Սասուն Միքայելյանի արած հայտարարությունը արցախյան պատերազմի հաղթանակը`ստորադասել առաջիկա ընտրություններում «Իմ քայլի» հաղթանակին, Մարգարիտ Եսայանի բնորոշմամբ «խայտառակ հայտարարություն է»: Ասում է`«սուր անկյունները կլորացնելու» փորձերն անհաջողության են մատնված. «Եթե մարդը պատրաստ չէ ելույթ ունենալ հանրության առաջ եւ ինքը չի գիտակցում իր խոսքի պատասխանատվությունն, ուրեմն թող ելույթ չունենա»:
«Քարոզարշավի հենց առաջին օրվանից ակնհայտ դարձավ, որ իշխող քաղաքական ուժն իր քարոզարշավը կառուցելու է ընդդեմ ՀՀԿ-ի: Մենք պատրաստ էինք սրան, որեւէ անակնկալ մեզ համար չկար»,- ասաց Մարգարիտ Եսայանն`արձագանքելով դիտարկմանը, որ քարոզարշավի երկրորդ օրն է, բայց ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնակատարը տոտալ քարոզարշավ է վարում, մասնավորաբար, ընդդեմ ՀՀԿ-ի. տպավորություն է, որ ՀՀԿ-ն դեռ իշխանություն է, իսկ վարչապետի գլխավորած ուժը`ընդդիմություն եւ հավակնում է իշխանության:
Մեր զրուցակիցը, սակայն, կարծում է, որ իշխող քաղաքական ուժն ընտրողների հետ ավելի արդարամիտ պետք է լինի`ներկայացնելով այն ծրագրերն ու տեսլականները, որոնք խոստանում է իրականացնել`խորհրդարանական մեծամասնությունը վերցնելուց հետո, քանզի անցած վեց ամիսներին զրոյական արդյունք են ցույց տվել`բոլոր ոլորտներում:
«Ես ուզում եմ հիշեցնել`պարոնայք, դուք արդեն իշխանություն եք: Զբաղվեք իշխանությանը վերաբերվող գործընթացներով»,- ասաց Մարգարիտ Եսայանը`հավելելով, որ իշխող ուժի լիդերը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով:
Նիկոլ Փաշինյանը խոստացել էր կրկին «ասֆալտին պառկեցնել», «պատերին տալ» այն ՀՀԿ-ականներին: Մարգարիտ Եսայանն արդեն հումորով է խոսում այդ մասին, Նիկոլ Փաշինյանին համարելով «Հանրապետության թիվ մեկ ասֆալտի կամ փռելու մասնագետ. ինքն ավելին չէ, փաստորեն»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
հետաքրքրիը այն է թէ Հայաստանի մէջ այդքան ալ շատ ասֆալտապատ ճամբաներ չկան… եղածներն ալ, շուտով կը փճանան, ձեխող խառն ու ծակ-ծակ, տխեղծ ու վտանգաւոր բանի մը կը վերածուին
քանի որ այս վարչապետը այդքան կը սիրէ մարդոց ասֆալտին փակցնել, թերեւս անճոռնի բանէ մը լաւ բան դուրս կու գայ, ան կը սկսի գոնէ ճամբաներու ասֆալտի խնդիրներով զբաղուիլ
շուտով շատ շուտով նրան կուղարկենք ասֆալտի գործով զբաղվելու