Այսօր Աբովյանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. «Ժողովուրդ ջան, հեշտ գործ չի, այդ ծանրության տակ մտնել: Այսօր տեսնելով պարոն Փաշինյանին, այնքան հեշտ չի վիճակը քեզ ասեմ: Մարդը կատարել ա,արել ա,հալալ ա իրան ու մինչեւ վերջ էլ ուզում ա անի: Եվ դրա համար բոլորը պետք է աջակից լինեն, մարդու մատից փուշ հանեն,ոչ թե մարդու համար պրոբլեմներ սարքեն,ինձ ճիշտ հասկացեք: Մի բան գտնելով, ասելով, ամոթ է չի կարելի: Եթե այսօր երկրի ղեկավարն է պետք է արտոնություններ ու առավելություններ էլ լինեն, մեր երկրի պատվի խնդիրն ա: Մենք պետք է մտածենք մի ընտանիքի նման, որ ով կարող է անել, նա պետք է անի: Չիմացող, չպատկերացնող մարդը ղեկավարելն ինչ է, կարող է խոսի,շատ լավ խոսի, բայց դա ծանր գործ է: Ամենակարեւորը դու պետք է իմանաս, որ հարյուր հազարավոր ընտանիքներ քեզ են սպասում, քո խղճի առաջ է, գիշերը ոնց պետք է քնես, այդ մարդիկ հավատալով սպասում են քեզ հույսով, հավատով, որ վաղը լավ է լինելու»:
Գագիկ Ծառուկյանի խոսքով, երբ մարդիկ այդ փոփոխությունները զգան, նրանց աչքերում փայլ կլինի:
Ծառուկյանը աբովյանցիներին հորդորեց հարգել, սիրել ու ուշադրություն դարձնել հատկապես տատիկ-պապիկներին. «Կարող է մեծը չհասկանա քո պատկերացումը, բայց դու էլ ծնող կդառնաս: Հլը ծնողը ոչինչ,մեծ ուշադրություն պետք է դարձնել տատիկ-պապիկներին: Նրանք ինչքան մեծանում են, մանկանում են եւ թեթեւ մի բանից նեղվում են: Մի քաղցր խոսքից ուրախանում են, նրանց կյանքը 5-10 տարով երկարում է»:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր ունեցվածքը հազար ձեւի ստուգել են եւ, որ ինքը ունեցվածքի ու պաշտոնի համար չէ ձայներ ուզում: Ասաց նաեւ,որ կառույցները քանդված վերցրել է եւ «ամենավերջն ստանդարտներին» համապատասխան շահագործման հանձնել.«Այսօր բոլոր ոլորտները մեկ առ մեկ գիտեմ: Առողջապահությունից, կրթությունից,գյուղատնտեսությունից, թոշակառուից, ծառայողներից, հաշմանդամություն ունեցող մարդկանցից տեղյակ եմ եւ պետք է ուշադրություն դարձնել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ