Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը վերահսկել կրիմինալին»․ Վալերիյ Օսիպյանը՝ ոստիկանությանը քննադատող Դավիթ Շահնազարյանին

Նոյեմբեր 27,2018 19:55

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում ԱԺ պատգամավորի թեկնածուների ու շտաբների պետերի հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ՀՀԿ վարկանիշային թեկնածու Դավիթ Շահնազարյանի այն քննադատությանը, թե ՀՀ ոստիկանությունը երբեք այսքան թույլ և ՀՀ իշխանությունների կողմից նվաստացած չի եղել։

«Ես հասկացել եմ, որ պարոն Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն անմիջապես ուղղորդված չէ ոստիկանությանը, թեպետ կարող եմ հակադարձել, որ պարոն Դավիթ Շահնազարյանը երևի լավ չի տիրապետում այն ամենին, ինչ կատարվում և ներկայումս կա ոստիկանությունում։ Իշխանությունը չի թուլացրել և չի նվաստացրել իր ոստիկանությանը։

Հարգելի քաղաքացի, ուղղակի ձեզ վստահեցնում եմ՝ երբևիցե չեմ տեսել հին տարիների ընթացքում այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ես տեսնում եմ վարչապետի կողմից ոստիկանության հանդեպ։ Դա հոգատար ղեկավարի վերաբերմունք է իրավապահ կառույցի նկատմամբ, այն հարցերը, որոնք ես բարձրաձայնում եմ իր մոտ առանձնազրույցների ժամանակ, զգում եմ, տեսնում եմ, որ ինքն էլ ավելի սրտացավ է, ինչու չէ, քան ես։ Վստահեցնում եմ բոլորիդ, հարգելի քաղաքացիներ, այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը երբևիցե ուժեղ չի եղել, երբևիցե բանիմաց չի եղել, երբևիցե պատրաստակամ չի եղել։

Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նվաստացած լինելը, թույլ լինելը, խնդրում եմ բացատրեք, ես հասկանամ։ Ես և իմ գործընկերները չենք հասկանում՝ ինչ է դա նշանակում։ Տեսեք մի փոքր շեղվեմ, կարծում եմ բոլորիդ հետաքրքիր կլինի, մայիսի 10-ին՝ յոթ ամիս առաջ ես նշանակվեցի պետական բարձր պաշտոնի։ Մեր անկախության 100-ամյակի հետ կապված բոլոր միջոցառումները ոստիկանությունն իրականացրել է ամենաբարձր մակարդակի, մենք ունեցանք Ֆրանկոֆոն 17-րդ գագաթաժողով, որը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում։ Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանը կազմակերպել բոլոր միջոցառումները և որևէ դեպք չարձանագրվեր Հայաստանի Հանրապետությունում։

Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը կազմակերպեր Երևանի ավագանու ընտրությունները և երկուշաբթի օրը՝ ընտրություններից հետո այնպիսի տպավորություն էր, ոնց որ սովորական կիրակի լիներ, անգամ մի դեպք, պատմության մեջ չի եղել նման բան։Դա ինչ է բնութագրում՝ թո՞ւյլ, թե՞ ուժեղ ոստիկանություն։ Արդյո՞ք կարող էր թույլ ոստիկանությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ բարձր մակարդակի չկազմակերպեր այդ ամենը, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ներկայիս ստեղծված իրավիճակում կարող էր թույլ ոստիկանությունը վերահսկել կրիմինալին։ Երբևիցե կրիմինալը չի եղել վերահսկողության տակ, ոնց որ հիմա է գտնվում, վստահեցնում եմ ձեզ։

Ուղղակի հարցեր կան, պատասխաններ կան, լինելով օպերատիվ գործունեությունից՝ թույլ չեմ տալիս ուղղակի այստեղ բացել այդ փակագծերը, բայց մենք գիտենք դա որտեղից է գալիս, մարդիկ ուղղակի ուզում եմ էժանագին հեղինակություն ստեղծել, փորձեն ցեխ շպրտել ոստիկանության վրա, փորձեն թիրախավորել ոստիկանությունը։

Ու այդ մարդկանց նկատմամբ ունենք օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները և տիրապետում ենք, թե նա իրենց ով է ներկայացնում։ Վստահեցնում եմ ձեզ՝ երբևիցե այսպիսի պատրաստակամ ոստիկանը չի եղել, ոնց որ այսօր և ոստիկանությունում մայիսի 10-ից մինչև առ այսօր չկան կոռուպցիոն դրսևորումներ, չկա կաշառակերություն, պաշտոնի է նշանակվում շարքայինից մինչև գնդապետ, միայն ու միայն բարեխիղճ ծառայության ընթացքում։

Ես չեմ բացառում որպես ոստիկանապետ իմ նշանակումներում ունենալ սխալ նշանակումներ, աշխատող մարդն է սխալվում, բայց ես կաշխատեմ ուղղել իմ սխալները։ Վստահեցնում եմ ձեզ, ձեր ոստիկանությունը երբևիցե ուժեղ չի եղել, ոնց որ այսօր, իսկ ուժեղ լինելը ինչո՞վ է պայմանավորված, մահակով ծեծելո՞վ։ Աստված մի արասցե․ դրա անհրաժեշտությունը լինի, մահակ էլ կկիրառվի, ջրցան էլ կկիրառվի, բայց դա կկիրառվի հանցագործների նկատմամբ, դա կկիրառվի խումբ-խմբավորումների նկատմամբ, որոնք կփորձեն ոտնձգություն կատարել Սահմանադրական կարգի նկատմամբ»,- ասաց ոստիկանապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930