Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ավելացման հարցը ոչ միայն երազանք, այլև օրհասական խնդիր է ամբողջ հայության համար, որի ուղղությամբ պետք է լուրջ ռազմավարություն մշակել և օր առաջ հանձնել գործադրման: Դա պահանջում է լուրջ վերաբերմունք և հստակ քաղաքականության որդեգրում ՀՀ իշխանությունների և Սփյուռքի համապատասխան կառույցների կողմից: Ցավոք մինչ այժմ այդ ուղղությամբ քաղաքականություն չի մշակվել: Հայաստանի բնակչության աճի հիմնական աղբյուրը կարող է հանդիսանալ սփյուռքահայ մարդկային ռեսուրսը, հատկապես կիրթ ու պատրաստված երիտասարդները, ովքեր առանց մեծ ակնկալիքների կարող են իրենց մասնագիտական ծառայությունը մատուցել Հայաստանի տնտեսական, գիտական, արդյունաբերական և մշակութային բարգավաճմանը:
Մինչ այժմ Հայաստանի հերթական կառավարությունները կամ անտեսել են այդ կարևոր ռեսուրսի օգտագործումը կամ լուրջ քաղաքականություն չեն մշակել այդ ուղղությամբ: Մյուս կողմից չպետք է անտեսել, որ Հայաստանի կրթական համակարգի և կառավարության համար ևս խիստ շահավետ ու ձեռնտու կարող է լինել սփյուռքահայ երիտասարդ մասնագետների հնարավորություններն ու ծառայությունը ներգրավել Հայաստանի գիտա-տեխնիկական և արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Դա նույնիսկ կարող է լինել հեռակա խորհրդատվական կամ գիտությունների ու ծառայությունների փոխանակման ձևով:
Հարկ է նշել, Մերձավոր Արևելքում տիրող բազում ճգնաժամային իրավիճակում, ինչպես Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Եգիպտոսի և նույնիսկ Իրանի հայ երիտասարդները ովքեր հաճախ ունեն համալսարանական բարձր կրթություն և մասնագիտություն կարող են տեղափոխվել Հայաստան և իրենց ծառայությունը մատուցել երկրի բարգավաճմանը, պայմանով որ այդ քաղաքականության իրագործման ուղղությամբ հստակ մեխանիզմներ և հնարավորություններ ստեղծվեն երկրի ներսում և դրսում: Սփյուռքահայության երիտասարդության համար միշտ էլ ազգային ինքնության, լեզվի, մշակույթի և հայկական ինքնության պահպանման հարցը եղել է խիստ մտահոգության առարկա, որի համար մեծ ջանքեր են գործադրվում հատկապես Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներում: Սփյուռքահայ գաղթօջախների երիտասարդության հոգևոր այս կարիքը կարող է բավարարել հայրենի օջախ ՀՀ-ը, իսկ փոխարենը էներգիայով լեցուն հայ երիտասարդները կարող են պետական ապահով միջավայրում և ՀՀ օրենքների շրջագծում իրենց մասնագիտական ծառայությունը մատուցել երկրի պահանջված տարբեր ոլորտներում:
Այս ծրագրի իրականացման համար պետք չէ գնալ շատ հեռուները կամ նոր ծրագրավորում մշակել, քանի որ կա դրա օրինակը հենց Մերձավոր Արևելքի նորաստեղծ և ներկայումս ամենահզոր երկիրը հանդիսացող Իսրայելը, որը 1948 թվականին իր ստեղծման առաջին իսկ օրվանից մշակեց հայրենադարձության հստակ ծրագիր և մեխանիզմ, որի արդյունքում անապատի մի կտոր խոպան ու համարյա անմարդաբնակ տարածքը վերածեց, արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացած մի երկրի:
Այդ տեսակետից կարող եմ ասել, որ Հայաստանը անհամեմատելի լավ պայմաններում է գտնվում, քանի որ Հայաստանում եղել ու կա բավականին հարուստ մարդկային, արդյունաբերական և ջրային ու այլ ռեսուրսներ: Իսկ Իսրայելը ուղղակի ստեղծվել է չոր ու ցամաք անապատի վրա: Տարբերությունը միայն մարդկայնին ռեսուրսների օգտագործման և Իսրայելի հիմնադիր իշխանությունների ու բնակչության կամքի ու վարած քաղաքականությունում է կայանում:
Չեմ կարծում, որ մեր ժողովրդի և ղեկավարության մոտ բացակայում է այդ կամքը միայն աշխատանք է պետք, որը պահանջում է հայրենադարձության նոր հայեցակարգի ձևակերպում և Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապերի վերանայում և նոր քաղաքականության վերամշակում:
Այս գաղափարի իրագործման համար հարկավոր է սփյուռքահայ գործարարներին համոզել, Հայաստանի տնտեսական և արդյունաբերական վստահելի և օրինական դաշտում ներդրում կատարել և երկրի ու սփյուռքի երիտասարդության կարողությունները օգտագործել շահավետ բիզնեսի ստեղծման համար: Սփյուռք-Հայաստան փոխվստահության մթնոլորտի ստեղծման պայմաններում հնարավոր է զարկ տալ երկրի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: Այդ ուղղությամբ թե սփյուռքահայության ղեկավարներն ու գործարարները և երիտասարդները պետք է վստահանան օրենքի շրջանակում իրենց կապիտալի անվտանգության երաշխիքներով և թե Հայաստանում նոր իշխանությունների ձևավորմամբ հասարակական դաշտում լայն քարոզչության և աշխատանք ծավալել սփյուռքահայության մարդկային ռեսուրսների արդյունավետ նեգրավման և փոխգործակցության հավասար մթնոլորտի ստեղծման վրա:
Հուսով ենք, որ Թավշյա հեղափոխությունից հետո «Նոր Հայաստան»-ի երիտասարդ իշխանությունները և արթուն սերունդը առավել քան երբևէ կարևորություն կդարձնեն այս հարցին և համապատասխան քայլեր կձեռնարկեն Հայաստան-Սփյուռք կապերի և հատկապես երիտասարդության մարդկային մասնագիտական ռեսուրսների օգտագործման անհրաժեշտությանը: Սփոռուքահայ երիտասարդ սերունդը ևս պետք է ազատվելով նախկին կաղապարված և որոշ քաղաքական ու հասարակական շրջանակներից արգելակող գաղափարներից փորձեն վիրտուալ միջավայրում իրենց կապերը ամրացնել Հայաստանի երիտասարդ փորձագիտական և իշխանության ավելի երիտասարդ շրջանակների հետ, ապագա Հայաստանի քաղաքացիական հասարակության,Արևմտյան ժողովրդավարության, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, տեխնիկական, IT տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման ուղղությամբ բոլոր ջանքերը համատեղել համահայկական մասշտաբով։
Սահակ Շահմուրադյան
Լրագրող, Թեհրան, Իրան