Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված՝ քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի հաստիքակազմն ընդլայնելու մասին որոշման նախագծի քննարկումը բավականին երկար տեւեց՝ կանոնակարգը խախտելով ելույթների ու հարցերի պատճառով: Այնքան երկար, որ ավագանու անդամներից մեկն առաջարկեց՝ դե եկեք, վերջապես, քվեարկենք:
Այս նախագիծը ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը. «Նախագծի հիմնավորումը պայմանավորված է Երեւան քաղաքի քաղաքապետարանի համակարգում գործող 530 առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների, 30-ից ավել տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը, որը 3 տարին 1 անգամ պարտադիր պետք է ներքին աուդիտի ենթարկվի»: Ըստ փոխքաղաքապետի, ներկայումս գործող հաստիքակազմը ֆիզիկապես չի բավարարում նոր ներդրված ռիսկերի կառավարման պահանջներին, ուստի անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել կազմը, ներկայումս 3 աշխատակից կա այդ բաժնում, որոնք ամեն տարի 180 կազմակերպություն են ստուգում: Նախագծով առաջարկվում է 10 աշխատակցի հաստիքացուցակ կազմել, միջին աշխատավարձը՝ 230 հազար դրամ, ներառյալ՝ բաժնի պետինը:
Ավագանու անդամներն ու փոխքաղաքապետն ընդունեցին, որ այդ չափի աշխատավարձը որակյալ աուդիտի համար բավարար չէ: Սարգսյանն ասաց, որ այս պահին հաստիքացուցակի աշխատավարձի ֆոնդը բավարարում է այդ չափի աշխատավարձի համար: Սարգսյանը խոստովանեց՝ նախկինում արված աուդիտը բավարար չէր, որպեսզի կարողանային անհրաժեշտ խորությամբ եւ անհրաժեշտ տվյալներն ունենալ տվյալ կազմակերպության ֆինանսատնտեսական իրավիճակի մասին:
Նախատեսված պլանով առաջիկայում աուդիտի են ենթարկվելու մշակույթի, հանրակրթության ոլորտի կազմակերպություններ, մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ:
Նոր ընդլայնված հաստիքակազմի ամսական աշխատավարձի ֆոնդն, ըստ փոխքաղաքապետի, կազմելու է 2 միլիոն 335 հազար դրամ:
«Լույս» դաշինքի խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքապետարանի հաստիքակազմը 2008- ից կրճատվելո՞ւ է, թե՝ ավելանալու, հաշվի առնելով, որ այս նախագծով տվյալ բաժնում կազմի ընդլայնում կա: Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ հաստիքացուցակն օպտիմալացվում է, սա կրճատում չէ.«Կառուցվածքային ստորաբաժանումներում հավաքագրում եւ գույքագրվում են գործառույթները, որպեսզի գույքագրվող գործառույթները դառնան մարդ-ժամեր, մարդ-ժամերը վերածվեն հաստիքների՝ իրենց բնութագրերով եւ դրանք կազմեն ստորաբաժանման հաստիքակազմը: Արդյունքում կօպտիմալացվեն հաստիքացուցակները, որոնք բեռ բյուջեի վրա: Կան հաստիքներ, որոնց օգտակարության գործակիցը ոչ միայն ցածր է, նաեւ իրենց գործառույթով խանգարում են միմյանց: Գործընթացը սկսված է, դեկտեմբերի վերջին կունենաք նոր օպտիմալացված հաստիքակազմ ու կներկայացնենք ավագանու քննարկմանը»:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց՝ «Ես սեպարատ ձեւով արդեն սկսել եմ գործընթացը: Եթե նախորդ քաղաքապետի մոտ 9 խորհրդական էր, ինձ մոտ՝ 4 եւ 5 օգնականի փոխարեն ինձ մոտ 1 օգնական է»:
«Լույս» դաշինքից Անի Խաչատրյանը ավագանու մյուս անդամներին, իսկ հատկապես «Իմ քայլը» դաշինքի անդամներին խորհուրդ տվեց բացել եւ նայել նախկինում «Ելք» դաշինքի, իսկ այսօրվա կառավարության անդամների հայտարարություններն եւ կարծիքները հաստիքակազմի մասին: Խաժակյանն էլ հիշեցրեց՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ հայտարարվում էր, որ քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է եւ պետք է կրճատել. «Հիմա տեղերն ու դերերն են որոշակի փոխվել. Կրճատում չի, օպտիմալացում է: Ի՞նչ փոփոխություն է կատարվելու, չեմ հասկանում: Եթե ձեր պնդումը այն է, որ այդ 2008-ը կարող է դառնալ 2500, եկեք այդպես էլ ասենք, որ միտում կա ավելացման: Եթե կա կրճատում է, ուրեմն իրար ճիշտ ենք հասկացել: Օպտիմալացում այլ բան չենք կարող հասկանալ, քան կրճատում: Համայնքային հաստիքացուցակներն էլ ուռճացված են»:
Մարությանն ասաց. «Քաղաքապետարանն ունի որոշակի բյուջե, մեր անելիքն է այդ բյուջեով անել առավելագույնն՝ հօգուտ մեր համայնքի: Թե հիմա դա ոնց կլինի… ներսի խմորումները մեր բնակիչներին ընդհանրապես չի հետաքրքրում: Իրենց վերջնական արդյունքն է հետաքրքրում, եւ մենք պետք է ցույց տանք»: Ու Խաժակյանի հարցին ի պատասխան Մարությանն ասաց, որ փոխքաղաքապետն այդ հարցին պատասխանել է:
ԲՀԿ-ից Արման Աբովյանը հորդորեց՝ եկեք վերջապես քվեարկենք: Բայց ոչ, չքվեարկեցին, Անի Խաչատրյանը կրկին ելույթ ունեցավ՝ կարմիր գծերի մասին ՝ արդյոք ընդհանուր հաստիքակազմի կրճատման արդյունքում կարմիր գծերը կվերանան, քանի որ ժողովուրդը վճարում է ու չգիտես ուր են գնում փողերը»: Խաչատրյանին Մարությանն արձագանքեց՝ «Շնորհակալություն թեման փոխելու համար: Չգիտեմ՝ ինչ ասեմ»: Բայց ասաց, որ այդ հարցը քննարկվում է:
Ավագանու անդամներից մեկն էլ «սառը ցնցուղի» պես խոսակցությունը հետ բերեց դեպի ներքին աուդիտի բաժնի ընդլայնված հաստիքակազմի մասին նախագծին եւ առաջարկեց՝ սահմանել գլխավոր մասնագետների համար 400-500 հազար դրամ աշխատավարձ, որպեսզի հնարավոր լինի ներգրավել բանիմաց մասնագետներին:
«Տեսա՞ք, երկարացրեցինք՝ թանկացավ հարցը: Ինչքան շուտ կանգնեք՝ էդքան լավ կլինի»: Ու չերկարացրեցին, որոշման նախագիծն ընդունվեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ