«Մեր մոտեցումն այն է, որ Արցախը բանակցային գործընթաց պետք է վերադառնա, առանց Արցախի ժողովրդի կամքը հաշվի առնելու համընդհանուր լուծում, որ բավարարի բոլոր կողմերին, հնարավոր չէ»,- «Մեդիակենտրոնում», այսօր, ներկայացնելով իրենց կուսակցության մոտեցումներն արտաքին քաղաքականության ոլորտում, հայտարարեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Սոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ վերջին 6 ամիսներին ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի ճշգրտումներ են եղել. դա դիվանագետներին հետ կանչելն է:
Դառնալով մյուս երկրների հետ հարաբերություններին՝ Սոս Ավետիսյանը նշեց. «Թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ մեր հարաբերությունների ձևավորումը կապակցված չի լինելու աշխարհաքաղաքական զարգացումներով. նրանք կարևորոգույն դարպասներն են ՀՀ-ի համար: Թուրքիայի պարագայում դրված է հարցը բաց ու հստակ, որ առանց նախապայմանների Հայաստանը պատրաստ է քննարկել հայ-թուրքական սահմանի հարցերը: Ադրբեջանի հետ հարաբերությունների պարագայում մոտեցումն այն է, որ բանակցային գործընթաց պետք է վերադառնա Արցախը»:
ՄԵՆՔ կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը փաստեց՝ իրենց կուսակցությունը՝ Ազատ դեմոկրատները, հիմնադրվել է արևմտյան արժեհամակարգի վրա: Նա, արտաքին քաղաքականության ոլորտում իրենց մոտեցումների առումով որոշ հստակեցումներ մտցրեց. «Մենք գտնում ենք, որ կոպտագույն սխալ էր ԵԱՏՄ մուտք գործելը, և քանի գնա, այդ ամենն այնքան վատանալու է: Ես ներկայացնում եմ Ազատ դեմոկրտաներ կուսակցութունը, և նախորդ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություն մտցրինք՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի վերաբերյալ: Այն ժամանակվա ուժերով դա հնարավոր չէր իրականացնել, քանի որ երկու-երեք հոգի էին այդ գաղափարը կիսում»:
Դառնալով հարևանների հետ հարաբերություններին՝ Արմեն Առաքելյանն ասաց. «Մեր հարևանների հետ հարաբերություններում մոտեցումն այն է, որ մենք բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերություններ պիտի ունենանք: Ես կարծում եմ՝ մեր պարագայում գործուն կլինի շվեյցարական մոդելը. միայն տնտեսական շահերի միջոցով կարելի է հասնել ինտեգրացիայի»:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանի կարծիքով՝ արտաքին հարաբերությունների վարման հնարավորություն ունենալու համար երկիրը պետք է լինել ինքնիշխան սուբյեկտ: Դառնալով Արցախի խնդրի կարգավորմանը՝ Վահագն Ավագյանն ասաց. «Գոյություն չունի Արցախի խնդիր, գոյություն ունի Ադրբեջանի ցանկություն ՀՀ-ի անկումով ընդհանուր սահման ստեղծել Թուրքիայի հետ, որ կարողանան իրենց սուվերենությունը պահպանել ռուսական գաղութացման դեմ»: Ըստ նրա՝ որքան էլ անհնարին է թվում, բայց իրենք կարծում են, որ ՀՀ-ն պետք է ստեղծի ռազմավարական գործընկերության հարաբերություններ ԱՄՆ-ի և Իրանի հետ:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը փաստեց՝ իրենք հստակ ընդգծված սոցիալ-դեմոկրատական կուսակցություն են և կարծում են՝ պետության սոցիալական դերակատարությունը կառավարման դեպքում գերակա է: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Միքայել Նահապետյանն ասաց. «Մեր կուսակցությունը գտնում է, որ միջազգային հարաբերություններում և դրանում մեր ներգրավվածությունը հիմնված պիտի լինի նրա վրա, որ հստակ հասկանանք ցանկացած համագործակցության մեջ մեր իրավունքներն ու պատասխանատվությունները: Եվ երկրորդը՝ յուրաքանչյուր հարաբերություն պիտի բխի ՀՀ պետական շահից: Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ ՀՀ-ն և նրա բոլոր կառավարությունները պարտավորություն ունեն լինելու երաշխավորը Արցախի ժողովրդի ինքնորոշման, կյանքի իրավունքի, ազատ և երջանիկ ապրելու իրավունքի: Այդ գործընթացում մենք սա ենք տեսնում մեր դերը: Արցախի հարցի լուծման համար բանակցային սեղանի շուրջ բոլոր սուբյեկտները՝ ներառյալ Արցախը, պետք է գտնեն լուծում, որ այդ սուբյեկտների համար ձեռնտու է: Այդ լուծումը նաև ժողովուրդների արդարացի լուծում և երջանիկ լուծում պիտի լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ