Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ եւ նրա կառույցների ներուժը

Նոյեմբեր 27,2018 18:40

Նոյեմբերի 27-ին Երեւանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սեւակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Արա Բաբոլյանը: Ելույթը տես այստեղ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը, որում ասվում է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ կազմակերպության հռչակած նպատակներին: «Իր արտաքին քաղաքականությունում մեր երկիրը վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Այս տեսանկյունից Հայաստանը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ եւ նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու եւ կազմակերպության կանոնակարգային նպատակների արդյունավետ իրականացումն առաջ մղելու ուղղությամբ»,-նշված է ուղերձում:

Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի խոսքով՝ քառորդ դար բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում կուտակել է տարբեր ոլորտներում փոխգործակցության արդյունավետ փորձ: Բանախոսի համոզմամբ՝ կազմակերպությունը պետք է լինի ժամանակակից, բարեփոխված, տարածաշրջանային գլոբալ մարտահրավերների համատեքստում՝ առավել ճկուն:

Նիստում Արա Բաբլոյանը ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով է պարգեւատրել մի շարք պատվիրակությունների ղեկավարների:

Վեհաժողովում Ալբանիայի նախագահության ժամանակ կայացված որոշման հիման վրա ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով պարգեւատրվել է նաեւ ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: Նոր պատվիրակների մանդատների, 2018թ.-ի հունիսի 20-21-ը Տիրանայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 51-րդ լիագումար նիստի արձանագրության եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության հաստատումից հետո քննարկվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը, որը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Գոնչարենկոն: Նա անդրադարձել է վերջին կիսամյակում տեղի ունեցած աշխատանքային խմբերի նիստերին եւ իրականացված աշխատանքներին:

Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկի գործունեությունը ներկայացրել  է բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, խոսել առաջիկա ծրագրերից:

Նիստում ՍԾՏՀ ֆինանսական հարցերով փոխնախագահ է ընտրվել կառույցում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզտուրկը, ՍԾՏՀ  ԽՎ վարչական եւ ֆինանսական հարցերով գլխավոր քարտուղար՝ ռումինացի Դանիել Դուլկան, ՍԾՏՀ ԽՎ միջխորհրդարանական հարցերի ու արարողակարգի հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ֆուատ Քուշուկայդին:

Խորհրդարանական վեհաժողովների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի եւ մարտահրավերների շուրջ:

Նիստի օրակարգում է եղել «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում» հարցը, որի վերաբերյալ ելույթում ՀՀ  ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից  շրջափակմանը՝ շեշտելով, որ դա հակասում է կառույցի սկզբունքներին, որոնք կոչված են նպաստելու տնտեսական զարգացմանը: Գագիկ Մինասյանը նշել է, որ շրջափակումը  վերացնում է համագործակցության որեւէ հնարավորություն: Ըստ նրա՝  տնտեսական փոխգործակցությունն ուղղված է ոչ միայն ժողովուրդների բարեկեցությանը,  այլեւ, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս,  դա քաղաքական «կնճռոտ» հարցերի լուծման արդյունավետ ճանապարհ է:

Ըստ բանախոսի՝ կառույցն ունի խիստ ընդգծված տնտեսական ուղղվածություն, որով եւ տարբերվում է մյուս խորհրդարանական վեհաժողովներից:  Գագիկ Մինասյանն անթույլատրելի է համարել կառույցին քաղաքական ուղղվածություն տալու փորձերը՝ ընդգծելով, որ նման պարագայում տարածաշրջանում առկա խնդիրները կարող են անհնար դարձնել նպատակների իրականացումը: Նա նշել է, որ տեւական ժամանակ որոշ երկրներ նպատակ են հետապնդել Վեհաժողովին տալ քաղաքական ուղղվածություն, իսկ Հայաստանն ու այլ երկրներ փորձում են կանխել այդ գործընթացը:

Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել նաեւ այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ: Նրանք նախեւառաջ շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ համաժողովը հյուրընկալելու  եւ ջերմ ընդունելության համար: Նշվել է, որ տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը հարմար հարթակ է անդամ երկրների միջազգային եւ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտ հնարավորություններ ստեղծելու համար:  Կարեւորվել է նաեւ կառույցի կառուցողական դերը խորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում` որպես տնտեսական համագործակցության ընդլայնման արդյունավետ միջոց, Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդման գործոն:

Նիստում  քննարկվել եւ ընդունվել է կառույցի 2019 թվականի  ֆինանսական տարվա բյուջեն,  հաստատվել  ֆինանսա-աուդիտորական հանձնաժողովի հաշվետվությունը:

Տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական  ոլորտներին վերաբերող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել ՍԾՏՀ անդամ երկրներում փոքր ձեռնարկությունների զարգացման եւ պաշտպանության խնդիրներին: Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանցել են այս ոլորտներում իրենց երկրներում տիրող իրավիճակը, առաջարկել անդամ երկրներում ոլորտի լայնամասշտաբ ուսումնասիրություն իրականացնել: Նրանք կարեւորել են փորձի փոխանակումը, ինչը նոր խթան կհաղորդի հետագա փոխգործակցությանը:  Պատվիրակների խոսքով՝ ՓՄՁ-ների զարգացումն իր հերթին լուրջ նպաստ կբերի տնտեսության առողջացմանը:

Իրավական եւ քաղաքական հարցերի շրջանակում քննարկվել է տնտեսական համագործակցության ամրապնդման գործում տարածաշրջանում արհմիությունների դերին վերաբերող թեման: Աշխատանքային հարաբերություններում արհմիությունների ունեցած դերակատարությանն են անդրադարձել Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան եւ Հայաստանը ներկայացնող պատվիրակները:

ՍԾՏՀ տարածաշրջանում զբոսաշրջության  զարգացման հեռանկարներից են խոսել Ռումինիայի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները՝ ընդգծելով ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:

Նիստի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930