Լրահոս
Օրվա լրահոսը

Վե՛րջ չարաբաստիկ գազելներին ու ձայն բերող կրիմինալին. Վալերիյ Օսիպյանի նախազգուշացումը շիրակցի թեկնածուներին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2018 18:15

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպեց Շիրակի մարզի ԱԺ պատգամավորի թեկնածուների և նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ՝ խնդրանք-նախազգուշացում ներկայացնելով:  Նա շեշտեց, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է,  հետևաբար և հանդիպման ընթացքում քաղաքականության հետ կապված որևէ բառ թույլ չի տալու արտաբերել: Ոստիկանապետը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնակատար պարոն Փաշինյանը ոստիկանության առջև խնդիրներ է դրել. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին ոստիկանությունը պետք է ապահովի բոլորի հավասարությունն օրենքի առաջ:

«Ոստիկանությունը, վստահեցնում եմ, անելու է ամեն ինչ, որպեսզի որևէ մի քաղաքացի թե՛ ռեյտինգային ցուցակով առաջադրված, թե՛ կուսակցությունները, թե՛ դաշինքները տարբերություն չզգան այդ ամենում, ոստիկանությունը ձեռք է մեկնում ձեզ, հարգելի Շիրակի մարզի թեկնածուներ և շտաբի պետեր, ձեր աջակցությունն ենք մենք ակնկալում: Ոստիկանությունը պատրաստակամ է ունենալ Ազգային ժողովի բարձր մակարդակի, մաքուր, թափանցիկ ընտրություններ»,-ասաց ոստիկանապետը:

Վալերիյ Օսիպյանը նաև հայտարարեց, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները հերթական ընտրություններ չեն, դրանով  կերտելու ենք Հայաստանի Հանրապետության ապագան: Ըստ նրա, բացառիկ հնարավորություն է ստեղծվել ունենալու լավ ընտրություններ, լավ երկիր:

Նա նաև նշեց, որ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում տիրապետում է օպերատիվ իրավիճակին, իրենց տեսադաշտում են նրանք, որոնք կարող են զբաղվել ընտրակաշառքների բաժանմամբ, ընտրակեղծարարություներով, ստվեր գցել ընտրությունների վրա, սակայն, ըստ պարոն Օսիպյանի, միայն իրենց իմանալը քիչ է, անհրաժեշտ է, որ թեկնածուներն էլ համագործակցեն իրենց հետ, եթե նման դեպքեր արձանագրվեն:

Ոստիկանապետի վստահեցմամբ, կպատժվեն բոլորը, անկախ նրանից, թե ով է ընտրակեղծարարը, իրենք հանդուրժող չեն լինելու, և ոստիկանության մոտեցումը շատ խիստ է լինելու թե՛  կաշառք տվողի, թե՛  կաշառք վերցնողի հանդեպ:

«Կաշառքը պայմանավորված չէ միայն թղթադրամով, կաշառքի տարբեր ձևեր կան, անգամ ընտրախոստումը համարում ենք կաշառք, գյուղմթերքով, բնամթերքով, շինանյութով, ուսման վարձ վճարելով և այլն, և այլն: Նմանատիպ ցանկացած տեսակի ընտրակաշառքի դրսևորման նկատմամբ ոստիկանության մոտեցումը լինելու է շատ խիստ և չենք հանդուրժելու որևէ նման դրսևորում: Անթույլատրելի եմ համարում որևէ հանցավոր տարրի, այսպես ասած, կրմինալի ազդեցությունը ընտրություններիր վրա»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Նա նշեց, որ այս հանդիպումից հետո հանդիպում է ունենալու իր գործընկերների հետ ու ներկայացնելու է իր պահանջները թե՛  կրիմինալի մասով, և թե՛  այն անօրինական երևույթների, որոնց ընտրություների ժամանակ միշտ առնչվել է ՀՀ քաղաքացին:

«Ընտրության օրը որևէ մեկը իրավունք չունի ուղղորդել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նա գնա՞ ընտրության, թե՞ չգնա: Որևէ մեկը իրավունք չունի ուղղորդի որևէ մեկին ընտրի, կամ չընտրի: Խնդրում եմ փոխանցեք բոլորին, որպեսզի պահպանեն Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պահանջները, որոնցից բխում է ընտրատեղամասից ապահովել 50 մետր շառավիղով հեռավորություն, կուտակումներ չլինեն, մեքենաներ չլինեն: Անգամ պիտի խնդրեմ, որպեսզի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից սկսած, նաև անդամները մեքենաներ չկայանեն այդ հատվածներում, 50 մետրը պարտադիր կանոն է հենց իրենց համար: Անգամ մեր ոստիկանության ծառայողների համար, որևէ մեկ ոստիկանության ծառայող, որն ընդգրկված է այդ տեղամասում, մեքենա չկայացնի մուտքի դիմաց և առհասարակ պահպանի այդ նորմը, որը պարտադիր է բոլորի համար: Որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացիներին որևէ տրանսպորտային միջոցներով՝ տաքսիներով ու այդ չարաբաստիկ գազելներով, բոլորս գիտենք գազելներով ուղղորդում, տանում-բերում են այսպես ասած, որևէ մեկը իրավունք չունի տանել-բերելու: Դա կդիտվի որպես օժանդակել, ուղղորդել և կենթարկվեն պատասխանատվության: Տրանսպորտով ընտրատեղամասեր կարող են միայն ու միայն մոտենալ հաշմանդամները, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն տեղաշարժվելու, սայլակներով կամ որևէ մեկի օգնությամբ են շարժվում»:

Վալերի Օսիպյանը վստահեցրեց՝ եթե անգամ անօրինակություն թույլ տա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, որն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու է, առաջինը նա կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

«Եթե մտածում են, որ ոստիկանությունը կաշկանդված է, ո՛չ, այսօր որևէ մեկը ոստիկանությունում կամ շարքային գնդապետ, որն ունի որոշակի կաշկանդվածություն, նա մեր շարքերում տեղ չունի: Ինչի՞ց պիտի կաշկանդվի գնդապետ Օսիպյանը, չեմ կաշկանդվել, չեմ կաշկանդվում, չեմ էլ պատրաստվում կաշկանդված լինել, ոչ էլ որևէ մեկից կախված եմ: Այս ամիսների ընթացքում չար ուժեր փորձում են տարբեր ձևի ցեխ շպրտել թե՛ ինձ վրա, թե՛ ինձ վստահված ողջ համակարգի վրա: Ձեզ ի՞նչ է թվում, եթե որևէ լուրջ բան ունենար մեզ՝ ծառայողներիս, բացի էդ մանր, շատ կներեք էժանագին հեղինակություն ձեռք բերելուց… ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր պաշտպանված է, վստահեցնում եմ ձեզ, և ոստիկանությունը ուժեղ է, ձեր ոստիկանությունը, հարգելի գյումրեցիներ, Շիրակի մարզի հարգելի քաղաքացիներ: Ոստիկանությունը ձերն է, այսօր մենք ծառայում ենք օրենքին, ծառայում ենք ձեզ: Մենք բոլորի ոստիկանությունն ենք, մենք չենք ասում սրա, նրա, մեկը, մյուսի ոստիկանությունն ենք,  մենք պաշտպանն ենք բոլորի, պարտավոր ենք ապահովել բոլորի անվտանգությունը»:

Ոստիկանապետն անդրադարձավ նաև Դավիթ Շահնազարյանի այն խոսքերին, որ ՀՀ ոստիկանությունը չի եղել երբևէ այսքան թույլ ու նվաստացած իշխանության կողմից: Այս մասին քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930