Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այդ հարցում իր կուսակցության դիրքորոշման մասին:
Հարցազրույցը թարգմանաբար առանց խմբագրության ներկայացնում ենք ստորև.
— Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ ՀՀԿ-ից մի շարք պատգամավորներ անցան վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանը կողմը:
— Սա հետխորհրդային տարածքում և Արևելյան Եվրոպայում առաջին դեպքերից է, երբ իշխանական կուսակցությունը, հատկապես այսպիսի համատեքստում, իշխանությունը փոխանցելով այլ քաղաքական ուժի, չկորցրեց իր խմբակցությունը խորհրդարանում և մինչև վերջ ի վիճակի էր որոշումներ ընդունել և դրանք արդյունավետ իրականացնել: Այսինքն, խորհրդարանում չի եղել որևէ որոշում, որն անցներ առանց ՀՀԿ որոշման: Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ կսատարենք Փաշինյանի թեկնածությունը, քանի որ, եթե մենք նրան չաջակցեինք մայիսին երկրորդ փուլում, ստիպված կլինեինք միանգամից լուծարել խորհրդարանը: Սա շատ անարդյունավետ կլիներ, քանի որ այդ համատեքստում կազմակերպված ընտրությունները կլինեին ավելի վատը, քան դեկտեմբերին կայանալիք ընտրությունները:
Հետո մենք աջակցեցինք կառավարության ծրագրին: Մենք ապահովեցինք բավարար քանակությամբ ձայներ կառավարության օրենսդրական նախաձեռնությունների ընդունման համար անգամ այն դեպքերում, երբ լուրջ պատճառներ կային անհանգստության և քննադատության համար: Մենք քվեարկեցինք բյուջեի համար, որպեսզի նոր տարում երկիրն առանց բյուջե չմնա: Համաներման առաջարկ ներկայացվեց, որը մենք պաշտպանեցինք՝ չնայած այնտեղ մի շարք հարցերի շուրջ կային լուրջ կասկածներ: Սակայն որոշում ընդունվեց Ընտրական օրենսգրքին կողմ չքվեարկել, քանի որ փոփոխությունների ձևը և բովանդակությունը բացարձակ ընդունելի չէին, և, չնայած կառավարության բոլոր ջանքերին, ընդ որում կրկնակի, այդ որոշումը չընդունվեց: Կուսակցությունը մինչև վերջին պահը պահպանեց որոշումներ ընդունելու և դրանք իրականացնելու կարողությունը, ինչը տվյալ իրավիճակում առանձնահատուկ է: Այդտեղ դրսևորվեց ՀՀԿ ուժը, յուրաքանչյուր առանձին պատգամավորի ուժը: Մեր կուսակցության անդամները, որոնց վրա սարսափելի ճնշում էր կիրառվում, որը հասնում էր անձնական վիրավորանքների, նրանց և նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների, որը մինչև այժմ բնորոշ չէր Հայաստանի քաղաքական կյանքին, ցուցաբերեցին տոկունություն և կամքի ուժ, ինչը, իհարկե, արժանի է շատ մեծ հարգանքի:
Ինչ վերաբերվում է Փաշինյանի կողմն անցած անձանց, դա մեծ խնդիր է հենց Փաշինյանի համար, քանի որ մարդիկ, որոնք մեր մոտից գնացին նրա մոտ, նրա մոտից ավելի արագ կգնան:
— Հայաստանում իշխանափոխությունից հետո հաճախակի են դարձել ԱՄՆ ներկայացուցիչների այցերը: Հենց վերջին օրերին ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ Երևանում են եղել ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետքարտուղարության պատվիրակությունը, որոնք երկրի իշխանությունների հետ քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները: Արդյո՞ք այստեղ որոշակի ուղղության փոփոխություն տեսնում եք, և ինչպե՞ս պետք է երկիրը վարվի այսպիսի նուրբ հարցերում:
– Ես չեմ կարծում, որ կա այցերի հատուկ հաճախակիացում: Կան պարբերական փոխանակություն (մտքերի-խմբ.) ինչպես փորձագետների, այնպես էլ կառավարությունների մակարդակով: Կարծում եմ, որ դա շատ բնական է, և այդ ամենի մեջ ոչ մի բացասական բան փնտրել պետք չէ: Սակայն օրակարգի և շրջադարձի առումով… Վերջերս առիթ եմ ունեցել հայտարարություններ անել այն մասին, որ կան անհանգստացնող ազդակներ:
Քանի որ արտաքին քաղաքականությամբ պետության ղեկավարի, տվյալ դեպքում կառավարության ղեկավարի մակարդակով պետք է զբաղվել շատ հիմնովին, և հետագայում փորձագետներին, մասնագետներին չմեղադրել, որ ժամանակին չեն հուշել և ցույց չեն տվել:
Պետք է ինքնուրույն զբաղվել այդ հարցերով, հետևողականորեն զբաղվել: Հայտարարել կարելի է ինչ ուզես, պետք է արդյունքների հասնել, այդ արդյունքները պետք է լինեն չափելի, և գնահատականներ պետք է տալ այդ տեսանկյունից: Իսկ գնահատել դեռ վաղ է, անհանգստացնող ազդակներ կան, սակայն ես մեծ հույս ունեմ, որ այս իրավիճակը կարելի է ինչ-որ ձև ուղղել:
— Հայաստանում իշխանափոխությունից անցել է ընդամենը կես տարի, սակայն կուսակցությունը որոշում է ընդունել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչ շարժառիթներով է ՀՀԿ-ն առաջնորդվում՝ այդպիսի որոշում ընդունելով: Արդյո՞ք Ձեր մասնակցության մեջ որոշակի ռիսկեր կամ, ընդհակառակը, որոշակի առավելություններ:
— Ընտրությունները միշտ ռիսկ և առավելություն են, միշտ փորձ է` որքան հնարավոր է շատ ընտրողների աջակցությունը ստանալ անկախ նրանից՝ անցել է կես տարի, մեկ տարի, թե մի քանի ամիս: Ընտրություններին չմասնակցող կուսակցությունը, իմ կարծիքով, դադարում է այդպիսին լինել: Նա դառնում է հասարակական կազմակերպություն, շահերի ակումբ, ուստի խորհրդարանում մեծամասնություն ունեցած կուսակցությունը պարզապես իրավունք չուներ ընտրություններին չգնալ: Նա պարտավոր էր ընտրողներին առաջարկել քվեարկել իր օգտին և ներկայացնել համապատասխան ծրագիր, որը կհամապատասխանի հասարակության մեջ առկա պահանջներին:
Հենց դա էլ արել է ՀՀԿ-ն: Ես դա միակ ճիշտ որոշումն եմ համարում, և կարծում եմ, որ սկզբունքորեն կարևոր է, որ իշխանական կուսակցությունը իշխանափոխությունից հետո անհայտություն չգնա, այլ շարունակի աշխատել որպես քաղաքական միավոր՝ օգտագործելով փորձը, կարողությունները, թիմը: Հակառակ դեպքում, ինչպես հաճախ լինում է հետխորհրդային երկրներում, պարտվելով ընտրություններում կամ զանգվածային բողոքների արդյունքում փոխանցելով իշխանությունը, իշխանական կուսակցությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ, և տեղի է ունենում ամբողջական քաղաքական դեֆոլտ: Զրոյից ձևավորվում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև ապագա ընդդիմությունը և մնացած բոլոր ուժերը, այդ թվում հենց այդ պատճառով գնում է ոչ թե կենաց, այլ մահու պայքար: Քանի որ քաղաքական ուժերի համար ակնհայտ է դառնում, որ փոխդասավորության, ուժերի հարաբերակցության յուրաքանչյուր փոփոխություն նման է մահվան, քանի որ դրանից հետո նոր քաղաքական դաշտը ձևավորվում է զրոյից:
— Ներկայում ՀՀԿ-ի համար նորաձև է «ռեբրենդինգ» բառը: Ինչպիսի՞ն պետք է, ըստ Ձեզ, լինի ՀՀԿ-ի ռեբրենդինգը: Կարո՞ղ է արդյոք կուսակցությունն իր շուրջը համախմբել պահպանողական գաղափարախոսությամբ այլ քաղաքական ուժերի և հենց այդ սեգմենտում տեղ զբաղեցնել:
— Այդ տեղն առանց այդ էլ մերն է, քանի որ դա, ըստ էության, ՀՀԿ-ի գաղափարախոսությունն է՝ սկզբունքային դիրքորոշում ունենալ ազգային նույնականացման, ազգային արժեքների պահպանման, արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության, ղարաբաղյան խնդրի հարցերում: Մենք իսկապես հավատում ենք, որ մոտ գաղափարախոսություններով կուսակցությունները ժամանակի ընթացքում կարող են միանալ ՀՀԿ-ին: Հիմա մենք ընտրություններին գնում ենք որպես առանձին կուսակցություն, սակայն մեր ընտրական ցուցակի կազմում կան այլ կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Կարծում եմ, որ սա այդպիսի կարևոր առաջին քայլն է Հայաստանում կուսակցությունների հնարավոր խոշորացման մասին երկխոսության ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ռեբրենդինգին, ապա դա նորաձև տերմին է, սակայն խոսքը ոչ թե օրակարգի, անվան, դեկորացիայի փոփոխության մասին պետք է լինի, այլ կուսակցության արդիականացման մասին: Կուսակցությունը միշտ պետք է աշխատի, որպեսզի պատասխանի իր ժամանակի մարտահրավերներին, օգտագործի իր գաղափարների տարածման, նոր անդամների ներգրավման ժամանակակից մեթոդներ, և այդ առումով, կարծում եմ, մենք շատ բան ունենք անելու: Երկար ժամանակ ունենալով իշխանություն՝ մենք բաց ենք թողել կուսակցաշինության շատ հարցեր: Դա ցանկացած իշխանական կուսակցությանը հատուկ հիվանդություն է, քանի որ դու ունես բոլոր ռեսուրսները քո տեսակետը հասցնելու, նյութերը վերլուծելու, որոշումներ ընդունելու համար, և ստացվում է, որ կուսակցության ներսում կառուցվածքը չի զարգանում:
— ՀՀԿ ներկայացուցիչները, հատկապես խորհրդարանի պատգամավորները, այն քչերից են, որ համարձակություն են ունենում «հետհեղփոխական» մթնոլորտի ֆոնին քննադատել, երբեմն շատ կոշտ, ներկա իշխանություններին: Նոր կառավարության ո՞ր սխալներն եք Դուք համարում հատկապես վտանգավոր, որոնք կարելի է ուղղել, և արդյո՞ք որոշ ուղղություններով տեսնում եք նախկին իշխանությունների քաղաքականության շարունակություն:
— Ես տեսնում եմ ՀՀԿ քաղաքականությունը շարունակելու փորձ: Հայտարարվել է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի, 2019թ. բյուջեն հաստատվել է համաձայն ժամանակին մեր կուսակալության կողմից պատրաստված միջին հրատապության բյուջետային ծրագրի եռամյա պլանավորման: Բնակչությանն անհանգստացնող հիմնական հարցերում, երևում է, հայտարարվել է նմանատիպ քաղաքականություն: Ինչ վերաբերում է կատարման որակին, դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք տեսնում ենք ոչ միայն անփորձ թիմ, մենք տեսնում ենք այնպիսի մարդկանց թիմ, որոնք պատրաստված չեն պետական որոշումներ կայացնելու գործում, և նրանցից յուրաքանչյուրը գլխավորում է պետական կառավարման ոլորտում հսկայական սեգմենտ: Կառավարության ղեկավարի նկատմամբ կա չափազանց բարձր վստահության մակարդակ: Վարչապետի անձնական վարկանիշը, իսկապես, չափազանց բարձր է, և մարդիկ նրա հետ մեծ հույսեր են կապում: Շատ կցանկանայի, որ նրա մոտ ամեն ինչ ստացվեր, քանի որ, ի վերջո, նրա կողմից հայտարարված իդեալներն ազնիվ են՝ երկրի բարօրություն, երիտասարդության համար նոր հնարավորություններ: Բայց, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում, այնքան էլ չի համապատասխանում հայտարարվածին, և այս օրերին հնչող բազմաթիվ հայտարարություններ լուրջ տագնապի տեղիք են տալիս: Օրինակ, 150 հազար ծառայող կրճատելու ծրագրերը. դա հսկայական թիվ է, դա գործնականում երկրի յուրաքանչյուր չորրորդ աշխատող մարդն է: Կառավարությունում նախարարությունների կեսը կրճատելը հապճեպ որոշում է:
— Նոր կառավարությունն իր գլխավոր ձեռքբերումը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը: Դուք այստեղ հաջողություններ տեսնու՞մ եք, արդյո՞ք աղմկոտ կոռուպցիոն գործերի շարքում կան քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր:
— Այդ առումով շատ կարևոր է հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակի ընկալումը: Նոր կառավարությանը հաջողվել է շատ կարևոր արդյունքի հասնել. հասարակությանը հույս տալ, որ կոռուպցիայի դեմ կոշտ պայքար կտարվի: Բայց ինձ շատ անհանգստացնում է այն հայտարարությունը, որ երկրում այլևս կոռուպցիա և օլիգարխներ չկան: Ես կարծում եմ, որ այդպես չի լինում, շատ լավ կլիներ, իհարկե, բայց այդպես չի լինում: Քանի որ այն երկրներում, որտեղ կոռուպցիայի դեմ շատ ավելի կոշտ պայքար է տարվում, և կոռուպցիոներներին գնդակահարում են հրապարակներում, այնուամենայնիվ, կոռուպցիայի հետ կապված խնդիրները մնում են: Ես կցանկանայի հավատալ, որ դա պարզապես էնտուզիազմ է, բայց իրական արդյունքներ ես դեռ չեմ տեսնում:
Կոռուպցիայի դեմ պայքար՝ նշանակում է ստեղծել օրենսդրական դաշտ, որը սկսել է ձևավորվել ՀՀԿ-ի կառավարման տարիներին: Այդ ժամանակ ընդունվեցին մի շարք կարևորագույն օրենքներ, այդ թվում անօրինական հարստացումը քրեականացնելու մասին, պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների գույքի հայտարարագրման ձևը փոխելու մասին, որն ազդում է 10 հազար մարդու վրա: Սա շատ լուրջ թիվ է երեք միլիոնանոց Հայաստանի համար: Բայց կան հարցեր՝ կապված իմպլեմենտացման, որոշում կայացնող մարդկանց աշխատավարձերի մակարդակը բարձրացնելու հետ: Կոռուպցիան հաճախ շփոթում են կաշառակերության հետ, բայց կոռուպցիան ավելի շուտ որոշում կայացնելիս ազդեցության օջախների օգտագործման համակարգային մեխանիզմ է: Հետևաբար, որոշում կայացնող մարդիկ, որոնցից կախված են դատավճիռները, պետական արտոնությունները, տուգանքները, պետք է համապատասխան աշխատավարձ ստանան: Պարզապես գնդակահարելով՝ ոչինչ չես փոխի: Կարելի է բղավել այդ մասին, կարելի է ցուցադրաբար այրել մարդկանց, կարելի է բանտ նստեցնել մարդկանց, անգամ չապահովելով իրավունքները հարգելու տարրական նորմեր, բայց դրանից ինչ օգուտ կլինի՝ այժմ դժվար է ասել: Առայժմ շեշտադրվում է ընտրողական արդարադատությունը և քաղաքական մրցակիցների դեմ պայքարը:
— Ի՞նչ ծրագրով կուսակցությունը կգնա ընտրություններին: Որո՞նք են Ձեր հիմնական առաջնահերթությունները սոցիալ-տնտեսական, գիտության և կրթության ոլորտներում:
— Ծրագիրն օրերս կամփոփվի: Մենք կուսակցության խորհրդի նիստում ընդունել ենք մանիֆեստ՝ հայտարարություն, որում ընդգծվում է մեր մոտեցումների հիմնական շրջանակը: Կան մի շարք հարցեր, որոնք մեզ համար սկզբունքային են, որոնք կմնան մեր քաղաքական օրակարգի առաջնահերթություն: Դա ղարաբաղյան կարգավորման հարցն է, որը պետք է ապահովի անվտանգություն և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, դրա լիարժեք իրականացում: Դա մեր երկրի պաշտպանունակությունն է, հարցեր, որոնք կապված են բանակի, անվտանգության հետ: ՀՀԿ-ն ավանդաբար տասնամյակներով առանցքային դերակատարություն է ունեցել բանակաշինության գործում: Իհարկե, մենք չենք կարող անտարբեր լինել այդ հարցում:
Ինչ վերաբերում է գիտությանը, կրթությանը և բժշկությանը, այսինքն «մարդկային չափումներին», ապա մենք վերջին տարիներին շատ բան ենք արել այդ ուղղություններով: Հնարավորություններ են ստեղծվել աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստանալու համար, համագործակցության ծրագրեր են բացվել ռուսական կողմի հետ Ռուսաստանի առաջատար բուհերում հայ մասնագետների քվոտավորված ուսուցման համար, աշխատանքներ են տարվել ամբողջ երկրում բժշկական կենտրոնների կառուցման և լիարժեք վերակառուցման համար: Մենք կարծում ենք, որ այդ ամենը պետք է շարունակել, և կհետևենք՝ ինչպես դա կընթանա, դա կպահենք մեր առաջնահերթություններում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ