«Իմ համոզմամբ, Դավիթ Շահնազարյանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 10 տարի վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն: Ինչո՞ւ: Մի անգամ ասել եմ, երբ պատգամավոր էի՝ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 99թ.-ին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը, ընդունված կարծիքի համաձայն, տարածաշրջանում ամենամարտունակն էր»,-Ստեփանավանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի՝ բանակի առնչությամբ այսօրվա հայտարարություններին, ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրությունները:
Նա շարունակեց. «Հիմա ասեք՝ Քոչարյանի, առավել եւս՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որեւէ մեկը լսե՞լ է, որ ՀՀ իշխանության որեւէ ներկայացուցիչ ասի, թե ՀՀ ԶՈՒ-ն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Չեն ասել, որովհետեւ Սերժ Սարգսյանը 2016թ.-ին ասաց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով: Սա դավաճանության արդյունք է: Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչու, հարց եմ տալիս՝ իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի եղբայրը լինի միլիոնատեր, իսկ բանակը կռվի 80-ականների զենքերով: Ինչո՞ւ պետք է Քոչարյանի ընտանիքը միլիոններ ունենա, իսկ բանակը կռվի 80-ականների զենքերով»:
Փաշինյանը շարունակեց հարցադրումը. «Ինչո՞ւ պետք է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը միլիոնատեր լինի, իսկ բանակը կռվի 80-ականների զենքերով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ