Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պայքարը ոչ թե հաղթանակի, այլ մնացածի՝ խորհրդարանում հայտնվելու համար է». Վարուժան Հոկտանյան

Նոյեմբեր 27,2018 17:32

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ այս քարոզարշավի ընթացքում, ցավոք, գաղափարական բանավեճ, գաղափարների բախում երկրի առաջ ծառացած խնդիրների լուծումների տարբերակների շուրջ չենք կարող սպասել:

«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը Լևոն Բարսեղյանն այս երևույթն այսպես պատճառաբանեց. «Պատճառն այն է, որ ժամանակն է կարճ, և դա բխում է անցման շրջանում եղած առանձնահատկություններից, հեղափոխական ընթացքի մեջ լինելու հանգամանքից»:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ ընտրողների չնչին շերտն է, որ դեռ կողմնորոշված չէ: Ըստ նրա՝ հիմնականում մարդիկ կողմնորոշվել են, թե ինչպես պիտի քվեարկել:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ կանխորոշված է՝ ով է հաղթողը լինելու. «Հարցումներն են ցույց տալիս, տարբեր վայրերում խոսակցություններից հստակ երևում է հաղթողը: Ես էլ համաձայն եմ, որ այդպիսի լուրջ գաղափարական պայքար, առավել ևս հեղափոխությունից հետո, ինչը սովորական երևույթ է, որպես կանոն էյֆորիայի ալիքը թույլ չի տա, որ լինի: Առանց այն էլ ՀՀ-ում չկար գաղափարական պայքար՝ փողի, վարչական ռեսուրսի պայքարն էր նախորդ իշխանության օրոք»:

Դառնալով այս ընտրությունների առանձնահատկություններին՝ Վարուժան Հոկտանյանն ասաց. «Պայքարը ոչ թե հաղթանակի, այլ մնացածի՝ խորհրդարանում հայտնվելու համար է»:

Դառնալով քաղաքական ուժերի ծրագրերին՝ Վարուժան Հոկտանյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային հակակոռուպցիոն փաթեթ չի տեսնում. «Օրինակ՝ թողնելը, որ մարդիկ հանգիստ ներմուծեն ապրանք, դա դեռ չի նշանակում, որ վերացնում են մոնոպոլիան»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տխուր երևույթ համարեց գաղափարական պայքարի բացակայությունը: Այս առիթով նա ասաց. «Ավելի շատ հենց ռեյտինգային թեկնածուների պայքար է, ոչ թե կուսակցությունների, դաշինքների: Անգամ այս խնդիրը կա, թեև շատ կուսակցություններ կարող էին: Ընտրողների որոշակի զանգված կողմնորոշված է, և դժվար թե քարոզարշավի ընթացքում տեսակետ փոխվի: Բայց ընտրողների մի զգալի հատված, համաձայն հարցումների, կողմնորոշված չէ: ՀՀ ընտրողների մեկ երրորդը հետաքրքրված չէ քաղաքականությամբ, բայց գալիս ու ընտրութուններին քվեարկում են: Իրենց մոտ ոնց կլինի որոշման կայացումը, դա է ըստ էության հարցը: Ի վերջո, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա թաղի լավ տղերքի մրցապայքար չէ, այլ քաղաքական ընտրություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930